
Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ։
Եթե խաղաղության գործընթացում առաջընթաց լինի, կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար, ճեպազրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Մենք կարող ենք ԵՄ-ի հետ քննարկել դիտորդների նոր մանդատի հարցը, և պարտադիր չէ, որ համագործակցությունը սահմանափակվի սահմանային հարցերով: Մենք կարող ենք գտնել ճիշտ մոդել եվրոպական դիտորդների հետ աշխատանքը շարունակելու համար»։
ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարարն ասել է, որ «ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում»։ Նա հայտնել է, որ Եվրամիության հետ սկսել են քաղաքական և անվտանգության երկխոսություն:
«Արդեն տեղի է ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն»,- ասել է նա։




