ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մոսկվան փորձում է նոր հարթակ դառնալ Երևան-Բաքու բանակցություններում․ փորձագետ

Ռուսաստանը Հայաստանը համարում է բարեկամ երկիր և մտադիր է ավելի զարգացնելու երկկողմ հարաբերությունները՝ լրագրողներին վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ողջունել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել կապերը ռուս գործընկերների հետ։

Պեսկովը մասնավորապես ասել է․ «Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել: Դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Այն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք թե՛ երկկողմանի, թե՛ պատմական, թե՛ մշակութային առումով»։

Փորձագետները Մոսկվայի վերջին շրջանի ակտիվությունը կապում են հայ-ադրբեջանական հարաբերություններում հարթակ դառնալու մղումների հետ։

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունենալիք տոնական միջոցառումներին՝ հայտարարում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոտ մեկ շաբաթ առաջ Կրեմլից հաղորդել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ կմասնակցի մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին։

Ըստ վերլուծաբանների՝ Երևանի և Մոսկվայի միջև, այսպես ասած, «սառույցը հալվելու» ուղղությամբ խորհելու հիմք է տալիս ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը, ըստ որի՝ երկու երկրների փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանի և Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ քաղաքական խորհրդակցություններ են եղել Մոսկվայում։ Քննարկվել են տարածաշրջանի փոփոխություններին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Քննարկումների առանցքում են եղել նաև Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները, խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Բացի այդ՝ Մարիա Զախարովան հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման դրական լուրերի ֆոնին Մոսկվան չի կարող չանհանգստանալ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում։

Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ ՌԴ-ից հնչող այս հայտարարությունները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը գլոբալ ենթատեքստ ունի․

«Այն պատրանքը, որ ստեղծվել է, որ սա հակամարտություն է զուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնքան էլ այդպես չէ, և մշտապես մեր խնդիրները ունեցել են նաև գլոբալ ենթատեքստ»։

Քաղաքագետի կարծիքով՝ երկկողմ ձևաչափը արդարացված կլիներ, եթե 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական խախտված բալանսը վերականգնված լիներ։

Քաղաքագետ Դավիթ Սարգսյանն էլ կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվային հնարավորություն կտա վերականգնելու Հարավային Կովկասում քաղաքական գործոն լինելու իր դերը։

«Վերջին օրերին Ռուսաստանի ակտիվացումը կարող ենք կապել հենց  այն բանի հետ, նախ և առաջ, որ Ռուսաստանը կրկին փորձում է ներկայանալ որպես հարթակ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Երկար ժամանակ է՝ հայ-ադրբեջանական բանակցությունները երկկողմ ձևաչափով էին ընթանում՝ առանց միջնորդների։ Սակայն Ռուսաստանը սկսել է առաջարկներ անել արդեն։ Միջնորդ լինելու մասին չէ խոսքը, այլ հարթակի»։

Այսօր, երբ հայտարարվում է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու մասին, Բաքուն, այնուամենայնիվ, նախապայմաններ է առաջադրում, որպեսզի չստորագրի համաձայնագիրը՝ համոզված է Դավիթ Սարգսյանը։

Իսկ Ադրբեջանի՝ այս օրերի ապատեղեկատվությունը հրադադարի խախտումների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հերքում է, փորձագետներին հիշեցնում է 2020, 2021 և 2023 թվականներին առկա իրավիճակը, երբ Մոսկվան առաջարկներ էր անում, Երևանը դրանք ընդունում էր, իսկ Բաքուն՝ մերժում։

«Հիմա մենք այնպիսի իրավիճակ կարող ենք կրկին տեսնել, որ Ռուսաստանն առաջարկի հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրության համար, Հայաստանը կարող է ընդունել այդ առաջարկը ևս մեկ անգամ, և Ադրբեջանը կարող է ևս մեկ անգամ մերժել այդ առաջարկը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարծես տվյալ պահին պատրաստ չէ հասնելու խաղաղության։ Պայմանագիրը ներառում էր հիմնականում դեկլարատիվ բնույթի կետեր․ կողմերը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և ամենայն հավանականությամբ փորձ կարվի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կողմերի միջև։ Ինչպես նաև արդեն գիտենք այդ վերջին երկու համաձայնեցված կետերը՝ սահմաններին երրորդ կողմի բացակայության և ԵԱՀԿ ՄԽ ցրման մասին։ Սակայն, միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ խաղաղության պայմանագիրը չի լուծում բոլոր հարցերը»։

Մասնավորապես չի լուծում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը․ դրանք դուրս են մնում խաղաղության համաձայնագրից։ Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի՝ դա նշանակում է, որ Բաքուն մտադիր է վերոնշյալ հարցերը փուլային տարբերակով լուծելու։ Նա ևս համամիտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր փուլ է սկսվում, և Մոսկվայից հայտարարությունները հենց դրա վկայությունն են։

«Մեր բոլոր նոր փուլերը սկսվել են որևէ երրորդ կողմի միջնորդությամբ, և ես տպավորություն ունեմ, որ սա հենց այն նախերգանքն է, որ սկսվում է նոր բանակցային փուլ, որտեղ Ռուսաստանը այս պահին փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Կկարողանա, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է, բայց ես կարծում եմ, որ այս նոր փուլը, այսպես ասած, սկսվելու է որևէ երրորդ կողմի միջնորդությամբ»։

Ըստ փորձագետների՝ ռուս-ուկրաինական հակամարտության՝ կարգավորման փուլ մտնելուն զուգահեռ՝ գերտերությունների ուշադրությունն ավելի կկենտրոնանա մեր տարածաշրջանի վրա, քանի որ ազդեցության գոտիների բաժանում է տեղի ունենում։

Կարդացեք նաև

Back to top button