Երաժշտական եռանկյունի

Կամերային երաժշտության կենտրոնը 2025-ի շեմին. «Երաժշտական եռանկյունի»

Մեր ավանդական դարձած հանդիպումները Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ լուսաբանում են այս կարևոր մշակութային կառույցի գործունեությունն ու հիմնական գործառույթները։ Այս անգամ կենտրոնի գեղարվեստական մասի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի և դաշնակահարուհի և երգեհոնահարուհի Կարինե Հովհաննիսյանի հետ ամփոփեցինք անցած տարվա ձեռքբերումները և 2025-ի ստեղծագործական պլանները։

«Անցած տարին հարուստ էր մեծ ձեռքբերումներով․ վերանորոգվեց դահլիճի՝ տարածաշրջանում նմանը չունեցող երգեհոնը, ձեռք բերեցինք նոր համերգային Սթեյնվեյ ռոյալ, Ճապոնիայի դեսպանության օժանդակությամբ հնչյունային նոր տեխնիկայով համալրեցինք մեր ձայնային սարքավորումները։ Այդ ամենը խթանեց նաև կենտրոնի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով», — ասում է Արմեն Սուքիասյանը։

Երգեհոնային երաժշտության ավանդական դարձած միջազգային փառատոնը կենտրոնի հետևողական աշխատանքի արդյունքն է։ Հյուրերը նշեցին, որ տարիներ առաջ մտահղացած «երգեհոնային համերգներ» շարքը ինքնաբերաբար բերեց Վահագն Ստամբոլցյանի երազած փառատոնի կայացմանը։

«Մեզ համար առավել կարևորված է այն հանգամանքը, որ փառատոնի բարի համբավն այսօր ձգում է տարբեր երկրներից երաժիշտներին, ստեղծում միջազգային ճանաչման հնարավորություն և այդպիսով՝ խթանում երգեհոնային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը նաև երկրի ներսում։ Ի դեպ, մենք չենք սահմանափակվում միայն Կոմիտասի անվան երաժշտության տան դահլիճով։ Փառատոնի համերգների մի մասը անցկացվել է Գյումրիում, Կապանում և Չարենցավանում», — հավելեց Կարինե Հովհաննիսյանը։

2011 թվականից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի դասական և ժամանակակից հեղինակների արվեստին, մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսում նոր ստեղծագործությունների ստեղծումը: 

ԿԵԱԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ Հայաստանի մարզերում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում:

ԿԵԱԿ-ի կազմում գործում են  կամերային ժանրի հայաստանյան լավագույն երաժշտախմբերը՝

  • Հայաստանի պետական կամերային նվագախումբ․ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան
  • Հայաստանի պետական կամերային երգչախումբ․ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան
  • Հայաստանի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ․ գեղավեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան
  • Երևանի պետական կամերային երգչախումբ․ խմբավար Քրիստինա Ոսկանյան
  • «Հովեր» պետական կամերային երգչախումբ․ խմբավար Սոնա Հովհաննիսյան
  • Կոմիտասի անվան լարային քառյակ․ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյան

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև համագործակցում է այլ խմբերի և կատարողների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր:

Կարդացեք նաև

Back to top button