Թուրքիայում օր օրի ավելանում է իշխող կուսակցության ու նախագահ Էրդողանի դեմ բողոքի մասնակիցների թիվը՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Տարբեր բնակավայրերում ընդդիմության ու ոստիկանական ուժերի միջև բախումներ են տեղի ունենում։ Դատարանը Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։
Ընդդիմադիր գործչի հետ ձերբակալվել են ևս մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեղեկություններ կան, որ Թուրքիայի հեռուստառադիոոլորտը վերահսկող պետական մարմինը կարգադրել է երկրի խոշոր հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ակցիաները:
Բողոքի ակցիաների ակտիվացմանն ու մասսայականացմանը զուգահեռ՝ Թուրքիայի իշխանությունները կանխարգելիչ խիստ միջոցառումներ են ձեռնարկում։ Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուժայինները ջրցան մեքենաներով փորձում ցրել բողոքի ակցիաները։
Ի պաշտպանություն կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը, ըստ ընդդիմության հաշվարկների, հասել է մեկ միլիոնի, իսկ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը ավելի քիչ է։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էռլիքայան հաղորդել է բողոքի ակցիաների 350 մասնակցի ձերբակալության մասին։ Նշվում է նաև, որ վնասվածքներ են ստացել մեկ տասնյակից ավելի ոստիկաններ։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասում է, որ ուշադրությամբ հետևում է հարևան երկրում արդեն մի քանի օր շարունակվող իրադարձություններին։ Գեղամյանը Տելեգրամում գրում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես կընթանան իրադարձությունները, սակայն հստակ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:
Թուրքագետը ուշադրություն է դարձնում հատկապես բողոքի ցույցերի մասնակիցների կազմին:
«Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր է մեզ համար:
Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է: Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանշին` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստին: Սա ևս մեկ վկայություն է նրա, որ Թուրքիայի հասարակության մեջ ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ի տարբերություն թուրքագետի, համոզված է, որ Էրդողանին այս անգամ էլ կհաջողվի ճնշել ընդդիմադիրների բողոքի ալիքը․

«Ես կարծում եմ՝ այո՛, կկարողանա, որովհետև երեկ արդեն ձերբակալություններ են տեղի ունեցել, ցրել են Ստամբուլի քաղաքապետարանի շուրջը հավաքվածներին։ Կարծում եմ, որ կկարողանա այս անգամ էլ իրադրությունը պահել իր ձեռքում։ Պետք է մենք հաշվի առնենք, որ Էրդողանը հսկա ընտրազանգված ունի՝ մարդիկ, որոնք իսլամամետ մտածելակերպ ունեն, և նրանք կարող են դուրս գալ փողոց, եթե կոչ հնչի։ Իսկ Էրդողանը նման կոչ չի անում, որովհետև համոզված է, որ ինքը կկարողանա այդ ոստիկանական ուժերի միջոցով ճնշել ալիքը»։
Որոշ փորձագետներ համոզված են, որ Թուրքիայում նոր քաղաքական դերակատարի ի հայտ գալն ու առաջիկա ընտրություններում հաղթանակը կթուլացնի Էրդողան-Ալիև տանդեմի դիրքերը։ Այս առումով ակադեմիկոս Սաֆրաստյանը վերապահումներ ունի։ Բողոքի մասնակիցներն ազգայնականներ են՝ հստակեցնում է նա, բացի այդ՝ Թուրքիայի քաղաքականությունն անձերով չի պայմանավորվում․
«Չեմ կարծում, որ եթե իշխանության գա Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դա կփոխի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Այն կմնա նույնը հիմնականում։ Իհարկե, դա չի անդրադառնա մեզ վրա, որովհետև մենք գիտենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը քեմալական է։ Նա էլ Հայաստանի նկատմամբ ունեցել է այդպիսի՝ բացասական վերաբերմունք։ Այնպես որ, ես որևէ փոփոխություն չեմ տեսնում»։
Դեռևս 2016 թ․ Թուրքիայում ռազմական հեղաշրջումը Էրդողանը կարողացավ տապալել։ Ձերբակալվեցին բարձաստիճան զինվորականներ։ Ակադեմիկոս Սաֆրաստյանը համոզված է, որ այս անգամ էլ Էրդողանը կկարողանա պահել իր դիրքերը, թեև թուրք հասարակությունը դժգոհություններ ունի իշխող կուսակցությունից․
«Եվրոպական որոշ երկրներ դատապարտել են, որ իշխանությունները ուժի են դիմում, բայց չեմ կարծում, որ Թուրքիայի դիրքերը դա թուլացնում է։ Իհարկե, Թուրքիայում նկատվում է, որ Էրդողանից հոգնել են, նկատվում է, որ սոցիալ-տնտեսական դրությունից են դժգոհ։ Այո՛, դժգոհություն կա, բայց կարծում եմ, որ Էրդողանը դեռևս իր ձեռքում պահում է երկրի հսկողությունը»։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը ահազանգում է իշխող ուժի սադրանքների և վանդալիզմի մասին:
Ստամբուլում և Անկարայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, իսկ ուսանողները քանդել են ոստիկանական բարիկադները:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ կառավարության վրա ճնշում գործադրելու բոլոր փորձերը կկանխվեն․
«Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ փողոց դուրս գալն ու մատ թափ տալն անցյալում են: Այն օրը, երբ քաղաքականության և արդարադատության ուղղությունը որոշվում էր փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է ինչպես հին Թուրքիան»։
Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը հայտարարել է, որ այս օրերին կազմակերպված հարցումների մասնակիցներից գրեթե 15 միլիոն մարդ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուին տեսնում է որպես երկրի նախագահի թեկնածու։ Օզելը Էրդողանին կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և մրցակցելու Իմամօղլուի հետ։




