
ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի թեման լուրջ մտահոգության առիթ է դարձել ԵՄ երկրների համար, հատկապես, եթե ԱՄՆ հրաժարվի ֆինանսավորել այդ ռազմական դաշինքը։ Միջազգային մամուլը աղյուսակներ է կազմել ու պարզ ցույց տվել, թե որքան մեծ են ԱՄՆ ֆինանսական հատկացումները ՆԱՏՕ-ում։
Ուկրաինական պատերազմն ստիպել է ԱՄՆ նախագահ Թրամփին, որ նա ԵՄ երկրներին առաջարկի ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Որոշ երկրներ ավելացրել են հատկացումները, սակայն դրանք, միևնույնն է, տասն անգամ ավելի քիչ են, քան ամերիկյան հատկացումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համառորեն պահանջում է ՆԱՏՕ-ի անդամ գործընկերներից մեծացնել իրենց ռազմական բյուջեն։ Շատ երկրներ արդեն ընդունել են առաջարկը և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Սակայն, պարզվում է, որ նույնիսկ բոլոր երկրների հատկացումները միասին վերցրած զգալի քիչ են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերից։
Թրամփը պաշտոնավարման հենց սկզբում դժգոհում էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գրեթե ոչ մեկը բավարար գումար չի ծախսել պաշտպանության վրա։
Միջազգային մամուլը հիշեցնում է, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը դժվարությունների առաջ է կանգնեցրել Եվրոպային, ներխուժելով Ուկրաինա։
2024 թվականի սկզբում, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Դոնալդ Թրամփը բացահայտ սպառնացել էր՝ չպաշտպանել դաշինքի այն անդամներին, որոնց ռազմական ծախսերը չեն հասել ՆԱՏՕ-ի կողմից համաձայնեցված ՀՆԱ-ի 2%-ին՝ ռուսական հնարավոր գործողությունների ժամանակ։ Որքանո՞վ է արդարացված Թրամփի քննադատությունը, և ի՞նչ հետևություններ են արել դրանից ՆԱՏՕ-ի անդամ երկրները։
Ըստ DW-ի վերլուծության, փաստորեն, 2014 թվականին, բացի Միացյալ Նահանգներից, Հյուսիսատլանտյան դաշինքի միայն երկու անդամներ՝ Հունաստանը և Միացյալ Թագավորությունն են կատարել ՆԱՏՕ-ի առջև իրենց ստանձնած պարտավորությունները, ծախսելով իրենց ՀՆԱ-ի 2%-ը կամ ավելին պաշտպանության վրա։
Ներկայումս ՆԱՏՕ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ դաշինքի 32 անդամներից 24-ն են 2024 թվականին հասել երկու տոկոսի նպատակակետին: Միակ երկիրը, որն այս ժամանակահատվածում չի ավելացրել իր պաշտպանական բյուջեն՝ Խորվաթիան է։ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի միակ անդամն է, որտեղ այս ցուցանիշը նվազել է 2014 թվականից ի վեր։
DW աղյուսակ և քարտեզ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե որ երկրներն են ավելացրել իրենց ռազմական բյուջեն։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ պաշտպանության ոլորտում ամենից շատ գումար ներդրել են Ռուսաստանի հետ սահմանակից երկրները։ Այն երկրները, որ դեռ չեն հասել երկու տոկոսի սահմանագծին, գտնվում են Ուկրաինայից մեծ հեռավորության վրա։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համար ՀՆԱ-ի 2%-ի հատկացումը նվազագույնն է, որ կարելի է անել։ Ըստ էության, նա այժմ պահանջում է, որ դաշինքի գործընկերները փոխհատուցեն վերջին տարիների թերֆինանսավորումը, ավելացնելով իրենց պաշտպանական բյուջեները ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությամբ:
2014թ. ի վեր, պաշտպանական ծախսերն ամենաշատն ավելացրել են Լիտվան (76,5%) և Լատվիան (75,9%)։
Այս երկրներին հաջորդում են Հունգարիան (69,2%) և Լեհաստանը (68,1%)։ 2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի բոլոր անդամներից ամենաքիչը իր պաշտպանական ծախսերը ավելացրել է ԱՄՆ-ը՝ ընդամենը 12,5%:
Ու չնայած վերոնշյալ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացմանը, այնուամենայնիվ, 2024 թվականին ԱՄՆ-ն պաշտպանական նպատակներով ծախսել է գրեթե 95 միլիարդ դոլար ավել, քան 2014 թվականին։ Համեմատության համար՝ Գերմանիան, Լեհաստանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին նույն ժամանակահատվածում ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները մոտ 96 միլիարդով։
Գերմանիան, որը դաշինքում երկրորդ ամենաշատ հատկացումներ անող երկիրն է, ծախսում է ամերիկացիներից տասն անգամ պակաս։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ մասնաբաժինը դաշինքում առնվազն 67% է, Գերմանիայինը՝ 7%, նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, ապա՝ Ֆրանսիան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ջեյմի Շին կարծում է, որ եթե ԱՄՆ հրաժարվի ֆինանսավորել, դաշինքի վիճակը կբարդանա։
«Եթե Ալյանսի առաջնորդը և հիմնական երաշխավորը դուրս գա խաղից, դա ամբողջությամբ կփոխի իրավիճակը։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն դժվար կգոյատևի առանց ԱՄՆ-ի։ Ալյանսը որոշ ժամանակ կկարողանա դիմակայել, բայց անկասկած, կարիք կզգացվի նոր կառուցվածքի ստեղծման»։
ԵՄ առաջնորդները Բրյուսելի վերջին գագաթնաժողովում, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրերին։ ԵՄ երկրները նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել Ուկրաինային։
Հավանության է արժանացել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի «Վերազինենք Եվրոպան» ծրագիրը, որը նախատեսում է պաշտպանական կարիքների համար մինչև 800 միլիարդ եվրոյի հատկացում։




