
Բուսական յուղ, կաթնամթերք, միս․ միջազգային շուկայում անցյալ տարի այս ապրանքախմբերում գների բարձրացում է արձանագրվել։ Սրանք հինգ հիմնական ապրանաքախմբերից երեքն են, մյուս երկուսը հացահատիկային արտադրանքն ու կաթնամթերքն են։
Դրանց շուկայական գների ուսումնասիրության արդյունքում ձևավորվում է ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության համաշխարհային գների ինդեքսը։ Այն հրապարակվում է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան կտրվածքով։
Որոշ ապրանքների մասով Հայաստանն ունի ինքնաբավության բարձր մակարդակ՝ միրգ ու հատապտուղ (103․1 տոկոս), բանջարեղեն ու բոստանային կուլտուրաներ (97․4 տոկոս), խաղող (106․6 տոկոս), ոչխարի ու այծի միս (106․1 տոկոս), ձու (98․8 տոկոս), կարտոֆիլ՝ (99․2 տոկոս)։
Ինքնաբավության ցածր մակարդակ է խոզի մսի ( 48 տոկոս), հատիկաընդեղենային մշակաբույսերի (35․2 տոկոս), ցորենի (27․9 տոկոս), բուսական յուղի (0 տոկոս), թռչնի մսի (25․7 տոկոս) դեպքում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է․
«2024-ից սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների մասով՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, արևածաղկի սերմ, կատալիզատորներ և այլն: Դա ինքնաբավության պահպանման համար է արվել»:
2024-ին աշխարհում հինգ հիմնական ապրանքախմբերից երեքում գները բարձր են եղել։ Տարեկան կտրվածքով դրանք նվազել են մոտ 2 տոկոսով։ «Սա ի հաշիվ հացահատիկի գների (13․3 տոկոս ) նվազման, շաքարի գնի (13․2 տոկոս ) կտրուկ նվազումների»՝ բացատրում է ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը։ Նա ընդգծում է՝ թե՛ երեք հիմնական ապրանքախմբերում գրանցված գնաճի, և թե՛ կտրուկ նվազման դեպքում ազդում են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ բնակլիմայական պայմանները։ Առանձին խմբերի դեպքում այլ գործոններ նույնպես կան։
«Կաթնամթերքի դեպքում՝ կարագի գինն է կտրուկ բարձրացել, շաքարի գնի նվազման դեպքում՝ արտադրող երկրներում շաքարեղեգնի արտադրության բարձր աճ է ակնկալվում։ Հացահատիկի շուկան կայուն է, քանի որ բերքի ծավալներն են մնացել անփոփոխ։ Գների ինդեքսի հաշվարկման հիմքում 2014-2016 թթ միջին ցուցանիշներն են»։
Մասնագիտական դաշտում ընդգծում են, որ կլիմայի փոփոխությունն ու աշխարհաքաղաքական իրադարձությունները, հակամարտությունները այն գործոններն են, որոնք կարող են հանգեցնել մատակարարման շղթաների խափանումների, հետաձգված մատակարարումների, լոգիստիկ երթուղիների փոփոխությունների։
ԱԶԲ-ն ամենամեծ ռիսկերը տեսնում է գյուղատնտեսության ոլորտում, և բոլոր ծրագրերի ամենակարևոր նպատակը համարում է դիմակայության բարձրացումը։ Մասնավորապես, եթե ծրագիրն ուղղված է ինտենսիվ այգեգործությանը, ակնկալում են, որ դրա իրականացմամբ նոր, ավելի դիմակայուն համակարգ կստեղծվի, ինչի արդյունքում ավելի մեծ տնտեսական արդյունք կգրանցվի։
«Կաթիլային կամ ժամանակակից համակարգերի ներդրումն, օրինակ, որի արդյունքը առավել դիմակայուն համակարգերի ստեղծումն է։ Այս ոլորտում ավանդական պրակտիկաները, որ այսօր իրականացնում են, հաճախ ձախողվում են։ Մենք Շիրակում ու Տավուշում, որոնք առավել խոցելի են կլիմայական ռիսկերի տեսանկյունից, իրականացնում ենք պիոլտային ծրագրեր։ Դրանց հիմքում տնային տնտեսություններում, փոքր ֆերմաներում արևային պանելների տեղադրումն է, որը նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսը, առաջացած խնայողությունն ուղղում են կլիմակայուն միջոցառումներին։ Ներդնում ենք կաթիլային ոռոգման համակարգեր»։
Գյուղոլորտի վրա կլիմայի ազդեցության օրինակներից մեկն էլ գյուղացիների այն դժգոհությունն է, որ ավանդական մշակաբույսերի՝ նույն սկզբունքով մշակելը ցանկալի արդյունք չի տալիս։
«Սովոր են կոնկրետ մշակաբույսի ցանքսը կատարել այսինչ ամսին, ջրել պրոտոկոլով, օգտագործել պեստիցիդները։ Բայց կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ կոնկրետ մշակաբույսերի օրացույցն է փոխվում։ Ժամանակակից աշխարհում տարբեր մեթոդներ կան, ինչպես անել, որ տեղեկատվությունը ըստ օրացույցի ֆերմերին հասանելի դառնա»։
ԱԶԲ կլիմայի փոփոխության մասնագետը նկատում է՝ զարգացած երկրներում հիդրոօդերևութաբնության և ագրոօդերևութաբանության կենտրոնները համատեղ տեղեկություն են ներկայացնում գյուղացիներին՝ ըստ տարածաշրջանների ու մշակվող բերքի տեսակների։ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է «2020-2030 թթ գյուղատնտեսության զարգացման ռազմավարութունը»։ Փաստաթուղթը մշակվել է ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության և USAID-ի մասնագետների աջակցությամբ։




