Երևանի պետական կամերային թատրոնում հերթական առաջնախաղն է տեղի ունեցել։ Արա Երնջակյանի «Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն» պիեսը հանդիսատեսին է ներկայացվել ռեժիսոր Արշալույս Հարությունյանի վերաբեմադրությամբ։ Գործողությունները տեղի են ունենում դժոխքում, որտեղ, չգիտես՝ ինչու, ձգտում են հայտնվելու հայերը։ Արդյո՞ք դժոխքի տիրակալը ներս կթողնի նրանց։
Գեղեցկության մրցույթ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ դժոխքում։ Ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում․․․ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Բացվում են դժոխքի դարպասները, և ի՞նչ է պարզվում․ դժոխքը լի է հայերով, բոլոր հայերը ձգտում են այնտեղ հայտնվելու։ Սակայն դժոխքի տիրակալը՝ սատանան, ամեն գնով փորձում է համոզել հայերին վերադառնալ Հայաստան։ Բերում է տարբեր փաստարկներ․ չէ՞ որ Հայաստանում ամեն ինչ լավ է, անգամ ճանապարհներն են ասֆալտապատ։ Բայց հայերն անդրդվելի են՝ ուզում են գնալ դժոխք, և վերջ։ Իսկ դժոխքի պայմանական դռները Կամերային թատրոնի բեմում են։
Արա Երնջակյանի «Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն» պիեսը առաջին անգամ բեմադրվել է տասը տարի առաջ։ Տարիներ անց այն վերաբեմադրել է Արշալույս Հարությունյանը:
Պարզվում է, որ դժոխքում գտնվողների և երկրի վրա ապրող մարդկանց կյանքում շատ ընդհանրություններ կան: Դժոխքն էլ իր խնդիրներն ունի։ Այնտեղ բնակվողները տարբեր ուղիներ են փնտրում՝ իրենց խնդիրները լուծելու։ Օրինակ՝ փորձում են գտնել մի գործարարի, որը դժոխքում ներդրումներ կանի ու կհովանավորի գեղեցկության դժոխային մրցույթը։ Բայց, ինչպես իրական կյանքում է, ներդրողը հայտնվում է, սակայն իր պայմաններն է առաջադրում․ ներդրումներ կանի, եթե սեփականաշնորհի ամբողջ դժոխքը, իսկ գեղեցկության մրցույթի հաղթողն էլ լինի իր սիրելին։
Բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով՝ դժոխքի ու մեր օրերի միջև շատ ընդհանրություններ կան, իսկ երնջակյանական թեմաները միշտ արդիական են, երբեմն՝ նույնիսկ ցավեցնելու աստիճանի։
«Փշաքաղվելու աստիճան մեր կյանքի ու իրականության մասին է՝ անկախության տարեգրությունից մինչև մեր օրերը։ Երնջակյանն իր պիեսներում գուշակություններ է արել։ Նույնիսկ մի առիթ եղավ, Արա Երնջակյանին ասացի՝ էլ մի գրեք, որովհետև ինչ գրում եք, կատարվում է։ Իզուր չէ, որ իր ներկայացումները կոչվում են հոռետեսական կատակերգություններ։Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ենք մեր ազգային տիպի, բովանդակության, մտածելակերպի վրա։ Այս հոռետեսական կատակերգությունում դժոխքը համեմատվում է Հայաստանի հետ, բայց դժոխքի ու մեր օրերի միջև շատ ընդհանրություններ կան»:

Ներկայացման մեջ տարբեր կերպարներ են խտացված՝ պետական պաշտոնյայից մինչև մարմնավաճառ։ Դժոխքի կառավարչի՝ նույն ինքը սատանայի կերպարը մարմնավորել է Սենիկ Բարսեղյանը։
«Տարիներ առաջ նույն պիեսը թատրոնում բեմադրվել է։ Նոր էի ընդունվել թատրոն: Այն ժամանակ աշխատակազմի ղեկավարի դերում էի, իսկ հիմա մարմնավորում եմ սատանայի հավաքական կերպարը: Ներկայացումը հոռետեսական կատակերգություն է: Այն պատմում է մեր իրականության մասին, հայի տեսակի ու բնավորության մասին: Յուրաքանչյուրը կգտնի իրեն այստեղ»,-ասում է դերասանը:
Ներկայացման կարևոր կերպարներից են ոչ միայն դժոխքի տիրակալը, այլև աշխարհի հնագույն մասնագիտությունն ունեցող կանայք՝ մարմնավաճառները։ Նրանցից մեկի դերում Էվա Խաչատրյանն է։
«Ինձնից ինչ-որ մասնիկ կա կերպարում՝ ճշմարտությունը բարձրաձայնող, անարդարության դեմ կռիվ տվող։ Իսկ այս մարմնավաճառի կերպարում կա չափից ավելի ճշմարտություն, քան մեր թվացյալ աշխարհում։ Բարի, ազնիվ մարդկանց դիմակների տակ լրիվ հակառակ պատկերն է։ Այս ներկայացման մեջ տեսնելու ենք մեր իրականությունը, բացասական շերտերը՝ վախկոտությունը, պայքարի ուղին չբռնելը»,-ասում է դերասանուհին:
Դժոխքն ամբողջական չէր լինի,եթե այնտեղ լրագրող չլիներ։ Վիկտորյա Սահակյանի մարմնավորած կերպարը դժոխքի լրագրողն է։ Ընդ որում՝ նա սիրահարված է սատանային։
«Իհարկե, այս ներկայացման մեջ բոլոր կերպարներն են տարօրինակ, քանի որ նրանք, հայտնվելով դժոխքում, շարունակում են ապրել այն կյանքով, որով ապրել են մինչև այդ։ Անգամ այնտեղ խելքները գլուխները չեն հավաքում։ Կերպարիս տարօրինակությունն այն է, որ սիրահարվում է սատանային։ Իհարկե, շատ կանայք կսիրահարվեին այդպիսի սատանայի, հատկապես լրագրող»:
Կեսկատակ ընդհատում եմ դերասանուհուն. «Լրագրողը տեղով սատանա է»: Վիկտորյան էլ հումորով շարունակում է. «Եթե դա Ձեզ չի նեղացնի՝ այո՛, կա նման բան: Իսկ իրականում այս ներկայացումը մտածելու տեղիք է տալիս»։
Դե իսկ դժոխքն ամբողջացնում է Ավետ Զոհրաբյանի պոետը, որը դարձյալ հավաքական կերպար է.
«Որքան էլ զարմանալի ու անհեթեթ թվա, այս դժոխքում էլ կա սեր, փող, արվեստ, բազմաշերտ հարաբերություններ, կռիվ ու բաժանում»։
Ներկայացման ավարտը շատ հետաքրքիր է։ Պարզվում է՝ հեղինակը տվել է այն բանալին, որով կարելի է դուրս գալ դժոխքից։




