Հասարակություն

Տիգրանակերտը մեր ինքնության բացահայտման ամենահզոր գործոններից մեկն է.գիտնական

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արցախի Տիգրանակերտի 2014 թվականի հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական եզակի դամբարան, պեղումների ընթացքում բացվել են բնակելի տնտեսական համալիրներ, Տիգրան արքայի կառուցած ամրոցի հյուսիսային պարիսպը ՝ շրջանաձև աշտարակով: Տիգրանակերտի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումները հասցրել է մինչև Ամարաս, որտեղ բացվել է Գրիգորիսի դամբարանի արևելյան հատվածը: Թեմայի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական աշխավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Ամեն օր արթնանում ենք առավոտյան ժամը չորսին, որովհետև ամառային շոգ եղանակին կեսօրից հետո աշխատել հնարավոր չէ: Առանց ընդմիջման աշխատում ենք մինչև 12-ը: Հուշարձանից վերադառնում ենք, հանգստանում ու ժամը 17-ից սկսում մեր աշխատանքը արդեն գտածոների հետ»,- «Արցախի հնագիտական արշավախմբի աշխատանքային առօրյան է ներկայացնում աշխավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Ամփոփելով 2014- թվականի արդեն ավարտված հնագիտական աշխատանքների արդյունքը նշում է.«Պեղումների ընթացքում բացվել են բնակելի տնտեսական համալիրներ, Տիգրան արքայի կառուցած ամրոցի հյուսիսային պարիսպը ՝ շրջանաձև աշտարակով: Հայտնաբերվել է վաղ քրիստոնեական եզակի դամբարան»:

Տիգրանակերտի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումները հասցրել է մինչև Ամարաս, ուսումնասիրել Գրիգորիսի դամբարանի արևելյան հատվածը, ինչը Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի վերաբերյալ ուշագրավ նոր բացահայտումների հնարավորություն է տվել: Ըստ Համետ Պետրոսյանի՝ Տիգրանակերտում հնագիտական աշխատանքների մեկնարկից ի վեր, 10 տարիների ընթացքում հուշարձանի վերաբերյալ 100-ից ավելի հրատարակություններ են եղել, սակայն առ այսօր չկա Տիգրանակերտի ֆենոմենը ներկայացնող ակադեմիական մենագրություն: Հայաստանի ոչ միայն գիտական, այլև քաղաքական դաշտի ընդհանրական վերաբերմունքը Տիգրանակերտի հանդեպ գիտնականը բնորշում է մեկ բառով այն է՝ անտարբերություն: Փոխարենն այս հուշարձանի հանդեպ չի մարում Ադրբեջանի ակտիվությունը: Այս երկիրը շարունակվում է իրականացնել ամենատարբեր ակցիաներ, հրատարկել հոդվածներ՝ Տիգրանակերտում իրականացվող աշխատանքները բնորոշելով որպես քաղաքական պեղումներ:

«Տիգրանակետրը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության ինքնության բացահայտման ամենահզոր գործոններից մեկն է»,-ասում է Համլետ Պետրոսյանը: Այդ գործոնը ոչ միայն դարերի հողե նստվածքի տակից բացահայտելու, այլև այն հանրահռչակելու անհրաժեշտությունն է տեսնում գիտնականը: Ինչպես ասում է՝դժվար է մեր երկրում արարել ի հեճուկս, բայց արարման ուրիշ ճանապարհ Հայաստանում առայժմ չի տեսնում: Այդուհանդերձ երջանիկ է, որովհետև. «Ես այն եզակի մարդկանցից եմ, որ մեր երկրում ունեցել եմ երազանք և մեր երկրում կարողացել եմ այդ երազանքը իրականացնել»:

Կարդացեք նաև

Back to top button