Երաժշտական եռանկյունի

Ստեղծագործական դադարից՝ նոր հորիզոններ․ «Դոգմա»-ի վերադարձը. «Երաժշտական եռանկյունի»

Մի քանի տարի տևած դադարից հետո «Դոգմա» ռոք խումբը վերադառնում է բեմ։ Սպասվող ծրագրերի, նոր ձայնագրությունների և հեռանկարների մասին զրուցում ենք խմբի հիմնադիր, բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և երգչուհի Զառա Գևորգյանի հետ։

«Մի շարք միջազգային փառատոներ կազմակերպելուց, վավերագրական չորս մասանոց ֆիլմի վրա աշխատանքներն ավարտելուց և հայկական ռոքը ներկայացնող կայքը ստեղծելուց հետո զգացինք փոքր դադարի անհրաժեշտությունը՝ մտքերն ու նպատակներն ի մի բերելու և ստեղծագործական հետագա քայլերը հասկանալու համար», — ասում է Վարդան Գրիգորյանը։

«Դոգմա»-ն հայկական առավել ինքնատիպ խմբերից է, որն ունի ընդգծված, ֆոլկլորային հնչողության ձգտող նկարագիր և երաժշտական դիմագիծ։

«Դոգմայի երաժշտությունը էթնիկ-ֆոլկլորային երաժշտական մտածողության, հեվի-մետալի ծանր գործիքային նվագակցության ու պրոգրեսիվ ռոքի անսպասելի լուծումների անկրկնելի համադրություն է», — շարունակում է խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը, որի երգեցողությունն ու բեմական կերպարը դարձել են նշանային խմբի համար։

Այդ մասին վկայում են նաև արտասահմանյան բազմաթիվ ռեվյուները և հայտնի երաժիշտների գնահատականները, որոնցից մի քանիսը կներկայացնենք’

The Classic Rock Presents Prog բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»:

Իեն Անդերսոն (Jethro Tull)՝ «Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է։ Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ։ Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են… Օ՛, լինել այսքան երիտասարդ»։

Խումբը թողարկել է 3 ալբոմ՝ «Էթնիկ-մեթնիկ», 2009թ., «Անդրդոգմա», 2013թ. և «Նա Նե», 2015թ.։

Իր տասնհինգամյա գործունեության ընթացքում խումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել ՀՀ ողջ տարածքում, եղել Հայաստանում կայացած երաժշտական մի շարք մեծ միջոցառումների կազմակերպման առաջամարտիկ։ Դրանցից իրենց կարևորությամբ հատկապես պետք է առանձնացնել Jethro Tull, Deep Purple, Uriah Heep խմբերի, Ջոն ՄըքԼաֆլինի և Իեն Անդերսոնի երևանյան համերգները։

Իեն Անդերսոնն իր 2010 թվականի սեպտեմբերի 24-ի երևանյան համերգի ժամանակ Դոգմայի մեներգչուհի Զառա Գևորգյանի հետ կատարել է երկու երգ Jethro Tull-ի և երկու երգ Դոգմայի երգացանկից։ Խումբն առ այսօր մի շարք մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Լեհաստանում։ Դոգմայի համերգային գործունեության մեջ հատկապես ուշագրավ են «Անդր Դոգմա» ալբոմի 2013թ. պրոմո-հյուրախաղերը Հայաստանի մարզերում։

Ի թիվս բազմաթիվ մենահամերգների, միջազգային փառատոների մասնակցության՝ խմբի նշանակալից ելույթներից են.

2012 թ.-ին մասնակցությունը գերմանական հայտնի Wave Gotik Treffen փառատոնին և մենահամերգը Լայպցիգի կենտրոնական թատրոնում։

2012 թ.-ի փետրվարի 25-ին, հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերի ղեկավարությամբ՝ «Դոգման» մաս է կազմել «Ա-ից Ա. Հարմոնիայի աշխարհ» երաժշտական համաշխարհային պրեմիերային՝ յուրովի ներկայացնելով 4 ստեղծագործություն, որոնք գրվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների հայ երեխաների կողմից «Հայփերսքոր» երաժշտական ծրագրի միջոցով։

2012 թ.-ի սեպտեմբերի 29-ին Հանրապետության հրապարակում Դոգման, որպես հրավիրյալ խումբ, նվագել է աշխարհահռչակ Red Bull X-fighters Jams մոտոցիկլետային հնարքների ցուցադրության շոուին։ 

2015 թ.-ին արժանացել է Թբիլիսիում անցկացվող Phoenix Caucasian Music Award մրցանակի՝ «Երաժշտության զարգացման համար (Մելանխոլիա)» և «Լավագույն տեսահոլովակ (Ռենեսանս)» անվանակարգերում։

2018-ին համերգներով եղել է Լեհաստանում, մասնակցել է Wschod Kultury մշակութային միջազգային փառատոնին։

«Դոգմա» խմբին անդրադարձել են բրիտանական Classic Rock, դանիական Metalized, իտալական Rockerilla ամսագրերը, բրազիլական Progressive Rock and Progressive Metal, ճապոնական Rock Drive, իտալական Femme Metal Webzine, ֆրանսիական Chromatique.net, ամերիկյան No Clean Singing և մի շարք այլ հայտնի պարբերականներ։

Կարդացեք նաև

Back to top button