
«Ռասմուսեն» գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին անհանգստացնում է Ադրբեջանի հռետորաբանությունը։
Իր մտահոգությունն այսօր նա փոխանցել է լրագրողներին՝ Իջեւանում կայացած մամուլի ասուլիսում։
«Ցանկանում եմ, որ Ադրբեջանը այս համաձայնագիրը ստորագրի շատ արագ, որովհետև ինչ խնդիրներ էլ կային՝ լուծվել են Հայաստանի կողմից, և նա [Բաքուն] պետք է արագ ստորագրի, շատ արագ»,- հայտարարել է նա։
Ռասմուսենի կարծիքով՝ խաղաղության համաձայնագիրը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից։
«ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն, որ Ադրբեջանը ստորագրի համաձայնագիրը»,- շեշտել է նա։
ՆԱՏՕ- ի նախկին գլխավոր քարտուղարը փաստեր չունի, որ Ադրբեջանը պատրաստվում է որեւէ ռազմական գործողության։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է Բաքվին ուղերձ փոխանցի, որ ռազմական ցանկացած գործողություն անընդունելի է։
«Մենք չպետք է կորցնենք խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որը տալիս է Խաղաղության համաձայնեցված պայմանագիրը»,- ասել է նա։
Ռասմուսենը վստահ է, որ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկը» կօգնի տարածաշրջանի զարգացմանը եւ այդ նախաձեռնությունը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից։




