Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկու ժամ տևած բանակցությունների արդյունքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։
Պայմանավորվածություն կա գերիների փոխանակման մասին։ Բացի այդ՝ կողմերը վերահաստատել են, որ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։
Փորձագետներից ոմանք թերահավատ են, որ երկու երկրների ղեկավարներին հաջողվել է ուկրաինական խնդրում լուրջ արդյունք գրանցել։
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի 23-ին՝ Ջիդդայում, Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Մեկնաբանելով Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը՝ նա որոշակի բեկումներ է արձանագրում, սակայն չի մանրամասնում, թե ինչ նկատի ունի։
Միջազգայնագետ Գոռ Գևորգյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ երկու գերտերությունների առաջնորդների երկու ժամ տևած հեռախոսազրույցը վկայում է այն մասին, որ հարցերի մեծ շրջանակ է քննարկվել։ Ըստ նրա՝ դետալները բնականաբար չեն հրապարակվում, սակայն, անկասկած, անդրադարձ է եղել նաև մեր տարածաշրջանի խնդիրներին։
«Օրեր առաջ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում իրենց աշխատանքն են դադադրեցրել մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում էին ռուսական հակահետախուզական գործունեությունը կանխելու և այն ուսումնասիրելու ուղղությամբ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները, առհասարակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագային նայում է շատ ավելի լավատեսական, պայմանական ասած՝ կառուցողական տեսակետից»։
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ պայմանավորվել են անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ հասկանալով, որ դա կարագացնի աշխատանքը ամբողջական հրադադարի հասնելու և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու ուղղությամբ։
Կրեմլից հաղորդում են, որ Պուտինը համաձայնել է Թրամփի առաջարկին և հենց հեռախոսազրույցի ժամանակ ռուսական զորքին հրահանգել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս ասել է, որ Կիևը կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, բայց կպատասխանի, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունը։
Սակայն, չնայած փոխադարձ վստահեցումներն, հեռախոսազրույցից հետո դեռևս ծանր մարտեր են ընթանում, նշում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը․
«Ես կարծում եմ, որ Թրամփին և Պուտինին չի հաջողվել լուրջ համաձայնության հասնել հեռախոսազրույցի ընթացքում, որովհետև 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու Թրամփի ջանքերը անհաջողության մատնվեցին։ Ավելին՝ այդ հեռախոսազրույցից հետո Ուկրաինան ու Ռուսաստանը ավելի ինտենսիվ, ավելի կատաղի կերպով սկսեցին գրոհել միմյանց դիրքերի վրա։ Երեկվանից շատ ծանր մարտեր են տեղի ունենում և՛ Կուրսկի մարզում, և՛ Ուկրաինայի արևելքում»։
Քաղաքագետը միակ ձեռքբերումը համարում է էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու 30-օրյա պայմանավորվածությունը։ Իսկ, ընդհանուր առմամբ, այդ հայտարարությունը համարում է դիվանագիտական, բայց ոչ իրական պատկերը ներկայացնող։
ՌԴ նախագահը, ըստ TASS-ի, նախանշել է «մի շարք կարևոր կետեր»։ Մասնավորապես՝ հետագա քննարկումը կարող է ընթանալ մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովման, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու և ուկրաինական բանակը չվերազինելու շուրջ։ Այսպիսով, Կիևի հետ 30-օրյա զինադադարին Կրեմլը պատրաստ չէ՝ եզրակացնում է միջազգային մամուլը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքները, ասել է, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու կոչը «լավ սկիզբ է»։ Միաժամանակ Շոլցն ընդգծել է, որ առանց Ուկրաինայի չի կարող լինել խաղաղության հասնելու պայմանավորվածություն։
Փորձագետները մեծ ձեռքբերում են համարում հակամարտող կողմերի՝ գերիների փոխանակման պատրաստակամությունը։
Բացի ուկրաինական խնդրից՝ երկու երկրների նախագահները խոսել են մեր տարածաշրջանային խնդիրներից։ Մասնավորապես՝ Պուտինն ու Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը երբեք չպետք է հայտնվի Իսրայելին ոչնչացնելու դիրքերում։

Քաղաքագետ Արմեն Վարդանյան․ «Կարող է երկու բան նշանակել․ որ կողմերը ընդունում են Իսրայելի գոյության իրավունքը, որ որևէ մեկը իրավունք չունի վիճարկել այն, և կարող է նաև լինել պայմանավորվածություն, որ Ռուսաստանը համաձայնի, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Թեև չեմ կարծում, թե Ռուսաստանը կհամաձայնի ԱՄՆ-ի պահանջին և Իրանի առջև պայման կդնի, որ նա չունենա միջուկային զենք։
Սա ԱՄՆ-ի ավանդական մոտեցումն է։ Եթե ՌԴ-ի համար հարցը մի փոքր այլ տեսակետից պետք է դիտարկենք, ապա Միացյալ Նահանգների համար սա ավանդական մոտեցում է, համենայն դեպս՝ վերջին առնվազն 40 տարվա ընթացքում այն առումով, որ Իսրայելը պետք է լինի անվտանգ, իսկ Իսրայելի անվտանգ լինելու համար բնականաբար պետք է առաջին հերթին մեկուսացվեն այն պայմանական թիրախները, որոնք սպառնալիք են»։
Միացյալ Նահանգները շահագրգռված է Ռուսաստանի հետ լայնածավալ երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու, այդ թվում՝ ՌԴ-ից հազվագյուտ հանածոներ գնելու հարցում՝ հաղորդում է Fox News-ը՝ ԱՄՆ նախագահին հղում անելով։
Առևտրի հարցում կտրուկ շրջադարձերի հնարավորությունը փորձագետները քիչ հավանական են համարում։
Bloomberg-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ ԵՄ-ն, այսպես, թե այնպես, կներգրավվի ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու գործարքի կնքմանը, քանի որ համաձայնագրի շրջանակում Մոսկվան կարող է դաշինքից պահանջել մեղմացնել պատժամիջոցները։




