ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հասարակական գիտությունների զարգացումը նույնպես կարևոր է․ «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին»՝ երկօրյա համաժողով Երևանում

Երևանում աշխատանքն է սկսել «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովը։ Երկօրյա համաժողովի առաջին օրը նվիրված էր հասարակական գիտություններին։ Քննարկվող բոլոր թեմաների առանցքում մարտահրավերներն են ու զարգացման հեռանկարները։ Ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ հասարակական գիտությունները նույնքան կարևոր են, որքան բնական ու տեխնոլոգիական գիտությունները։ Ի վերջո, տեխնոլոգիաները նույն մարդն է ստեղծում։ Մարդն էլ կառավարում է դրանք։

Հայտնագործությունն արվում է, իսկ ո՞վ է իմաստ տալիս դրանց, առարկայացնում․ մարդը՝ ասում են հասարակական գիտություններով զբաղվող գիտնականները։ Միաժամանակ ընդգծում են՝ 21–րդ դարը մարդու՝ որպես կենտրոնական խաղացողի դարաշրջան է, կորցնում ենք մարդուն որպես այդպիսին։ Պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Հայաստանում, ինչպես և Արևմուտքում հիմնական ուշադությունը բնական ու տեխնոլոգիական գիտությունների վրա է։ Միաժամանակ նշում է՝ մի շարք հեղինակավոր կազմակերպություններ տեխնոգիական զարգացմանը զուգահեռ սկսել են կարևորել մարդուն․

«Ստանում ենք տեխնոլոգիացված մի արարած, որին պետք է հասկանալ, որի հետ պետք է աշխատել։ Սա կար նաև Արևմուտքում։ Այնտեղ հասկացել են։ Ես միշտ այս օրինակն են բերում՝ համաշխարհային խոշորագույն ընկերությունները՝ Google-ը, Apple-ը սկսել են ավելի շատ փիլիսոփաների, պատմաբանների աշխատանքի ընդունել։ Այդ մարդիկ են, որ հայտնագործություններին պետք է իմաստ լինեն»։

Գիտնականը վստահ է՝ հայտնագործությունը, որպես տեխնիկական գործիք, արժեք չունի, եթե դրա մեջ մարդկային հումանիտար իմաստ չի դրվում։ Սա կարևոր է նաև Հայաստանի համար։

 «Պարտությունից ու Արցախի հայաթափումից հետո հասարակությունը ռեֆլեկցիայի կարիք ունի՝ հասկանալու համար, թե ինչ կատարվեց քեզ հետ։ Դա կարևոր է և՛ տրավման հաղթահարելու համար, և՛ առաջ շարժվելու։ Եթե դու չհասկանաս՝ ինչ կատարվեց  քեզ  հետ, չես կարողանա առաջ շարժվել։ Զենք առնելով ու դրոն պատրաստելով նախ՝ չես բուժի քո հասարակությանը, նաև պատերազմում չես հաղթի, քանի որ այդ դրոնը, ի վերջո, մարդն է կառավարում»։

«Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը, քննարկում է գիտության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։

Առաջին օրվա պանելային քննարկումները հասարակական, երկրորդ օրը՝ տեխնոլոգիական գիտություններին են նվիրված։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ընդգծում է՝ ցանկացած հասարակությունում հասարակական գիտությունները որոշակի քաղաքականացվածություն ունեն։ Բայց սա միակ խնդիրը չէ․

«Ընդհանրապես, հասարակագիտությունում, բայց նաև հայագիտությունում բազմաթիվ հարցերի համար մասնագետ պատրաստելը նվազագույնը տասը տարի է պահանջում։ Եթե մենք 20–25 տարեկան երիտասարդի հետ սկսում ենք աշխատել, նա միայն 40–45 տարեկանում կարող է քեզ քիչ թե շատ լուրջ պրոդուկտ տալ։ Դա սպեցիֆիկ ոլորտ է»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը ընդգծում է՝ հարթակ են ստեղծել, նպատակ ունենալով հզորացնելու Հայաստանը գիտության ու տեխնոլոգիաների միջոցով։ Փորձում են առաջ տանել կարևոր համարվող փոփոխությունները․

«Այսօրվա հարթակը ստեղծվել է երկխոսություն կազմակերպելու համար։ Տարբեր կողմեր ներգրավելով, փորձում ենք քննարկել երկրում առկա խնդիրները»։

Գիտության նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն կա, բայց դա բավարար չէ, անհրաժեշտ, բայց դեռ թերի են իրականացվող քայլերը՝ արձանագրում է։

Կարդացեք նաև

Back to top button