ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանյան օրակարգը մյունխենյան անվտանգության համաժողովում

Հայաստանի վարչապետը Մյունխենում մասնակցում է անվտանգության 61-րդ համաժողովին։ Այստեղ փետրվարի 14-ից 16-ը քննարկվելու են գլոբալ անվտանգության խնդիրները։ Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»: Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:

Մյունխենը Նիկոլ Փաշինյանի երրորդ պաշտոնական կանգառն է վերջին տասնօրյակի ընթացքում․ Հայաստանի վարչապետը  4 օր Միացյալ Նահանգներում էր, 2 օր՝ Փարիզում, այժմ Մյունխենում է։

Անվտանգության համաժողովի բացման արարողությանը մասնակցելուց բացի, ըստ հաղորդագրության, Հայաստանի վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Պանելային քննարկումներին մասնակցություն այս անգամ նախատեսված չէ։

Մյունխենյան հանդիպումների  արդյունավետությունը դեռ վաղ է գնահատել՝ կարծում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։

«Ժամանակը ցույց կտա՝ օգտակա՞ր էր, թե՞ անօգուտ։ Մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր առաջ դուռ են փակում, մենք պետք է պատուհան բացենք, պատուհանից մտնենք։ Պատուհանն են փակում, պետք է ծխնելույզից մտնենք, ծխնելույզն էլ փակեն՝ պետք է պատի տակից փորենք ու նորից  մտնենք։ Մեր իրավիճակն այդպիսին է։ Ընդ որում՝ մեր իրավիճակն այդպիսինն է և ԵՄ–ի, և ԱՄՆ–ի հետ խոսակցության մեջ։ Ես կարծում եմ՝ նույն իրավիճակը պետք է լինի  Ծոցի երկրների հետ մեր հարաբերություններում»։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանի հանդիպումներից մեկը Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի՝ ԱՊՐԻ Արմենիայի և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» թեմայով էր։

Միջոցառման մասնակիցները քննարկել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այս քննարկման հիմնական մասը փակ ձևաչափով է ընթացել։  

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված բալանսավորված արտաքին քաղաքականության ամրապնդմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։ 

Վարչապետը  նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ Հայաստանի վարչապետը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։

Անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Նրանց զրույցն ուշագրավ է հատկապես Հայաստանի ԱԺ–ում ԵՄ–ին առնչվող  քվեարկության համատեքստում։  Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Քննարկվել են նաև Հայաստանի խաղաղության օրակարգին միտված ծրագրերը։

Նախորդ տարիներին Մյունխենի անվտանգության համաժողովի հետ, ի դեպ, միջնորդ պետությունները մեծ հույսեր էին կապում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ այդ հարթակում հանդիպում կազմակերպելու և խաղաղության օրակարգը քննարկելու  տեսանկյունից։ Նախորդ տարի Վաշինգտոնն էր լավատես՝ 2023–ին Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությությունից ելնելով։ Իսկ ավելի վաղ Մյունխենի նույն հարթակում տեղի էր ունեցել Փաշինյան–Ալիև հայտնի բանավեճը, երբ նրանք մասնակցում էին Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Այն ժամանակ Փաշինյանն ու Ալիևը ուղիղ բանավիճեցին՝ հասնելով մինչև Տիգրան Մեծի ժամանակներ, երբ տարածաշրջանում, ըստ Փաշինյանի՝ ընդամենը երկու ազգ կար հայերն ու վրացիները։

Այս անգամ հայ–ադրբեջանական շփումների ակնկալիք Մյունխենից չկա։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը համոզված է, որ բանակցային գործընթացը դանդաղել է Ադրբեջանի պատճառով։

«Կա դադար հայ-ադրբեջանական հարթակում, որն ադրբեջանական է, որովհետև վերջին փաթեթը Հայաստանն է ուղարկել Ադրբեջանին։ Ընդ որում՝ այնտեղ կան և՛ առաջարկություններ կոմունիկացիաների թեմայով,  կան առաջարկություններ և Խաղաղության պայմանագրի թեմատիկայով ։ Նոյեմբերից փաթեթն ուղարկված է, և մինչև հիմա պատասխան չկա։ Այսինքն՝ դադարը հստակ Ադրբեջանն է վերցրել»։

Մյունխենի անվտանգության այս տարվա համաժողովի զեկույցը «ապաբևեռացման» մասին է։ 2025–ի զեկույցը վերլուծում է միջազգային կարգի բազմաբևեռացման հեռահար հետևանքները՝ ընդգծելով միջազգային կարգի էական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Մյունխենի անվտանգային համաժողովին վարչապետի հետ մասնակցում են նաև Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջինը  Մյունխեն է ժամանել Հնդկաստան կատարած այցից հետո։

Կարդացեք նաև

Back to top button