Երկրորդ շնչառություն

87 տարեկանում դահուկասահք և քարտեզագիտություն. Ռուբեն Գալչյանի հայրենադարձության պատմությունը․ «Երկրորդ շնչառություն»

87 տարեկանում՝ դահուկների վրա, առողջ մարմնով ու մտքով Ռուբեն Գալչյանը ժպիտով է հիշում, թե ինչպես են Ապարանում տարակուսած ստուգել իր անձնագիրը, երբ մոտեցել է դահուկներով ու ստացել իր տարիքին բաժին հասած զեղչը, քանի որ ծնվել է 1938 թվականին: «Երեկոյան 7-ից հետո ոչինչ չեմ ուտում, անգամ միրգ ու բանջարեղեն»,- ասում է նա՝ բացատրելով, որ տարիքին բնորոշ հիվանդություններն էլ կառավարելի է պահում:

Մեծ եղեռնից մազապուրծ ծնողների զավակը՝ Ռուբենը ծնվել է Իրանում, որտեղից դպրոցն ու բուհն ավարտելուց հետո մասնագիտանալու և կրթությունը շարունակելու համար տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ արդեն մի քանի տասնյամյակ ընտանիքի հետ հաստատվել ու գործունեություն է ծավալում հայրենիքում:

«Թոռներիս ասել եմ, եթե ուզում եք տեսնել ինձ, եկեք Հայաստան: Ու գալիս են, գիտե՞ք, անցած տարի մի քանի անգամ են եկել իրենց հարսնացուների հետ, որ փորձում են սովորել մեր լեզուն»,- հպարտությամբ պատմում է զրուցակիցս:

Առաջին անգամ Հայաստան այցելել է խորհրդային տարիներին, որքան էլ կարգերը խորթ էին, ժողովուրդը շատ հարազատ էր: Օգնություն՝ Սպիտակի երկրաշարժից հետո, իսկ Անկախության առաջին տարիներից ուժերի ներածին չափով Հայաստանի նորաստեղծ Հանրապետության կողքին է եղել:

«Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը սկսեց գործել մեր տան սենյակներից մեկում, ես մի քանի տարի պատվո հյուպատոսն էի, առաջիններից ստացա հայկական անձնագիր»,- պատմում է Ռուբեն Գալչյանը: Նրա համոզմամբ, մարդն իրեն հանգիստ է զգում իր հողի վրա, որտեղ եղած խնդիրները պետք է փորձի սրտացավ կերպով լուծել պատկան մարմիններին դիմելուց առաջ:

Դեռ մանկուց հետաքրքված լինելով քարտեզներով՝ արդեն հասուն տարիքում Ռ.Գալչյանը սկսում է լրջորեն տարվել դրանցով և ուսումնասիրել բրիտանական արխիվներում պահպանվող քարտեզների բնօրինակները բնագրերով, որոնցից ամենահներն անպայմանորեն ներառում են Հայաստանը:

Հնագույն քարտեզները Ռ.Գալչյանը հրատարակել է հայերենով, անգլերենով, ռուսերենով ու անգամ թուրքերենով: Այսօր պատրաստ է իր կատարած հետազոտություններն ու արխիվային նյութերը տրամադրել այն երիտասարդ հայ մասնագետին, որ իսկապես կարող է շարունակել գործը: Ներկայացնում է իր մեծ գերդաստանի պատմությունն ու ծրագրերը, որ իրականացնում են հայրենիքում՝ ի նպաստ հայ ժողովրդի:

Կարդացեք նաև

Back to top button