Երաժշտական եռանկյունի

Արմենուհի Կարապետյան. հայ կոմպոզիտորական արվեստի ժամանակակից դեսպանը․ «Երաժշտական եռանկյունի»

Հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացումը պայմանավորված է մի շարք կարևոր պայմաններով, որոնցից առավել կարևորը սերնդափոխությունն է և բարի ավանդույթների փոխանցումը։ Հենց այդ խաչմերուկի վրա` ստեղծագործության և կրթության, աշխատում և գործում է ժամանակակից կոմպոզիտոր, ԵՊԿ դոցենտ և մանկավարժ Արմենուհի Կարապետյանը։

«1989 թվականին ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, կոմպոզիտոր, կոնսերվատորիայի լավագույն ռեկտոր, պրոֆեսոր Ղազարոս Սարյանի դասարանը։ Մեկ տարի անց, 1990 թվականին ավարտեցի նաև ֆլեյտայի դասարանը (պրոֆեսոր Լ․Ալոյանի դասարան): Շարունակեցի ուսումն ասպիրանտուրի ստեղծագործական բաժնում, որը 1992 թվականին ավարտեցի, նույնպես Ղ․Սարյանի ղեկավարությամբ։ Ինչից հետո կրթությունս շարունակեցի Ֆրանսիայում, Բուլոնի ազգային կոնսերվատորիայում (կոմպոզիցիա՝ Պ․Գռուվելի դասարան, ֆլեյտա՝ Ս․Նեսսիի դասարան)», — ասում է Արմենուհի Կարապետյանը։ 

Եղել է Լենինյան (1986-1989թթ․), «Մանթաշյան» հիմնադրամի թոշակառու։ 1977 թվականին Ճապոնիայի հեռուստաընկերություններից մեկը նկարահանել է Արմենուհի  Կարապետյանին նվիրված «Պատանի կոմպոզիտորը» ֆիլմը, որը ցուցադրվել է Ճապոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում։

1989 թվականից ԽՍՀՄ, այնուհետև ՀՀ կոմպոզիտորների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները բազմիցս հնչել են Ֆրանսիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Իտալիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Շվեդիայում, Լեհաստանում և այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Արցախում։

2020 թվականին Արմենուհի Կարապետյանի «Հայու հոգին» երգի տեսահոլովակը, որ կատարում էին 26 հայտնի երաժիշտներ աշխարհի 17 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Հայաստան, Արցախ և այլն) հնչեց աշխարհի բազմաթիվ երկրներում։

2010 թվականից Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի դոցենտ է։ 2017 թվականին Արմենուհի Կարապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Դասավանդում է Ղ․Սարյանի անվան դպրոցում։ 2000 և 2005 թվականներին արժանացել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակին։ Ունի միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանն արժանացած աշակերտներ ինչպես կոմպոզիցիայի, այնպես էլ ֆլեյտայի դասարաններում, որոնք մասնակցել են մի շարք մրցույթների և փառատոների  («Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, «Ամադեուս» միջազգային մրցույթ, Ա․ Խաչատրյանի անվան ստեղծագործող երեխաների հանրապետական ամենամյա փառատոներ, Էդ․ Միրզոյանի անվան միջազգային մրցույթ): Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» միջազգային մրցույթում Կարապետյանի ստեղծագործական բաժնի 3 աշակերտներ միաժամանակ ընդգրկվեցին աշխարհի լավագույն տասնյակում։ Ֆլեյտայի դասարանի աշակերտները դարձել են դափնեկրեր Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Ռուսաստանում և Հայաստանում։

Հեղինակել է թե՛ հանրակրթական, թե՛ երաժշտական դպրոցների համար նախատեսված դասագրքեր։ 2017 թվականին իր աշակերտների հետ միասին մասնակցել է փորձի փոխանակման դասընթացների Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Սլովենիայի կոնսերվատորիայում։

2022 թվականին Золотая Пальмира միջազգային մրցույթում արժանացել է «Հատուկ մրցանակի» ժամանակակից լավագույն խմբերգի համար։

2007, 2011, 2013 թթ․-ին արժանացել է մրցանակների «Երգող Հայաստան» հանրապետական  մրցույթներում։

2012 թվականին «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի Ave Maria-ների  կոմպոզիտորական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։

2012 թվականին Սանկտ-Պետերբուրգում Молодая классика մրցույթի հաղթող է։

2009 թվականին Կոմիտասի 140-ամյակին նվիրված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է մրցանակի՝ կոմիտասյան մեղեդու լավագույն մշակման համար։

Կին կոմպոզիտորների միջազգային միության անդամ է։ Եվրոպայի տարբեր երկրներում իբրև կին կոմպոզիտոր ներկայացրել է Հայաստանը։ Ունի բազմաթիվ հրատարակված ստեղծագործություններ։

Կարդացեք նաև

Back to top button