ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թանկարժեք ավտոբուսները՝ որևէ անգամ չշահագործված ու բաց երկնքի տակ․ Գյումրին դեռ սպասում է իր կանաչ փոխադրամիջոցներին

Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուր»-ի համար

2024 թվականի օգոստոսին Գյումրի բերված էլեկտրական հինգ ավտոբուսները մինչ օրս չեն շահագործվում։ Այս մասին բարձրաձայնում է Գյումրիի արդեն լուծարված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

«Արև» անունը կրող  էլեկտրական ավտոբուսները համայնքը  ձեռք էր բերել Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ֆինանսավորմամբ, բայց դրանք մինչ օրս կայանված են «Գյումրի ավտոբուս» ընկերության բակում՝ բաց երկնքի տակ։

Գյումրիի երթուղային ցանցը սպասարկվում է միայն միկրոավտոբուսներով, որոնք առավելապես ձեռք են բերվել սուբվենցիոն ծրագրերով։ Ավտոպարկը համալրելու և երթուղիների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով՝ դեռ 2020 թվականին համայնքապետարանը որոշեց Եվրամիության ֆինանսավորմամբ 5 էլեկտրական միկրոավտոբուս ձեռք բերել։

Ծրագիրը դրամաշնորհային էր, նպատակը՝ համայնքում մաքուր միջավայրի ստեղծումն ու հասարակական տրանսպորտի ժամանակակից սմարթ համակարգի ներդրումը։ Ծրագիրն, ի դեպ, ուներ նաև պլաստիկի վերամշակման հոսքագիծ ներդնելու բաղադրիչ, որն այդպես էլ չիրականացվեց։

Ժամկետների խախտումներով կանաչ էկոավտոբուսները նախորդ տարի օգոստոսին հասան հանրապետության երկրորդ քաղաք։ Գյումրիի արդեն լուծարված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է․  

«Էտ ավտոբուսները բերվել են համայնք, պաշտոնապես ներկայացվել են Գյումրու կենտրոնական հրապարակում, բոլորն ուրախացել են, մի բան էլ գյումրեցու ոգևորությամբ նշվեց, որ առաջինը գնացքն է մուտք եղել Գյումրի, հիմա էլ էլեկտրական ավտոբուսներն են մուտք լինում։ Դրանից հետո ի՞նչ էր անհրաժեշտ անել։ Անհրաժեշտ էր, որպեսզի ավագանին որոշում կայացներ, էդ գույքը նվիրատվություն ընդուներ՝ որպես իր սեփականություն»։

Իսկ ավագանու նիստեր չգումարվելու պատճառն, ըստ Կարեն Մալխասյանի, «Բալասանյան դաշինքի» անդամների ու քաղաքապետի անակնկալ հրաժարականներն են եղել, որից հետո հրավիրված նիստերը, քվորում չլինելու պատճառով, չեն կայացել։ Մինչդեռ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշում է, որ ցանկության դեպքում հնարավոր էր ավագանու մյուս 19 անդամներով նիստ հրավիրել ու ավտոբուսները որպես համայնքային գույք ընդունելու որոշում ընդունել։

«Մենք կարող էինք մնացած ավագանիներով, (ավագանու 19 անդամ էինք մնացել), հրավիրել ավագանու նիստ և էդ գույքն ընդունել որպես համայնքի սեփականություն։ Ըստ էության, անհրաժեշտ էր մեկ տողանոց որոշում ՝գույքն ընդունել սեփականություն»։

Արդեն հինգ ամիս է՝ Գյումրին գործող ավագանի չունի։ Ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ եթե անգամ ավագանու նիստեր լինեին էլ, միևնույնն է, գույքը որպես սեփականություն ընդունել հնարավոր չէր լինի, քանի որ մեկ միլիոն 700 հազար եվրո ընդհանուր արժեքով Եվրամիության ծրագիրը ներառում էր և Վանաձոր, և Գյումրի համայնքները, որոնց երկուսին էլ տրամադրվել է 5-ական էլեկտրական ավտոբուս։ Վանաձոր համայնքը նույնպես գույքը որպես սեփականություն չի ընդունել՝ կրկին գործող ավագանի չունենալու պատճառով։

Սարիկ Մինասյան․ «Վանաձորի ավագանին մինչ օրս չի ընդունել, չի փոխանցել Գյումրի համայնքի ավագանուն, հետևաբար, անօրինական շահագործե՞լ ավտոբուսները, դա, չգիտեմ, լուրջ չի։ Վերցնել դա, դարձնել շահարկման թեմա՝ ևս անլուրջ է։ Մեր քաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի, մենք զբաղված ենք այդ գործերով»։

Էլեկտրական ավտոբուսներն այժմ կայանված են «Գյումրի ավտոբուս» ընկերության բակում՝ բաց երկնքի տակ, քանի որ դրանք երկար են, իսկ համայնքը համապատասխան փակ տարածք չունի՝ թանկարժեք մեքենաները կայանելու համար։

Ավտոբուսները հնարավոր կլինի շահագործել միայն արտահերթ ընտրություններից հետո՝ բացատրում է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Երբ ձևավորվի նոր ավագանու կազմը, այդ ժամանակ էլ կքննարկվի նաև ավտոբուսները որպես համայնքային սեփականություն ընդունելու հարցը, իսկ մինչ այդ տրանսպորտային միջոցները երթուղի դուրս բերելը Մինասյանը համարում է անօրինական գործընթաց։

«Մենք անօրինական գործողություններ չենք անի։ Հիմա, որ հանեինք էտ ավտոբուսներն ու սկսեինք շահագործել, մեզ մեղադրելու էին ավտոբուսներն առանց տեխնիկական վկայականների, առանց համապատասխան պետհամարանիշների շահագործելու մեջ․․․ ո՞վ է թույլ տվել, գովազդ են անում և այլն։ Մենք գնում ենք օրենքի կետին, տառին համապատասխան»։

Գյումրիի արդեն լուծարված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը ևս օրենքի դրույթները խախտել չի ցանկանում։ Կարեն Մալխասյանը նշում է, որ դեռ դեկտեմբերին ծրագրի ղեկավարն է իրեն դիմել ավտոբուսների չշահագործման խնդրով, փորձել լուծման տարբերակներ գտնել, բայց մինչ օրս որևէ քննարկում չի կազմակերպվել խմբակցությունների մասնակցությամբ։

«Մտահոգող է, թե ինչու ՔՊ-ն նիստ չի նախաձեռնում, մեզ չի հրավիրում։ Ծրագրի ղեկավարն էլ է անհանգստացած։ Մի պահ ինձ թվաց, թե միջնորդի դեր է կատարում, բայց չէ, զրույցի ընթացքում ես հասկացա, որ իր մոտ էդ մտահոգություններն էին։ Նա փորձել էր բոլորի հետ զրուցել, կոնսուլտացիա անել էդ հարցի շուրջ, որպեսզի կարողանան գույքը ընդունել։ Դրանից հետո հանդիպում չենք ունեցել, էսպես մնացել է, և ես էդ հարցը հանրայնացրի»։

Ի դեպ, ավտոբուսների ձեռք բերման գումարը ներառել է նաև էլեկտրական լիցքավորման կայաններ կառուցելու ծախսերը։ Այս մասով Սարիկ Մինասյանը նշում է, որ մալուխներ անցկացնելու գործընթացն էլցանցի հետ արդեն ընթացքի մեջ է։

«Հանձնարարել ենք, էլցանցի հետ զբաղվում ենք վերալիցքավորման կայանների տեղադրմամբ։ Էդ հզորությունները ո՞նց են ապահովում, դրա ապահովման աշխատանքներով, որպեսզի, հենց ավագանու նիստ գումարվեց կամ ընտրություններից հետո՝ Վանաձորի նոր ավագանու ընդունելուց հետո, մեր ավագանին ընդունեց էդ հինգ ավտոբուսները, մենք ունենանք արդեն պատրաստի լիցքավորման կայաններ և սկսենք շահագործել»։

Մինչդեռ ընդդիմադիր ավագանու անդամ Կարեն Մալխասյանը հակադարձում է՝ պնդելով, որ լիցքավորման կայանների մալուխներն անցկացվել են դեռ ամիսներ առաջ։

«Իմ ունեցած տեղեկությամբ՝ մալուխներն անցկացված են, թույլտվությունը տրված է, որոշված է՝ էդ սարքերը որտեղ են տեղադրվելու։ Որոշվել էր, որ տեղադրվելու է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում։ Հասցրել են տարածք ու էդպես մնացել են»։

Էլեկտրական հինգ ավտոբուսների խնդիրը դեռ չկարգավորած՝ Գյումրիի համայնքապետարանը նախատեսում է սուբվենցիոն ծրագրով այս տարի ձեռք բերել ևս 11 ավտոբուս, որոնք նախատեսում են շահագործել ներքաղաքային նոր երկու երթուղիներում։ Բայց, ըստ որոշ գնահատումների, մինչև ապրիլ նման ծրագրերից խոսելը ժամանակավրեպ է, քանի դեռ ավագանու արտահերթ ընտրությունների ելքը հայտնի չէ։  

Կարդացեք նաև

Back to top button