
Հայաստանում վերջին երկու տարում նկատելիորեն աճել են ֆինանսական խարդախությունները, որոնց համար օգտագործվում են էլեկտրոնային, թվային գործիքներ։ Մասնագետները պարբերաբար հորդորում են գաղտնի պահել անձնական տվյալները։ Հայ-ադրբեջանական հաքերային «փոխհրաձգության» պայմաններում բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի դեպքեր են գրանցվել։
Հայաստանում կիբերհանցագործությունների աճ է նկատվում։ Վերջին 1-2 տարում տարածվել են հատկապես տարաբնույթ ներդրումային խարդախությունները, ասում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։ Զեղծարարները յուրաքանչյուր դեպքում խարդախության նոր ուղի են մշակում։ Անգամ սիրո և ամուսնության առաջարկներն են կիրառում խաբեության նպատակով, ասում է փորձագետը․
«Երբ սահմանի այն կողմից դիմում են Հայաստանի որևէ քաղաքացու՝ արի ամուսնանանք, շփվենք, հետո ինչ-որ պահի դա վերաճում է խարդախության սխեմայի»։
Ֆինանսական խարդախություններն ավելացան հատկապես 2022 թվականին, երբ ավելացավ ռուս և ուկրաինացի միգրանտների հոսքը Հայաստան, նշում է Արթուր Պապյանը․
«Մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել էլեկտրոնային վճարամիջոցներն ինտերնետով օգտագործել, որը մենք կապում ենք Հայաստանում առցանց խանութների մշակույթի տարածման հետ»։
Ի՞նչ ուղիներ են գտնում զեղծարարները մարդկանց անձնական տվյալները կորզելու համար։ ԿԲ Զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը մանրամասնում է՝ Ֆինանսական համակարգում հիմնական խարդախությունների ճնշող մեծամասնությունը այն դեպքերն են, երբ զեղծարարները, սպառողների վստահությունը չարաշահելու միջոցով, կարողանում են տիրապետել նրանց անձնական տվյալներին։ Հայտնի դեպքերից է հեռախոսին հղումներ ուղարկելը։ Սպառողները մուտք են գործում դրանցով և լրացնում իրենց տվյալները։ Շատ են նաև այն դեպքերը,երբ զեղծարարները ներկայանում են որպես ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչ։
«Այսպիսի դեպքեր ունենք, երբ զանգում են, բանկի անունից են ներկայանում։ Ասում են՝ Ձեր անունով վարկ է ձևակերպվել և, որպեսզի կարողանանք այդ վարկը չեղարկել, դուք պետք է մուտք գործեք այդ հղումով, կեղծ հղում են ուղարկում, և լրացնեք ձեր օնլայն բանկինգի գաղտնաբառը»։
Սպառողները, տարբեր տվյալներ լրացնելով, դառնում են խարդախության զոհ, ասում է մասնագետն ու ներկայացնում խարդախության մեկ այլ մեխանիզմ․
«Ցավոք, դեռ դեպքեր ունենք, երբ , օրինակ, ներկայանում են այլ երկրի քաղաքացի և ասում են, որ ժառանգություն ունեք ստացած և փոխանցումներ պետք է կատարեք։ Սա աշխարհում տարածված դեպք է, բայց Հայաստանում էլ են կիրառում։ Կարողանում են վստահությունը չարաշահելու միջոցով գումարներ կորզել սպառողներից»։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր է տեսնում նաև այլ կազմակերպությունների դեպքում։ Օրինակ, ապահովագրական ընկերություններում գրանցված վարորդների անձնական տվյալները, չգիտես ինչպես, փոխանցում են միմյանց, ասում է մասնագետը։
«Ինչպես տեսնում եք, շատ են ռիսկերը, երբ մարդու անձնական տվյալների արտահոսք է լինում կամ քաղաքացին ինքն է խաբվում ու, չգիտակցելով, անձնական տվյալները փոխանցում է այլ մարդկանց։ Դա նշանակում է, որ պետք է զգոն լինել ու ամեն օր խոսել այդ մասին, հարցադրումներ անել։ Այնինչ, մենք ունենք թափթփված վերաբերմունք մեր անձնական տվյալների նկատմամբ։ Մեծ հաշվով, թքած ունենք մեր անձնական տվյալների անվտանգության վրա։ Եթե հանցագործը գիտի, թե, օրինակ, ես ինչ դեղեր եմ առնում, ուր եմ գնում, որ ծառայություններից եմ օգտվում, ուրեմն ես բավականին խոցելի եմ։ Իմ տվյալները կարող են օգտագործել իմ դեմ»։
Արթուր Պապյանը հորդորում է զգոն լինել։ Անձնական տվյալները պետք չէ հեռախոսով փոխանցել։ Փաստաթղթեր ստորագրելուց առաջ էլ անպայման պետք է մանրամասն ծանոթանալ դրանց բովանդակությանը։




