Փետրվարի 16-18-ին նախատեսվում է Մյունխենի անվտանգության համաժողովը, որտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Միջազգային մամուլում տեղեկություններ կային, թե Միացյալ Նահանգների նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացը կներկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորման՝ Թրամփի ծրագիրը։ Ինքը՝ բանագնաց Քելոգը, շտապեց հերքել դա՝ X-ի միկրոբլոգում գրելով՝ որ, այնուամենայնիվ, անհամբերությամբ է սպասում Ուկրաինայում «արյունոտ և թանկ արժեցած» պատերազմին վերջ տալու՝ Թրամփի նպատակի մասին խոսելու հնարավորությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնն արդեն պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովին ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման Թրամփի ծրագիրը։ Այդ մասին գրել էին միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Բլումբերգին։
ԶԼՄ-ներն անգամ շտապել էին ենթադրել, թե Վաշինգտոնի ծրագիրը ենթադրում է հակամարտության սառեցում հենց ճակատային գծում՝ առանց Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավասության ճանաչման։ Թրամփի հատուկ բանագնացը, սակայն, հերքել է այդ պնդումները, գրում է Deutsche Welle-ն։
«Այո, հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին։ Սակայն տեղեկություններն այն մասին, թե մենք պատրաստվում ենք այնտեղ խաղաղության ծրագիր ներկայացնել, սխալ են։ Ես ընդհանրապես չեմ շփվել այն լրատվամիջոցի հետ, որը տարածել է այդ լուրը»:
Գեներալ Քելոգն ընդգծել է՝ խաղաղության ծրագիր ներկայացնելը Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունն է, դա կանի ինքը՝ Թրամփը։
«Մենք կօգնենք նրան պատրաստվել, բայց դա չի լինի հաջորդ շաբաթ: Ծրագրված են քննարկումներ եվրոպացի առաջնորդների հետ, որից հետո ես կփոխանցեմ դրանց բովանդակությունը, և նախագահ Թրամփի թիմը կառաջնորդվի դրանով»։
Աշխարհը սպասում է Թրամփի քայլերին, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահի առանցքային խոստումներից մեկը հենց այդ պատերազմին օր առաջ վերջ դնելն էր։
Ինչպիսի՞ն են Ուկրաինայի ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան տարբերակները
Թրամփի խորհրդականները նրան ներկայացրել են տարբեր ծրագրեր։ Քելոգի նախագիծը, օրինակ, ենթադրում է, որ Կիևն ավելի շատ զենք կստանա միայն այն պայմանով, որ սկսի խաղաղ բանակցություններ: Միաժամանակ, Վաշինգտոնը պետք է զգուշացնի Մոսկվային, որ ԱՄՆ-ն կավելացնի Ուկրաինային օգնության ծավալը, եթե ռուսական կողմը հրաժարվի երկխոսությունից։

Թրամփն իր երկրորդ պաշտոնավարման ժամկետի սկզբում սպառնացել է մաքսատուրքեր և սահմանափակումներ կիրառել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը մատակարարում է ԱՄՆ-ին, եթե Մոսկվան չհամաձայնի գործարքին։ Փետրվարի սկզբին էլ նա Կիևին առաջարկել է տրամադրվող օգնությունը փոխանակել հազվագյուտ մետաղների և այլ ապրանքների հետ, որոնք Ուկրաինան կարող է մատակարարել: Զելենսկին արդեն հայտարարել է, որ Կիևը բաց է օգտակար հանածոների համատեղ արդյունահանման հարցում։
Ինչպիսի՞ք են Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումները
2024-ի ամռանը Պուտինն առաջարկել էր հրադադար հաստատել և բանակցություններ սկսել հետևյալ պայմաններով՝ ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնբասից, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններից, կորցրած շրջանները ճանաչել Ռուսաստանի կազմում, ապահովել Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը և վերացնել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները։
Զելենսկին այս նախաձեռնությունը վերջնագիր էր համարել՝ վստահություն հայտնելով, որ իր կորցրած տարածքները հնարավոր է դիվանագիտական ճանապարհով վերադարձնել։ ԱՄՆ նախագահ Թրամփը, սակայն, անիրատեսական է համարել Ուկրաինայի կորցրած տարածքների վերադարձը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները 2022-ի մարտի 29-ին էին՝ Ստամբուլում։ Դրանք տևել են մոտ երեք ժամ։ Ավելի ուշ Կիևը պաշտոնապես հրաժարվեց Մոսկվայի հետ շփումներից։
Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ՝ Թրամփի ծրագրին սպասելու համատեքստում հայտարարություն արեց նաև Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը լրատվամիջոցներին փոխանցել է իրեն հայտնի տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահը դեռ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու «պաշտոնական» ծրագիր չունի։ Զելենսկին նաև, առանց փակագծեր բացելու, ակնարկել է․
«Շուտով տեղեկություններ կլինեն «Կիևում և ոչ Կիևում» մշակվող իրական ծրագրի մասին»:
Զելենսկու խոսքով՝ Կիևը պատերազմի ավարտի իր «տեսլականն» ունի, և մի շարք այսպես ասած «հատուկ դետալներ» արդեն քննարկվել են ամերիկյան կողմի հետ նույնիսկ Թրամփի երդմնակալությունից առաջ։
«Մեր թիմերը միասին են աշխատելու․ որևէ մեկի առանձին պլան չի կարող լինել, նույնիսկ ԱՄՆ-ի»։
Դեռ փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներ ծրագրելու մասին։ Հստակ ժամկետեր, սակայն, չեն նախանշվում։




