Երկրորդ շնչառություն

«Աջակցության սրճարան»՝ հոգեսոցիալական աջակցություն Արցախից բռնի տեղահանված տարեցներին․ «Երկրորդ շնչառություն»

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, Երևանում և Գյումրիում Արցախից բռնագաղթած մեր տարեց հայրենակիցների համար իրականացնում է նոր ծրագիր՝ Աջակցության սրճարան:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որ կորցրել են իրենց բնօրրրանը, աջակցելու ենք հարմարվել նոր միջավայրում և իրողություններին, զարգացնել դժվարությունները հաղթահարելու իրենց կարողությունները»,- ասում է կազմակերպության համահիմնադիր Մելանյա Սամսոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը (AGBU) ծրագիրը ֆինանսավորելու համար:

Ծրագրի նպատակն է 60 և ավելի տարեկան արցախցիների համար ստեղծել աջակցող միջավայր և տրամադրել հոգեսոցիալական օգնություն, ներառյալ՝ արտթերապիան: Այս ամենը նախատեսվում է, որ կբարելավի նրանց կյանքի որակը, կխթանի սոցիալականացմանը, որ կարողանան հարմարվել նոր պայմաններին և հաղթահարել դժվարին իրողությունները: Բացի դրանից, հանդիպումները կխթանեն Արցախի տարեցների միջև հաղորդակցությունը, կձևավորեն նոր կապեր՝ ստեղծելով փոխօգնության նոր ցանց։ Փորձնական ծրագիրն իրականացնում է բազմամասնագիտական թիմը՝ բաղկացած հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, արտթերապիստներից:

Ինքնության վրա հիմնված հոգետրավմաթերապևտ, մենթոր, թիմի վերապատրաստող Լիլիթ Աբրահամյանը բացատրում է, որ մասնագետները շահառուների գիտելիքներ են փոխանցում հոգետրավմայի մասին, որ նրանք հասկանան, իրենց ապրումները և տեղի չտան բացասական հույզերին:

«Շատ կարևոր է, որ նրանք կարողանան արտահայտել իրենց խեղդած էմոցիաները և չխճճվեն հոգեբանական պաշտպանական մեխանիզմների մեջ»,- բացատրում է Լ.Աբրահամյանը: 

Երաժշտությունը, ձեռքի աշխատանքներն ու կոգնիտիվ գործառույթների խթանմանը միտված վարժությունները հոգատար խմբային միջավայրում կօգնեն պահպանել հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը, նպաստել սոցիալական ներառմանը, ակտիվացնել զգայարանները, հեշտացնել հույզերի արտահայտումը, խթանել ճանաչողական ունակությունները և խրախուսել ֆիզիկական ակտիվությունը:

Փորձնական փուլի ավարտից հետո նպատակ կա շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով այն այլ համայնքներում, որտեղ կենտրոնացած են Արցախից բռնի տեղահանված հայերը:

Կարդացեք նաև

Back to top button