
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո նորից քաղաքական օրակարգում է հայտնվել ԼՂ բանակցությունների բանակցային ողջ փաթեթը հրապարակելու թեման։ Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցրել է 2019–ին ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված կարգավորման փաթեթը, իսկ վարչապետը հակադարձում է, որ, ըստ էության, լուծումներ իրեն չեն առաջարկվել։ Բայց, այնուամենայնիվ, Փաշինյանը վերահաստատել է իր խոստումը, այն է՝ բանակցային փաթեթը հրապարակել փաստաթղթերի գույքագրումից և համակարգումից հետո։
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետը հաստատեց, որ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իր սեղանին դրել են հակամարտության կարգավորմանը միտված փաստաթուղթ, որը նախատեսված է եղել նախագահների ստորագրման համար, բայց և որի բանակցային ընթացքին Փաշինյանն ինքը որևէ մասնակցություն չի ունեցել։
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը սա արտառոց նորություն չի համարում։
«Եթե վերնագրում գրված է նախագահներ, նշանակում է՝ այդ փաստաթուղթը կազմվել է նախագահների ստորագրման համար, հետևաբար, նախագահների իշխանության օրոք։ Այդ փաստաթուղթը կազմվել է այն ժամանակ, երբ Հայաստանում արտաքին քաղաքականությունը որոշել են նախագահները, այսինքն՝ 18 թվականի մայիսից առաջ։ Առաջարկը ոչ թե ձևավորվել է 19 թվականին, այլ 18 -ի առաջին կեսին կամ դրանից առաջ, որովհետև այն հասցեագրված է եղել նախագահներին։ Հիմա անցնենք բովանդակությանն արդեն։ Դա նույն մեզ հայտնի Լավրովի պլանն է, ժողովուրդ ջան, դուք էլի ինչո՞ւ եք մութ սենյակում սև կատու փնտրում։ Հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ նաև կարգավիճակի հարցը, թողնվում է անորոշ ապագային»։
Մինչդեռ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հորդորում է 2019–ի հետ կապված բանակցային դրվագում չմոռանալ կարևոր մի նրբություն․
«Չպետք է մոռանաք, որ այդ ժամանակ Մինսկի խումբը գնացել է նաև Արցախ, հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի, օրինակ, հրամանատարի հետ։ Իրականում բանակցային պրոցեսը շատ կարևոր է, որ տրամաբանված ու հետևողական լինի։ Եվ այդ հետևողականությունը միշտ հանգեցրել է իրավիճակների, որ և Հայաստանն է հասկանալի եղել, և Արցախն է հասկանալի եղել միջազգային միջնորդների խոշոր երեք տերությունների, անգամ նախագահների համար։ Այդ ամբողջ ընթացքում եղել է Վիեննայի հայտարարություն, Սանկտ Պետերբուրգի հայտարարություն՝ շփման գծում կրակի դադարեցման վերահսկողության գործուն մեխանիզմներ կիրառելու մասին, որը 18 թվականից հետո, մեկ էլ տեսնում ես, Մինսկի խմբի մնացած հայտարարություններում այլևս չքանում է, որովհետև Վիեննայի գագաթաժողովում ճնշումով էր, որ Հայաստանը պարտադրեց, որ այդպիսի վերահսկողական մեխանիզմներ կիրառվեն, բայց 18 թվականից հետո այլևս խառնիճաղանջ քայլեր, ու այսպես քայլ առ քայլ խճճվեց ամեն ինչ»։
Ի վերջո, արցախյան հիմնախնդրի կարգավորման ո՞ր տարբերակն էր ամենալավը՝ փուլային, փաթեթային, քիվեսթյա՞ն, թե՞ մադրիդյան, Հայաստանի ղեկավարներից որի օրոք ինչ բանակցվեց ու որտեղ առաջացան բանակցային ճաքերը․այս հարցերը դարձել են ամենաքննարկվողները։
«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանն առաջիկայում պատրաստվում է հանրության դատին հանձնել իր հեղինակած գիրքը ԼՂ բանակցությունների մասին։
Մյուս կողմից գործող իշխանությունը պնդում է, որ ԼՂ բանակցությունների ամբողջական փաթեթն այս պահին հրապարակել հնարավոր չէ, քանի որ փաստաթղթերի հավաքման, ամբողջացման հարցում կանոնակարգված ինստիտուցիոնալ մոտեցում չի եղել։ Գործող իշխանությունն էլ դեռ անելիք ունի այս հարցում՝ հայտարարել է վարչապետը։
«Փոխադարձ քաղաքական կսմիթների ժանրը մի պահ դնենք մի կողմ և կենտրոնանանք բովանդակության վրա։ Այս ընթացքում ինչքան այդ իմ ասածներին ի պատասխան փորձել են փաստեր ի հայտ բերել, հակառակը ապացուցելու համար, բոլոր փաստերը ապացուցել են իմ ասածը։ Ուրիշ բան բանակցելու չի էլ եղել։ Դրանք փաստաթղթավորված իրողություններ են։ Երեք նախագահներն էլ ասում են՝ այ դե թող հրապարակեն։ Դե դո՛ւք հրապարակեք, ո՞նց չունեք։ Հիմա գույքագրվում է, ձեզ չթվա, թե կա բանակցությունների ինստիտուցիոնալացված առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր։ Մի հատը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մի հատը օդորակիչի միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է։ Դուք թողել եք, որ այսպես մի դարակում դրվա՞ծ լիներ։ Որ դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս։ Չկա համակարգված՝ մի տեղում դրած, ցաք ու ցրիվ է»։
Հատկապես ԱԺ նիստերի դահլիճում բանակցային գործընթացի և փաթեթների քննարկումն ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն արհեստական է համարում՝ վկայակոչելով պատգամավորների տարիքային շեմը։
«Դուրս գալով պատգամավորական այս վիճակից, ես ձեզ անկեղծ ասեմ՝ այս Ազգային Ժողովի դահլիճում, այդ որ Քի Վեստ, Մեղրիի փոխանակում, որ ասում են, նայում եմ դահլիճին, դահլիճի 90%-ը այդ օրերին, այդ տարիներին ծնված երեխեք են եղել։ Սադարակի բանակցություններ՝ օգոստոս ամսին, արևի տակ երեք ժամ Քոչարյան– հայր Ալիև բանակցություններ․ հիմա մեկին, որ հարցնես, թե այդ ի՞նչ բանակցություններ են, չի էլ իմանա։ Դա է ցավը, որ հուշաթերթիկի նման գրում են, տալիս են»։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին անտրամաբանական է համարում ընդդիմության պնդումները, թե բանակցային լավ ժառանգություն է եղել նախկին նախագահներից։ Այդ պնդումներին Փաշինյանը հակադարձում է՝ հիշեցնելով ու բացատրելով, թե ինչու սկսեց բանակցությունները իր իսկ ձևակերպմամբ «զրոյական կետից»։
«Եթե բանակցությունները ձախողված չլինեին, «զրոյական կետի» մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի։ Այդ ո՞վ կգար հաջողված բանակցային գործընթացը կասեր ․․․ Ընդհակառակը՝ այդ բանակցային գործընթացը որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ ինչ լավ է, հաջողված բանակցային գործընթաց է, բերեք դափնիները էդ բանակցային գործընթացի վերցնենք մեզ։ Ես զարմանում եմ էլի, դեռ բանակցային գործընթացից եք խոսում, բանակցային գործընթացի հաջողությունից եք խոսում, խոսում եք ԼՂ կարգավիճակի հետ կապված ճանաչել–չճանաչելո՞ւց»։
Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի քննարկել ըստ էության ԼՂ կարգավիճակի հարցը։ Գործադիրի ղեկավարը խոստանում է հրապարակել բանակցային բոլոր փաթեթները դրանց ամբողջական գույքագրումից հետո, սակայն արդեն հիմա ընդդիմությանը զգուշացնում է, որ դրանից իրենց վիճակը չի լավանա։




