Սփյուռքի ձայնը

Երեք տասնամյակ` օտար երկնքի տակ. Նկարիչ Նաիրի Գրիգորյանի արվեստի անսպասելի շրջադարձը. «Սփյուռքի ձայնը»

Նաիրի Գրիգորյանը 30 տարի առաջ գնաց Ֆրանսիա, և մի քանի տարի առաջ վերադարձավ հայրենիք՝ արդեն որպես միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ: Փարիզի նրբագեղ ու քմահաճ արվեստասերներից մինչև Մոնմարտրի արվեստի պատկերասրահներ, Գրիգորյանը գրավեց եվրոպական արվեստի աշխարհի սրտերը՝ իր յուրօրինակ ոճով, համարձակ արտահայտչականությամբ:

«Ֆրանսիան դարձավ իմ երկրորդ տունը, բայց հոգիս միշտ մնաց հայկական, այն երևում է նաև իմ գործերում», — պատմում է նա, հավելում, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է հնարավորություն ունենա դուրս գալու միջազգային արվեստի աշխարհ՝ ծանոթանալու ու հարստացնելու իր ներաշխարհը:

Անսպասելի վերադարձ. 2020 թվականի 44-օրյա պատերազմը դարձավ այն բեկումնային կետը, որը Գրիգորյանին ստիպեց վերանայել իր կյանքի ուղին: Նա կայացրեց որոշում, որը շատերին թվաց անհասկանալի. լքել Ֆրանսիայի հարմարավետությունը և վերադառնալ Հայաստան: «Արվեստագետները պետք է լինեն այնտեղ, որտեղ հասարակությունն ունի նրանց կարիքը: Մենք պետք է արթուն ու զգոն լինենք, և մեր գործունեությամբ դեր խաղանք հասարակության կայացման ու ուղղորդելու գործում», — ասում է նա:

Նոր ուղի, նոր գործընկեր. Հայաստանում Գրիգորյանը գտավ գործընկեր՝ ազատ համադրող արվեստաբան-ռեժիսոր Լուիզա Խաչումյանին: Նրանց համագործակցությունը վերաճեց մշակութային շարժման, որը փորձում է ներկայացնել արվեստը նոր անկյուններից: «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ արվեստը միայն պատկերասրահներում կախված կտավները չեն», — բացատրում է Խաչումյանը. «Այն կարող է լինել կենդանի, շնչող, փոխակերպվող»: Նրանց համատեղ նախագծերից մեկը՝ «Առանց մոնտաժ՝ արվեստի մասին», դարձել է յուրօրինակ հարթակ, որտեղ արվեստագետները ներկայացնում են իրենց աշխատանքները՝ անկեղծ ձևով, առանց խմբագրական միջամտության:

Արվեստի սահմանների խախտում. Գրիգորյանի վերջին ցուցահանդեսներն ու պերֆորմանսները խախտում են ավանդական արվեստի սահմանները: Նրա աշխատանքները համադրում են քանդակագործությունը, գեղանկարչությունը և թատրոնը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ հանդիսատեսը դառնում է արվեստի գործի մասնիկ: ««Նարեկացի» արվեստի միությունում նման մի ծրագիր իրականացրինք, որի առաջին բաժնում ես էի, իմ կենսագրությունն ու կյանքի տարբեր փուլերը և իմ նկարները», — ասում է նա:

Ապագայի տեսլականը. Նաիրի Գրիգորյանի երազանքն է Լուսինե Զաքարյանի քանդակի ստեղծումն ու տեղադրումը Երևանի որևէ անկյունում: «Լուսինե Զաքարյանի քանդակը դեռևս չի ստացվել իրագործել, այն իմ ամենամեծ ծրագիրն է և հուսով եմ, որ շուտով կիրականացնեմ։ Ի դեպ, Լուսինե Զաքարյանին շատերը չեն ճանաչում, թե՛ Հայաստանում, թե՛ նաև Ֆրանսիայի հայկական շրջանակում», — նկատում է Նաիրի Գրիգորյանն ու ավելացնում, որ իր բոլոր գործերում Լուսինե Զաքարյանի երաժշտությունն ու աղոթքները առկա են:

Կարդացեք նաև

Back to top button