Երաժշտական եռանկյունի

Հոգևոր երաժշտությամբ՝ Տեր Կյուրեղ Տալյանի հիշատակին․ «Երաժշտական եռանկյունի»

Մարտի 7-ին Նարեկացի արվեստի միության համերգային դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Տեր Կյուրեղ Տալյանի հիշատակին «Սաղմոս» երգչախմբի և «Աննա Մայիլյան եռյակի» մասնակցությամբ։

«Մեր ընտրած ձևաչափը յուրօրինակ էր, քանի որ բացի համերգային երաժշտական կատարումներից և նման միջոցառումներին հատուկ բանավոր խոսքից (դերասան Արթուր Կարապետյան), նաև էկրանից հնչում էր Տեր Կյուրեղի խոսքը», — ասում է նախաձեռնության հեղինակ Աննա Մայիլյանը։

Տեր Կյուրեղի հոգևոր ծառայությունն առաջին հերթին կապվում է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հետ։ Բացի այդ, նրա հոգևոր ուղերձները փոխանցվել են մեզ բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և հարցազրույցների միջոցով։ Երեկոյի ընթացքում նաև ներկայացվել է Լուսինե Խաչատրյանի «Գողգոթայի հաղթանակը» ժողովածուն, որն ընդգրկում է Տեր Կյուրեղի առավել նշանավոր քարոզները, բանախոսություններն ու հարցազրույցները։

«Ես, որպես Տեր Կյուրեղի դուստր, փորձում եմ շարունակել նրա հոգևոր ուխտը երաժշտության մեջ։ Մանկուց երգել եմ Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում, կապվել մեր հոգևոր երաժշտության և երգչախմբային արվեստի հետ։ Հետո սովորել և ավարտել եմ կոնսերվատորիան և այժմ ղեկավարում եմ «Սաղմոս» երգչախումբը, որը, բացի եկեղեցուն ծառայելուց,  գործունեություն է ծավալում նաև աշխարհիկ հարթակներում։ Տալիս ենք համերգներ, մասնակցում միջազգային փառատոների և հրատարակում ձայնասկավառակներ», — ասում է Ծովինար Տալյանը։

Աննա Մայիլյանի եռյակի կազմում են նաև երգչուհիներ Լուիզա Երեմյանը և Անահիտ Գաբրիելյանը։ Համերգը, իր ուրույն ձևաչափով, գալիս է հաստատելու հոգևոր արժեքների ներկայությունը մեր կյանքում և հիշատակի տուրք է մատուցում Տեր Կյուրեղ Տալյանի հոգևոր ծառայությանը։

Կարդացեք նաև

Back to top button