
Երեկ Կապանում կայացել է 24-րդ «Արտավզդ» թատերական մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր Կապանի թատրոնի ստեղծման 90-ամյա հոբելյանին։ Մինչև բուն մրցանակաբաշխությունը, Կապանում կազմակերպվել է կամերային ներկայացումների առաջին փառատոն։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ այն ամենամյա կդառնա։ Այս տարի «Արտավազդ» մրցանակ տրվել է 19 անվանակարգում։
Կարմիր գորգի արարողություն, հարցազրույցներ, լուսանկարահանում, շնորհավորանքներ․Կապանի մշակույթի կենտրոնում 24-րդ «Արտավազդ» մրցանկաբաշխություն է։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասում է, որ արդեն մի քանի տարի է՝ փորձում է «Արտավազդը» կազմակերպել նաև Երևանից դուրս, սակայն արձագանքող չի եղել։ Ճիշտ է, 2006թ-ին էլ է Կապանում «Արտավազդ» մրցանակաբաշխություն կազմակերպվել, սակայն այդ ժամանակ ձևաչափն ուրիշ է եղել։
«Ըստ էության, «Արտավազդը» առաջին անգամ Երևանից դուրս է գալիս։ Երևի մի 10 տարի, մենք անընդհատ կռիվ էինք տալիս տարբեր մարզերի հետ, որպեսզի մրցանակաբաշխությունը կայանա այդ մարզերում։ Խոստումներ լինում էին, բայց արդյունք չէր լինում։ Եվ վերջապես, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումը տվեց իր արդյունքը։ Խորին շնորհակալություն ԶՊՄԿ-ին, առանց որի աջակցության չէր լինի։ Այս փոքր հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա իրազեկվելու ոչ թե էկրաններից, սոցցանցերից, այլ կենդանի շփման միջոցով»։

Այս տարվա «Արտավազդը» նվիրված էր Կապանի Ալ․Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի ստեղծման 90-ամյակին։ Մինչև բուն մրցանակաբաշխությունը, մեկ շաբաթ Կապանում կամերային ներկայացումների փառատոն էր ընթանում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շնորհակալագրեր են տրվում փառատոնի մասնակից թատրոններին, ինչպես նաև Կապանի թատրոնի դերասաններին։ Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով՝ թատրոնի հանդեպ սերը Կապանում փոխանցվել է սերնդեսերունդ, և այստեղ միահյուսվում են ավագ սերնդի փորձը, ավանդույթները, տաղանդը և երիտասարդական նորարարությունը։
«Շնորհավորանքներս թատրոնում արարող և թատրոնով ապրող բոլոր անհատներին՝ դերասաններին, բեմադրիչներին, թատրոնում աշխատող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր ավանդ են ունենում յուրաքանչյուր ներկայացման կայացման մեջ, ինչպես նաև թատերագիրներին ու հանդիսատեսին։ Ողջունում եմ նաև «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացումը Սյունիքում, և այդ առիթով մեր մարզ ժամանած հյուրերին։ Համոզված եմ՝ այստեղից կմեկնեք ոչ միայն թատերական օրն ու նրա շունչը մտապահած, այլև սյունիքյան վառ տպավորություններով, որն այստեղ կրկին վերադառնալու մղում կդառնա»։

«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերը տարեցտարի ավելանում են։ Այս տարի մրցանակ տրվեց 19 անվանակարգում։ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմադրիչ Ռուզան Խաչատրյանը՝ «Արևի մարդիկ» ներկայացման համար։ Ռուզանը Արցախից է։ 4 տարի առաջ նույնպես արժանացել է «Արտավազդի»՝ Արցախի թատրոնում բեմադրած «Լուսաբացից առաջ» ներկայացման համար, որը նվիրված էր արցախյան ազատամարտի հերոսներին։
«Ես հիմա նորից ստանում եմ մրցանակ՝ Արցախի մասին արված բեմադրության համար, բաց ոչ Արցախում։ Այն ժամանակ ես շատ մեծ հավատով ասացի, որ ծնվելու են հերոսներ, որ բերելու են Արցախի լուսաբացը։ Այսօր Հայաստանի չքնաղ այս քաղաքից, Սյունիք աշխարհում, Խուստուփ լեռան հպարտ հայացքի ներքո, Արցախի լեռներին մոտ ուզում եմ ասել՝ Արցախ ջան, ես հավատում եմ, չգիտեմ երբ, չգիտեմ ինչպես, բայց քո փառահեղ լեռների հետևից ծագելու է արևը, և նորից արևի մարդիկ ապրելու են քո գրկում»։
«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանը՝ «Սպանդի աստված» ներկայացման մեջ Վերոնիկա Վալլոնի կերպարը մարմնավորելու համար։ «Լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը՝ «Իսկ դրսում ձյուն է գալիս» բեմադրությունում Չիկոյի կերպարի համար։ Ի դեպ, Համազգայինը ներկայացված էր 10 անվանակարգում, և թատրոնի «Լակոտը» բեմադրությունը ճանաչվեց «Տարվա լավագույն ներկայացում։

Թատրոնի բեմադրիչ Նարինե Գրիգորյան․ «Երբ 2-րդ փուլի ցանկը դուրս եկավ, ու տեսանք՝ 10 անվանակարգում ներկայացված ենք, դա արդեն չափանիշ է։ Կարևոր չի՝ որերորդ անգամ ես ստանում։ Կարևորը՝ դեռ հետաքրքիր ես, առողջ ես, կենդանի ես ու մեզ համար դա մեծ հաղթանակ է»։
Թատերարվեստին արժանապատվորեն ծառայելու համար Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Կապանի թատրոնի դերասաններ Նատալյա Բաղդասարյանին և Արտավազդ Գրիգորյանին։

«Մեծ Արտավազդը» ստացավ Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։ Հատուկ մրցանակներ շնորհվեցին «Արմմոնո» փառատոնին ներկայացված «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման դերակատար Արմեն Քուշկյանին, Թբիլիսիի հայկական թատրոնին, Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արինա Արարատյանին։




