Երկրորդ շնչառություն

«Դեղին, սպիտակ էջեր»․ մեկնարկում է տարեցների ընթերցանության մրցույթ․ «Երկրորդ շնչառություն»

Մարտի 1-ից հունիսի 1-ը «Բվիկ» կրթական հիմնադրամը կազմակերպում է «Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթ 63-ից մինչև 100 և ավելի տարեկան կենսաթոշակառուների համար: Գրանցումն արդեն սկսված է, գրականության ցանկը՝ հրապարակված: Երեք ամսում մասնակիցները կարդալու են 5 գիրք, առցանց հանդիպումների ժամանակ կքննարկեն դրանք ու կվերլուծեն, կծանոթանան իրար ու կհաստատեն նոր սոցիալական կապեր:

Մասնակիցները գրանցվելու ժամանակ վճարելու են 2000 դրամ, հաղթողները ստանալու են դրամական պարգևներ. առաջին տեղը գրաված ընթերցասերը՝ 120 000, երկրորդ տեղը՝ 75000 և երրորդը՝ 50 000 դրամ:

Գրքերը կարելի է ձեռք բերել գրադարաններից և գրախանութներից: Կազմակերպիչները խոստանում են գրանցման փուլի ավարտին՝ մասնակիցների աշխարհագրությունը հասկանալուց հետո, աջակցել գրքերի ձեռքբերման հարցում: Հաստատությունները կարող են դիմել և ստանալ փաթեթները:

«Իմ երազանքն է, որ մեր երկրում ունենանք դրականը կրող և երիտասարդներին փոխանցող, օրհնող տարեցներ» ,- անկեղծանում է համահիմնադիր Արևիկ Ղարիբյանը՝ ներկայացնելով, թե ինչ տպավորիչ են անցնում դպրոցականների համար անցկացված համանման մրցույթները:

Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են թեստի միջոցով հունիսի 15-ից հետո: «Նախատեսվում է, որ մասնակիցները օրական կկարդան մոտ 10 էջ ինչը շատ իրատեսական է: Մենք մտադիր ենք տոն պարգևել տարեցներին, իսկ նրանք էլ իրենց կարդալով մեզ տոն կտան»,- ասում է մրցույթի համահիմնադիր Ջուլյա Վարդանյանը:

Կարդացեք նաև

Back to top button