ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱԲ-ն կտա՞ լուծում քաղաքական հարցերին․ պաշտոնական Երևանի մեսիջները՝ փարիզյան հարթակներում   

Ֆրանսիա կատարած երկօրյա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, նաև՝ այլ ձևաչափերով քննարկումներ այլ շրջանակների հետ։ Աշխարհի առաջնորդներին Ելիսեյան պալատում մեկտեղել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ Թեև գագաթնաժողովի աշխատանքները մեկնարկել են նախօրեին, բայց պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը փետրվարի 11-ին էր։ Միջոցառմանը մասնակցել են 80 երկրի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գիտնականներ և մշակութային գործիչներ: Սա համարվում է բացառիկ հարթակ ԱԲ զարգացման ռազմավարության և միջազգային համագործակցության համար, քանի որ արհեստական բանականությունը վաղուց դարձել է անվտանգության և պաշտպանության հիմնական գործիքներից:

Արհեստական բանականության զարգացման և կանոնակարգման հարցերը քննարկելու նպատակով Փարիզում հավաքված տարբեր պետությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողնում՝ քննարկելու նաև քաղաքական հարցեր։

Ֆրանսիայի նախագահի անունից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում Հայաստանի վարչապետը կարճ զրույցներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Զրույցների մանրամասները հայտնի չեն, բայց նման շփումները Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը կարևորում է։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ շատ ու շատ հարցեր շատ ավելի հաճախ շատ ավելի հեշտ ու շատ ավելի արագ լուծվում են հենց «ոտքի վրա» հանդիպումների ժամանակ»։

Փոքր-ինչ ավելին են մանրամասները Փաշինյան–Մակրոն հանդիպման մասին։ Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Ելիսեյան պալատում բազմաոլորտ գործակցության հարցեր են քննարկել, նաև՝ խաղաղության գործընթաց, սահմանազատում, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝  գնահատելով 2024 թվականը որպես խիստ դինամիկ։  

Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է նաև ֆրանսահայ համայնքին։ Նա խոսել է Հայաստանում և իշխող կուսակցությունում գաղափարական տրանսֆորմացիայի մասին, որի հիմքում իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Ըստ այդմ՝ ՀՀ-ն 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով պետություն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Ուրիշ նպատակ ՀՀ-ն իր առաջ չի դնում՝ հայտարարել է վարչապետը։  

«Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ գաղափարախոսության ներքո, որ ՀՀ–ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար։ Գաղափարական մեր տրանսֆորմացիան այդտեղից է տեղի ունենում։ Մենք նախ ինքներս մեզ ենք ասում՝ ո՛չ, ՀՀ-ն ինքը ազգային բարձրագույն նպատակն է, ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չկա։ ՀՀ-ն ոչ թե հենման կետ է կամ «ֆորպոստ» է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ ՀՀ-ն այն հայրենիքն է, որը մենք ունենք, և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով։ Մենք խնդիր պետք է դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնել»։

Մինչև Ֆրանսիա մեկնելը Հայաստանի վարչապետի հրապարակած հոդվածը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին նոր քննարկումների առիթ է տվել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել է հերքել Հայաստանի վարչապետի հայտարարությունները։ Իսկ դրանք այն մասին էին, որ Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ, մինչդեռ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ բոլոր նախադրյալները ստեղծված են խաղաղության համար, գրել էր վարչապետը։  

Ադրբեջանի պատասխան հայտարարությունում այդ երկրի արտգործնախարարության խոսնակը նշել է, թե «Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիոն կապերը բացելու գործնական քայլերի փոխարեն Հայաստանը գործնական նշանակություն չունեցող առաջարկներ է անում, որոնք հանգեցնում են թյուրիմացությունների»:

Նման ձևակերպումներին արձագանքում է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Հայաստանը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է այդ մեխանիզմները քննարկել։ Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման, սահմանազատման հարցում։ Ճիշտ է, ադրբեջանական կողմն արդեն երրորդ ամիսն է մեր առաջարկին որևէ արձագանք չունի և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, և դրա մասին մենք նաև զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ և, կարծում եմ, որ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացին իր մասնակցությունը»։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը համոզված է, որ Հայաստան–Ադրբեջան բանակցությունների ընթացքի որոշ խոչընդոտներ կապված են Բաքվի և Մոսկվայի դաշնակցային կապերի հետ։ Այս համատեքստում Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Մոսկվայի՝ միջնորդության թարմացված առաջարկն ընդունելու հնարավորությանը։  

«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել։ Բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել և, վերջ ի վերջո, մենք ունենք շատ չլուծված հարցերի պատասխաններ, որոնք մենք մինչ օրս էլ չունենք։ Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը։ Դե արդեն ՀԱՊԿ–ի օրինակը չեմ բերում։ Հայաստան–Ռուսաստան միջպետական պայմանագիր ունենք, չէ՞։ Առնվազն Ռուսաստանը պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք»։   

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանը Նախիջևանին կապող ցանկացած ճանապարհ անվանելու է «միջանցք»՝ ձեռք բերված համաձայնությունները իրեն հարմար ձևով մեկնաբանելով։ ԱԺ նախագահը, սակայն, վստահեցնում է, որ բանակցություններն այն տրամաբանության մեջ են, որ ապաշրջափակումը կլինի երկրների ինքնիշխանության ներքո:

Կարդացեք նաև

Back to top button