ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հույս և տարակուսանք առաջացնող մեսիջներ․ Թրամփն արեց ռուս-ուկրաինական խնդրի լուծման առաջին քայլերը

Աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխագրերում ԱՄՆ-ՌԴ առաջնորդների մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի մասին տեղեկություններ են, զուգահեռ՝ նաև տարաբնույթ մեկնաբանություններ։ Թրամփը սոցցանցային գրառմամբ ընդգծել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և սերտորեն աշխատել միասին: Կիևից ևս քաղաքական մեսիջները չեն ուշացել։ Եվրոպական մի շարք երկրներ էլ շտապել են տարակուսանք հայտնել հեռախոսազրույցում շեշտված մի շարք մտքերի առնչությամբ և դեմ են արտահայտվել առանց ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցության որևէ բանակցության։ Փորձագետները կարծում են, որ նախ զինադադար պետք է կնքվի և հարցադրում են անում՝ ինչո՞ւ որևէ կերպ չի հիշատակվում ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքներն Ուկրաինային վերադարձնելը։

Գործընթացն սկսված է՝ գրում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված վերջին զարգացումները։ Քաղաքագետները, ռազմական փորձագետները, տնտեսագետները ողջ աշխարհում վերլուծում են Թրամփ-Պուտին երկար սպասված հեռախոսազրույցը։ Պաշտոնական աղբյուրները հաստատում են՝ գերտերությունների ղեկավարները քննարկել են խնդրին առնչվող առանցքային մի շարք հարցեր։ Վերջին անգամ Թրամփն ու Պուտինը խոսել էին 2020թ․ հուլիսին, երբ Թրամփն ԱՄՆ 45-րդ նախագահն էր՝ հիշեցնում է Ռոյթերսը։

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցից հետո տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն երկուսն էլ խաղաղություն են ուզում և պատրաստ են միասին աշխատել այդ նպատակին հասնելու համար։

Թրամփի գրառմանը հաջորդեց տեղեկությունը, որ Թրամփ-Պուտին հանդիպումն արդեն ծրագրված է և նախատեսված է Սաուդյան Արաբիայում։ Թրամփը նաև լրագրողներին հայտնել է, որ նպատակ ունի ավելի ուշ մեկնել Ռուսաստան, նաև հույս է հայտնել, որ Պուտինն էլ կփոխադարձի այցը։ Իսկ Ուկրաինա մեկնելու մասին Թրամփը խոստանում է մտածել։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նա հեռախոսազրույց է ունեցել նաև Զելենսկու հետ և հաջորդիվ գրառում արել․ մեջբերում․

«Շատ լավ խոսակցություն էր։ Բոլորն էլ խաղաղություն են ուզում։ Պուտինը խաղաղություն է ուզում, Զելենսկին խաղաղություն է ուզում, ինքս խաղաղություն եմ ուզում։ Պարզապես ուզում եմ, որ մարդիկ չսպանվեն»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանզազերծած պատերազմական գործողություններին զուգահեռ՝ օրակարգում է մնում ՆԱՏՕ Ուկրաինայի մուտքի հարցը։ Այս առումով ուշագրավ են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի վերջին հայտարարություններն այն մասին, որ ինքն այժմ դա նպատակահարմար չի համարում, և որ Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձը Կիևին, իր գնահատմամբ, քիչ հավանական է։

Քաղաքագետ Արմեն Վարդանյան․ «Ռուսաստանի մի շարք պահանջներ կարող են կատարվել, այդ թվում նաև պահանջը, որ Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ, քանի որ  որևէ երաշխիք չկա, որ հետագայում Ռուսաստանը ևս մեկ անգամ չի հարձակվի՝ նաև իր կորցրած զինանոցը և զինտեխնիկան վերականգնելու նպատակով»։

Փորձագետը չի զարմանում խաղաղության բանակցությունների արագ կազմակերպմանն ուղղված ջանքերից, հիշեցնում է  ԱՄՆ նախագահ Թրամփի խոստումներն՝ օր առաջ հաստատել խաղաղություն։

Թրամփն ու Պուտինն արդեն որոշել են՝ համապատասխան խմբերը պետք է արագ սկսեն բանակցություններ՝ կազմակերպելու հանդիպումը։

Պետդեպն արդեն հաղորդում է,  որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և կայցելի ՆԱՏՕ-ի ու ԵՄ կենտրոնակայան Բրյուսել, որտեղ կհանդիպի դաշնակիցների ու գործընկերների հետ, որոնք պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վերջ դնելու Ուկրաինայում հակամարտությանը և վերականգնելու կայունությունը Եվրոպայում։

Պաշտոնական Մոսկվան էլ իր կողմից է մանրամասներ հաղորդում Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։ ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  տեղեկացնում է, որ նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները   հնարավորինս շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: Պուտինն էլ, ըստ Պեսկովի, նշել է, որ ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի Պուտինը։

Կիևն էլ իր մեսիջն է փոխանցել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին  Տելեգրամում գրել է, որ ԱՄՆ նախագահն իր հետ խոսել է խաղաղության հասնելու հնարավորության մասին՝

«Խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Երկար խոսակցություն էր՝ խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, թիմային մակարդակով միասին աշխատելու պատրաստակամության, եր տեխնոլոգիական հնարավորությունների, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից այլ արտադրության մասին»։

Եվրոպական մի շարք երկրներից, սակայն, տարակուսած ու զարմացական հայտարարություններ են հնչել ու պնդումներ, որ առանց ԵՄ-ի ու Ուկրաինայի ուղիղ մասնակցության՝ խաղաղության բանակցություններն արդյունք չեն տա։

Ոմանք էլ շտապում են «դավաճանություն» որակել բուն բանակցություններից առաջ   ուկրաինական տարածքների զիջումների մասին խոսելը։

Մինչ Թրամփը հայտարարում է Պուտինի հետ իր զրույցի մասին, եվրոպական  մի շարք երկրների արտգործնախարարներ Փարիզում համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով, որ պատրաստ են մեծացնել Ուկրաինային ուղղվող օգնությունը և աջակցել դրա տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում նշվում է․ մեջբերում․

«Մենք պատրաստ ենք մեծացնել մեր օգնությունն Ուկրաինային։ Մենք հայտարարում ենք աջակցություն նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ռուսական ռազմական ագրեսիայի պայմաններում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն էլ, մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, թե անիրատեսական է վերադարձնել Ուկրաինայի կորցրած հողերը, նշում է, որ Պուտինն էլ իր հերթին պետք է հասկանա, որ սա վերջն է և որ նա այլևս չի կարողանա գրավել Ուկրաինայից ոչ մի կտոր։

Կարդացեք նաև

Back to top button