
Կյանքի երեք խճճված պատմություն «Կարմա» հոգեբանական դրամայում ու հստակ ուղերձ՝ անտարբեր մի եղեք։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Շունչ» թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել նոր ներկայացում։ Այն մեր օրերի ու նաև մեր անտարբերության մասին է։
Երեք կյանք, երեք ճակատագիր, երեք ճանապարհ, որոնք հատվում են նույն խաչմերուկում։ «Շունչ» թատրոնը ներկայացնում է «Կարմա» հոգեբանական դրաման։ Այն պատմություն է երեք տղամարդկանց մասին, որոնք հայտնվում են ստի և ճշմարտության կիզակետում։ Որոշումներ, պայքար և զղջում։ Ներկայացումը մեր օրերի մասին է՝ «Ռադիոլուր»-ին պատմում է ներկայացման ռեժիսոր Շուշան Ղազարյանը։
«Ինչո՞ւ այս թեման։ Իրականում մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, բոլորս պետք է գնանք դեպի Աստված՝ ապաշխարելու, ընդունելու մեր մեղքը։ Սա կարևոր թեման է, որի մասին փորձել ենք բարձրաձայնել»,-ասում է Շուշան Ղազարյանը։

Կյանքում ամեն ինչ վերադառնում է․ սա է Կարմայի օրենքը։ Պիեսի հեղինակ Էդգար Կոստանդյանը նկատում է, որ «Կարմա»-ն այն քիչ գործերից է, որը վերնագրից են սկսել, հետո դրա շուրջ կառուցել են պիեսը։ Սերյան Մովսիսյանի կերպարը մեծացել է մանկատանը, հետո նրան որդեգրել են։ Ծնողները տվել են ամեն ինչ՝ բացի սիրուց։ Ու այստեղից էլ սկսվել է կերպարի ողբերգությունը։
«Գլխավոր մեսիջը՝ անտարբեր մի եղիր կողքինիդ նկատմամբ։ Կողքինիդ կյանքի որակը, ինչու չէ, կախված է նաև քեզանից, մեր կյանքի որակն էլ կախված է կողքի մարդկանցից։ Փորձել ենք տեղ հասցնել այն միտքը, որ յուրաքանչյուր վատ քայլի համար պատասխան եք տալու, լինի երկնային, թե երկրային կյանքում»։
Սաշա Սուքիասյանի կերպարը հանցագործ է։ Ինչ-որ փուլում նա սկսում է վերլուծել իր վարքը ու եզրահանգումներ անել։
«Մարդն ինչքան էլ իր ներսում ունի մեկին, որն ասում է՝ դու մեղավոր ես, բայց, միևնույն, է նա ուզում է աշխարհին ապացուցել, որ ինքն անմեղ է»։

«Թեման շատ խոցելի է, բայց վստահ ենք, որ պրեմիերայից հետո ներկայացումը սիրվելու է»,- ասում է Թատրոնի համահիմնադիր, դերասան Սամվել Դանիելյանը, որը ներկայացման մեջ մարմնավորել է բժշկի կերպարը։
«Ներկայացումը անտարբերության մասին է։ Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ նույնիսկ ընտանիքում են անտարբեր միմյանց նկատմամբ։ Պետք է այդպիսի պատվիրան լինի՝ անտարբեր մի անցի՛ր։ Դա կարող է շատ փոխել մեր երկիրը, շրջապատը։ Իսկ «Կարմա»-ն այսօր ասեց իր ասելիքը։ Մենք շատ ցցուն ցույց տվեցինք, որ յուրաքանչյուր մարդ որևէ արարք գործելուց առաջ շատ ծանր ու թեթև պետք է անի ու էնպես ապրի, որ դիմացինին չվնասի, քանի որ դա հետ է գալու»,-ասում է դերասանը։
Ներկայացման կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է, բեմանկարիչը՝ Տիգրան Հարությունյանը։ Ապրիլի 2-ին «Կարմա»-ն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասում է իր հանդիսատեսին։




