ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս է մեր ուղեղը որոշում՝ ինչը երբ հիշենք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

— Կարող ենք, օրինակ, հիշել՝ ինչ էինք անում փետրվարի 24-ին, երբ 9-րդ դասարան էինք։ Ու եթե ունեք հուշատետր, որտեղ ամրագրված է այդ օրը, դա ավելի հեշտ է դարձնելու ինֆորմացիայի վերարտադրումը։
— Այսինքն` մենք ոչինչ չե՞նք մոռանում։
— Մենք մոռանում ենք, բայց գլխուղեղը` ոչ։

Դուք չեք ազատվելու այն հիշողությունից, որն ամենաշատն եք ուզում մոռանալ։ Դուք, առհասարակ, ոչ մի հիշողությունից էլ չեք ազատվելու։ Տեսնել-լսել-զգալ-շոշափել-հոտոտել աշխարհն ու պահել ամեն բան, ինչ տեսել-լսել-զգացել-շոշափել-հոտոտել է․ սա է գլխուղեղի գործը, որը նա անում է անթերի։

«Ո՞րն է մարդու ամենաառաջին բույրը, մայրիկի հոտը, երբ որ ծնվելուց հետո դնում են կրծքին։ Այդ բույրը ստեղծում է մի հիշողություն, որն ասոցացվում է սիրո հետ։ Դա կապվածություն է ստեղծում մարդկանց հետ»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումը անսպասելի վերադարձող հիշողությունների մասին է։

***

Օտար քաղաքի բոլորովին անծանոթ սրճարանում առաջին անգամ հանդիպող փափուկ-քաղցրահոտ ձեռքերով հրուշակագործը կարող է ձեզ ձեր իսկ անցյալ տանել։ Նա, ով ոչ ձեզ գիտի, ոչ ձեր լեզուն ու պատմությունը, հանկարծ կսկսի խոսել ու դուք կլսեք, ասենք, մանկապարտեզի ձեր դայակի կամ դպրոցական ընկերոջ տատիկի ձայնը, որ մի կտոր հաց ուտելու էր կանչում։ Մի հոտ, ժեստ կամ հայացք, ձայնի առանձնահատուկ հնչողություն, ու ուղեղն անցյալի մոռացված պատկերներից մի ողջ պատմություն կվերակառուցի։  

Ուղեղն ու մարդու հոգեկան աշխարհն ուսումնասիրող մասնագետները փորձել են ուսումնասիրել «ասոցատիվ հիշողություն» կոչվող երևույթն ու բացատրել՝ մենք միայն կարծում ենք, թե մոռացել ենք ինչ-որ բան, բայց այդ կարծիքը հոդս է ցնդում մոռացված երևույթին նման մի բան տեսնելու պահից։

Ի՞նչ հանգույցներով են կապված մեր հիշողությունները, ինչպե՞ս է, օրինակ, մարդու հետ որևէ կապ չունեցող վայրը կամ երևույթը հիշեցնում նրան՝ ամենայն մանրամասնությամբ, ինչպե՞ս է մեր ուղեղը որոշում՝ ինչը պահել ակտիվ, ինչը արխիվացնել և ինչը հիշեցնել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդու նյարդային համակարգը տարբեր նեյրոնային, ցանցային հյուսվածքներով զգացողությունները փոխանցում է գլխուղեղ, և այնտեղ ձևավորվում են նեյրոնային կապեր։ Գլխուղեղի բոլոր բջիջները պատասխանատու են արտաքին աշխարհը ինֆորմացիա դարձնելու համար։ Այդ ինֆորմացիաները կուտակվում են մեր գլխուղեղի համապատասխան օջախներում, հիմնականում գլխուղեղի միջին հատվածում, որը մենք անվանում ենք լիմբիկ համակարգ»։

Այստեղ է ձեր կյանքի պատմությունը՝ ասում է հոգեբան, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Դիանա Սարգսյանը։ Այսպես գլխուղեղը պահպանում է արտաքին աշխարհից եկած ինֆորմացիան, կրկնվելու դեպքում այն դառնում է բազային, ձևավորվում են հիշողության կապեր, որոնք ամեն նոր տվյալի մուտքի հետ ավելի ամուր են դառնում՝ վերածվելով երկարատև հիշողության։ Այսպես, կարծում եմ, ես միշտ կհիշեմ, որ Դիանա Սարգսյանի պայուսակին գեղեցիկ ժապավեն էր կապված։ Այդ ժապավենն իմ տեսադաշտում է եղել մի քանի վայրկյան, ուրեմն ինչո՞ւ այդքան կարևոր դարձավ։

«Ամեն ինչ շատ ճիշտ և նորմալ է։ Հենց էդպես էլ մարդու էությունն է կառուցված։ Այն բոլոր նեյրոցանցերը, որոնք կառուցվում են ինֆորմացիան մտապահելու և պահպանելու համար, կոչվում են զուգորդական կապեր։ Գլխուղեղը տեսողական անալիզատորի՝ աչքի միջոցով սկանավորում է արտաքին աշխարհը։ Այդ ինֆորմացիան գնաց գլխուղեղ, հաջորդ անգամ սկանավորում է մեկ այլ ինֆորմացիա։ Գլխուղեղը մեզնից խելոք է, այդ 2 ինֆորմացիաները դնում է համեմատության մեջ, եթե որևէ դետալներ համընկնում են, առաջանում է զուգորդում։ Եվ էսպես, եթե Դուք, օրինակ, ինչ-որ մի խանութ վաճառասրահում ինչ-որ մի հայացքով ֆիքսած եք եղել ինչ-որ մի ժապավեն, այսօր իմ պայուսակի վրայի ժապավենը տեսնելով դա կամա թե ակամա այդ ասոցիացիան կարող է տեղի ունենալ»։

Ես այս պատմությունը գրեցի․ գլխուղեղս «ժապավեն» բառն ավելի ամուր կապով կապեց «Դիանա Սարգսյան» անուն-ազգանվան հետ։ Եվ բնավ բացառված չէ, որ շատ տարիներ անց օտար քաղաքում բոլորովին անծանոթ մի խանութի այցելու կհիշեցնի ինձ այս օրը, իսկ ես չեմ հասկանա՝ ինչու, քանի որ չեմ գիտակցի, որ նկատել եմ նրա պայուսակի ժապավենը։ Այսպես է աշխատում ասոցատիվ հիշողությունը․

«Կարող է մի օր մեզ թվա, օրինակ, որ երեկվա կերածը չենք հիշում, մենք չենք կարող ասել, օրինակ, հունվարի 16 առավոտվանից երեկո ի՞նչ ենք արել։ Բայց հենց բացում ենք նոտատետրն ու այնտեղ ֆիքսած ունենք, օրինակ, հանդիպում այսինչ մասնագետի հետ, ասում ենք` հա, հետո գնացի էստեղ, գնացիք էնտեղ ու սկսում ենք թվացյալ մոռացված ինֆորմացիան մի կետից վերցնել ու էդ մի կետի շուրջ արդեն ասոցիացիաները սկսում են ակտիվանալ։ Նեյրոնները, որոնք ամրագրվել են էդ հիշողություններով, կմոռացվեն այն դեպքում, երբ որ դրանք վնասվեն, այսինքն՝ բջիջները մահանան, բայց առօրյա կյանքում մեզ թվում է՝ 80 %–ը մոռացվում է, բայց այն պահպանվում է անգիտակցականում»։

Հիշողությունը կարող է վերածնվել ինչից ասեք՝ մի տղամարդու օծանելիք, մի կնոջ շրջազգեստի շարժ, մեկ ուրիշի ծիծաղ կամ քայլվածք և ձեր առաջ կբարձրանա ամբողջական պատմություն, որը, կարծում էիք, էլ գոյություն չունի ձեր կյանքում ու գլխում։ Եվ կան մասնագետներ, որոնք աշխատում են, որ այլ մարդկիկ չմոռացվեն։

***

— Իմ սիրելի գույնը կարմիրն է, գինեգույնը` թունդ, մուգ գույները, յուրաքանչյուր գույնի խիտ երանգը, երաժշտությունը՝ սիրում եմ ռոք, բայց բնավ դեմ չեմ նաև ավելի թեթև՝ փոփ երաժշտության, ջազին, երբեմն՝ դասականին։
— Եվս մեկ հարց տամ ու արդեն ձևակերպենք ձեր անձնական հոտը։ Օծանելքից բացի ընդհանրապես ինչի՞ բույնն եք սիրում, դա կարա լինի առավոտյան քայլելուց մաքուր օդի, կարա լինի անձրևից հետո եկող օդի, կարա լինի, չգիտեմ, պայմանական բալենու ծաղկի հոտը։ Դուք նշեք ձեր ամենասիրելին․․․

Լրագրողի համար խիստ անսովոր՝ պատասխանողի կարգավիճակում ինձ դրել էր օծանելիքագործ Հարութ Տոնյանը։ 16-ամյա Հարութը 12 տարեկանից բույրերի աշխարհում է։ Սկզբում Արցախում օծանելիքի վաճառքով էր զբաղվում, հետո սկսեց ինքնուրույն մշակել-համադրել բույրերը, ստանալ եզակի օրինակներ։ Այժմ առաջարկում է անհատական օծանելիքներ՝ հիմնված մարդու նախասիրությունների, տեսակի վրա։

«Քանի որ դուք սիրում եք վառ գույներ ու նաև նշեցիք, որ սիրում եք ծխախոտային, բենզոլային բույրեր, դրանք ավելի շատ փակվում են պղպեղային նուրբ, շատ նուրբ ու հողային ակորդներում։ Հողեղեն, այսպես ասած։ Բայց չենք մոռանում, որ պետք է նաև համադրվի ջրային ակորդների հետ։ Ջրային ակորդները ասելով, օրինակ կարող է լինի մամուռը, կարա լինի անիսոնի ակորդները։ Այն ամենը, ինչ կապված է ջրի հետ»։

Այսպես յուրաքնաչյուր մարդու համար Հարութը անհատական բույր է հորինում ու առաջարկում շատ ուշադիր լինել ընտրության հարցում․ բույրն, ասում է, կախարդական ուժ ունի, այն միշտ ասոցացվելու է ձեզ հետ ու պիտի ընտրված լինի առավելագույն բծախնդրությամբ․

«Օծանելիքը ամենատարբերվող հիշողություններից մեկն է մեր կենցաղի մեջ, դրանից խուսափել հնարավոր չէ։ Ընդհանրապես բույրը, «օծանելիք» բառացի չօգտագործեմ։ Յուրաքանչյուր պարֆյումեր օծանելիքի միջոցով հիշողությունը բույր է դարձնում, այսինքն` երբ իր պատկերացումներն է ցանկանում ստեղծել, ինքը հիշում է` ի՞նչ զգացմունքներ, ի՞նչ էմոցիաներ է ապրել, օրինակ, էդ ժամանակ։ Իմ սիրելի պարֆյումերներից մեկը՝ Քուրքջյանը, ստեղծել է «Petit Matin & Grand Soir»՝ Փոքր առավոտ և Հսկա երեկո բույրերը։ Ինքը ներկայացնում է Փարիզի առավոտն ու երեկոն էդ 2 օծանելիքների մեջ ու ասում էր` ես փոխանցել եմ իմ սրվակին իմ՝ մանկուց ի վեր եկած հիշողություններն առավոտների մասին, ոոնք անփոփոխ են և շատ լուսավոր, ու էդ ամենը արտացոլել եմ իմ սիրելի բույրերի ներքո»։

Այսպիսով, ըստ Հարութ Տոնյանի, կարևոր է, որ մարդու բույրն էլ իրեն բնորոշ լինի, նույնականանա ու ճիշտ տպավորություն ստեղծի նրա մասին, քանի որ, ամենայն հավանականությամբ, հիշվելու է հավերժ։ Նման բույրեր ստեղծելու արվեստը գիտական մակարդակի հասցնելու հնարավորություն Հայաստանում չկա․ հաշված երկրներ են մասնագիտացած օծանելիքագործներ պատրաստում․

— Օծանելիքագործությունը էն ոլորտներից է, որ արվեստն ու գիտությունը միասին մի տեղում խաչվում են․ պետք է լինես և՛ գիտնական, և՛ պետք է ունենաս մեծ երևակայություն։ Իհարկե, էս ամեն ինչին միանում է սերը, բայց էդ սերը պետք է ամրապնդել անպայման գիտելիքներով։ Օծանելքագործությունը ուսումնասիրում է առոմա-ածխաջրածինները։ Ցավոք սրտի, էդ ոլորտի հետ կապված որևէ գիտական հաստատություն Հայաստանում չկա, ու ոչ միայն Հայաստանում։ Ես ուզում եմ Գրասում սովորել՝ Ֆրանսիայի օծանելիքի քաղաքում։ Արդեն էդ քաղաքի բույրը, ի դեպ, մտքումս «պատկերել եմ»։ Կփորձեմ դրանով առաջ գնալ, շարժվել, հուսամ՝ մի քանի տարի անց կլինեմ հենց էդ քաղաքում, հենց էդ համալսարանում ու ևս մի քանի տարի անց՝ գիտելիք ստանալուց հետո կվերադառնամ, Հայաստանում կծավալեմ իմ գործունեությունը։
— Առաջարկում եմ հենց հիմա խոստանալ, որ ուսանելուց հետո կգաք ինձ մոտ հարցազրույցի և կպատմեք մի շատ հանճարեղ հոտ հորինած լինելու մասին։
— Խոստանում եմ։

Տարիներ անց, հավանաբար, ի դեմս Տոնյանի մի նոր գիտնական կունենանք, ով կուսումնասիրի ամենամոգական երևույթներից մեկը՝ բույրը։ Նա կստեղծի սրվակներ, որոնք կդառնան հիշողություն կոնկրետ մարդկանց մասին։ Հետո ուրիշները մի պատահական ճանապարհով քայլելիս կզգան, օրինակ, քամու ու ծովի բույրերի համադրությունն ու կհիշեն կոնկրետ մեկի մասին։ Մարդուն ուսումնասիրողներն էլ կվերահաստատեն՝ մեր ուղեղը խելացի է, նա ոչինչ չի մոռանում և գիտի՝ ինչ նկատելիս ում հիշել։

Կարդացեք նաև

Back to top button