Երկրորդ շնչառություն

Մեկ միլիոն դրամ՝ դարակեցության համար. Երևանի ավագանու որոշումը․ «Երկրորդ շնչառություն»

Մեկ միլիոն դրամ պատվովճար՝ 100 տարեկան դառնալու համար: Երևանի ավագանու այս որոշումը բացառիկ է նրանով, որ ընդունվել է միաձայն անցած տարեվերջին: Որոշումը վերաբերում է ընդհանուր առմամբ 48 քաղաքացու․ 31 երկարակյաց երևանցի արդեն ստացել է պարգևը, մյուսները կստանան տարվա ընթացքում, երբ լրանա նրանց մեկ դարը:

Երևանի ավագանու անդամներ Նատալի Սինորյանը և Դիանա Քերոբյանը Հանրային ռադիոյի տաղավարում պատմել են, որ անցած տարի ամռանն իրենց է դիմել 100-ամյա մի կին ու հետաքրքրվել, թե արդյոք ինքն ունի որևէ խրախուսանք կամ պարգև երկարակեցության համար: Ավագանու երիտասարդ անդամներն ուսումնասիրել են ոլորտը և անցել գործի:

Դ. Քերոբյանի խոսքերով, թեև անկախությունից ի վեր նման նախաձեռնություն չի եղել, բայց մարդկանց հուշերում վառ է խորհրդային տարիներին տրված պատվովճարը: Ցանկացած անձ, ում 100 տարին լրանում է, ավտոմատ կերպով դառնում է ծրագրի շահառու․ միակ պայմանը վերջին 5 տարում Երևանում հաշվառված լինելն է:

Հաշվարկները ցույց են տալիս, որ խոսքը տարեկան մոտ 30 անձի մասին է: Դիմելու ընթացակարգն էլ բարդ չէ, ամեն ինչ ավտոմատացված է, պատկան մարմինների վրա էլ դրված է իրազեկման խնդիրը:

Ներկայացնելով, թե ինչ զարմանքով ու խանդավառությամբ են տարեցներն ընդունում իրենց, Ն.Սինորյանը հույս հայտնեց, որ Երևանի օրինակին կհետևեն նաև մարզերն ու քաղաքային համայնքները՝ խրախուսելով իրենց երկարակյացներին:

Կարդացեք նաև

Back to top button