
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը հաջորդող քայլերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք գրառումներ սոցցանցերում լայն արձագանք են ստացել։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով սկսել խորհրդակցություններ այդ ուղղությամբ։ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Միաժամանակ, Փաշինյանը ներկայացրել է իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին, այն է՝ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չանել։ Հայաստանից Ադրբեջան մեկ այլ առաջարկ էլ գնացել է ԱԺ–ից։ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է «սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։ Փաշինյանն այս մասին գրառմամբ է արձագանքել Ադրբեջանի կողմից վերջին հինգ օրում տարածվող ադրբեջանական տեղեկատվական սադրանքին, թե իբր Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է։
Կոնկրետ գրառմանը կոնկրետ պատասխան դեռ չկա։ Փոխարենը՝ վարչապետի գրառումը հենց Հայաստանում է տարբեր կերպ ընկալվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արսեն Թորոսյանը պարզաբանում է․
«Որևէ տարօրինակ բան չկա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ տեղեկատվությունը տալիս է նաև միջազգային հանրությանը։ Շատ տարօրինակ են Հայաստանի ներսից հնչող ինչ-որ մեկնաբանություններ, թե միակողմանի ենք ստորագրելու, ինչ-որ բան է սպասվում, դրա համար է վարչապետն այդ գրառումներն անում։ Որևէ այլ բան, քան մենք ակնկալում ենք, որ ստորագրումն է, չի սպասվում և չի կարող սպասվել։ Այսինքն՝ այդ հայտարարությունները նպատակ ունեն նաև ճնշելու Ադրբեջանի կողմից այդ դեստրուկտիվ տեղեկատվական արշավը խաղաղության գործընթացի նկատմամբ։ Հետևաբար, պետք է դրան նայել այդ տրամաբանությամբ։ Այո, մենք համաձայնեցրել ենք խաղաղության համաձայնագիրը և ուզում ենք այն հնարավորինս արագ ստորագրել»։
Թեև խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կետերը համաձայնեցվել են, բայց Ադրբեջանն այս պահին պայմանագրից դուրս այլ նախապայմաններ է առաջ քաշում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է կանխատեսել, թե այս պայմաններում Ադրբեջանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը։
«Ես չեմ կարող ասել։ Մեր երկրի վարչապետն ասաց՝ ես ստորագրում եմ, որովհետև ոնց որ թե բոլոր 17 կետերին համաձայնել ենք։ Հիմա ինչո՞ւ չեն ստորագրում, այդ դեպքում թող բարձրաձայնեն, մենք էլ հասկանանք։ Եթե դրանից դուրս էլի խնդիրներ կան, խոսենք։ Կարող է՝ մենք էլ ունենանք խնդիրներ սրանից դուրս այլ հարցերում՝ գերիների հարցում, այլ հարցերում, բազմաթիվ հարցեր կան, որոնք բարձաձայնվում են և, գուցե, չեն բարձրաձայնվում, բայց դա օրակարգում կա»։
Իշխանական պատգամավորը սխալ է համարում այն ընկալումը և շահարկումները, թե Հայաստանն իր կեցվածքով այսպես ասած «խաղաղություն է մուրում»։
«Դա ոչ թե մենք ընդդիմադիր խոսույթով վախեցած ենք, այս ենք, այն ենք՝ոչ։ Իրականում մենք խաղաղություն չենք մուրում, մենք խաղաղություն ուզում ենք։ Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, խաղաղությունը պետք է մեր հարևան բոլոր երկրներին՝ Իրանին, Թուրքիային, որովհետև խաղաղությունն է բոլորի նպատակը։ Ինչքան էլ կռվես, կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելն է դժվար։ Դա մարդկային կյանք է, դա կորուստներ են, դա ընդհուպ պետությունների հիմնահատակ քանդման ռիսկ է։ Ինչո՞ւ չապրել խաղաղ պայմաններում։ Ադրբեջանն ունի առավելություն, և նա իներցիայով անընդհատ իր խոսույթը ներկայացնում է հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակից կարող է, ուզում է լարված վիճակն ավելի տևական դարձնել։ Գուցե։ Դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Իսկ խաղաղությունը մեզ պետք է բոլորիս, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք հնարավորինս արագ և որակով լուծել»։
Հայաստանի որդեգրած կեցվածքը և աշխատանքի ուղղությունը վարչապետ Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ քաղաքացիների հետ երկրորդ հանդիպմանը, որը կայացել է կառավարության շենքում։
«Մթնոլորտը և միջավայրն ավելի լավը չեն լինելու այն պարագայում, երբ դու սպասես դրան գործողություն անելու համար։ Ընդհակառակը՝ շատ կարևոր է, որ ապագայի նկատմամբ այդ վերաբերմունքը փոխվի։ Մենք միշտ այսօրվա խնդիրների հաղթահարումը կապում ենք ապագայում բացվելիք հնարավորության հետ։ Այստեղ ընկալումն այն է, որ այդ հնարավորությունը այսօր է։ Նույնիսկ եթե այդ հնարավորությունն այսօր չկա մենք պետք է աշխատենք այդ հնարավորությունը բացելու վրա»։
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին Փաշինյանի վերջին հայտարարություններին հաջորդած օրերին Ադրբեջանի տարօրինակ պահվածքին անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա կատարած այցի ընթացքում։ Հաշվի առնելով, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության տեքստի համաձայնեցման մասին տեղեկությունն առաջիններից ողջունել էր նաև Բրազիլիան, Արարատ Միրզոյանն այնտեղ անդրադարձել է նաև այդ խնդրին․
«Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»։
Այս համատեքստում, ըստ նախարար Միրզոյանի, չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պահվող մյուս անձանց ազատ արձակումը կարող է էականորեն թուլացնել լարվածությունը։
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակում ներկայացրել է նաև տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի առաջարկներն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որոնց մասով, նախարարի ձևակերպմամբ, Հայաստանն Ադրբեջանից դեռ չի ստացել կառուցողական պատասխան։
Ընդգծենք, որ Հայաստանից Ադրբեջանին փոխանցվել է նոր առաջարկ, այս անգամ՝ խորհրդարանից։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Խանդանյանը համոզված է, որ այդ հանդիպումը հնարավորություն կստեղծի կարծիքներ փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի և դրա վավերացման շուրջ: Ավելին, դա հնարավորություն կտա քննարկել միջխորհրդարանական գործակցության հարցեր՝ հուսով է պատգամավորը։




