
Անսովոր հատկանիշներով քվանտային համակագչի նոր մոդել՝ հայ գիտնականներից։ Առաջարկը Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի քվանտային տեխնոլոգիաների բաժնի գիտնականներինն է։
Ղեկավար Արմեն Ալլահվերդյանը մանրամասնում է. «Շատ անսովոր հատկություններ ունի։ Ավելի հեշտ է իրականացնել, քան այն մոդելները, որոնք մինչև այժմ կային։ Մենք երկար ենք աշխատել, մարդկանց հետաքրքրությունները տարբեր են»։

Քվանտային համակարգիչների հիմնական առավելությունն արագությունն է։ Ժամանակակից համակարգիչները շատ հաճախ բարդ խնդիրների հանդիպելիս սկսում են դանդաղել։ Քվանտային համակարգիչների դեպքում լուծումն այլ է.
«Համակարգիչներին, երբ բարդ հաշվարկային խնդիր ես տալիս, ոչ մի պատասխան չես ստանում, քանի որ հաշվարկի ժամանակը շատ երկար է։ Համակարգչի հիմնական հատկանիշն արագությունն է՝ հատկապես բարդ խնդիրների դեպքում։ Քվանտային համակարգիչները կարգերով ավելի արագ են լուծում։ Տարբերությունը շատ մեծ է, մի դեպքում կարող են տարիներով աշխատել, մյուսը՝ վայրկյանների ընթացքում կարող է լուծել խնդիրը»։
Մասնագետներն արձանագրում են՝ քվանտային տեխնոլոգիաների զարգացման դաշտում Հայաստանում շատ մեծ հաջողություններ չկան։ Բայց ապագայում ինչ-որ շարժ ունենալու համար այժմ պետք է գիտությունը զարգացնել։
Կարևոր է հատկապես այն, որ արժեքը Հայաստանում ստեղծվի։ Այս դեպքում Հայաստանը մրցունակ կլինի մի քանի տասնամյակ հետո՝ ասում է գիտնականը: Քվանտային տեխնոլոգիաները ապագայում զարգացող տեխնոլոգիաներն են, դրանց մի մասն է միայն այժմ զարգանում։ Դրանք հիմնված են քվանտային մեխանիկայի վրա, այսինքն՝ տեսության, որը մինչև այս պահը ևս տեխնոլոգիաներում կիրառվում է, բայց այն շատ անմիջական չէ։ Հիմնականում զբաղվում են սենսորներով:


Գիտական խումբը կազմված է մոտ քսան հոգուց, հիմնականում երիտասարդներ են, շուրջ տասը հոգին մշտական աշխատակիցներն են, մյուսները՝ հիմնականում դրամաշնորհերով են աշխատում, ասում է Արմեն Ալլահվերդյանը: Թուղթ, գրիչ, կավիճ, գրատախտակ, համակարգիչ՝ ահա գիտական այս խմբի հիմնական, այսպես ասենք, աշխատանքային գործիքները։ Բայց ամենակարևորն ուղեղներն են և նրանց փոխազդեցությունը՝ ասում է Արմեն Ալլահվերդյանը։

Դավիթ Սահակյանը գիտությունների դոկտոր է, հեռանկարային նախագծի ղեկավար։ Զբաղվում է բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկայով։
Հիմնականում հետաքրքրվում է էվոլյուցիոն դինամիկայով, ԱԲ-ում դրանց կիրառմամբ, վիճակագրական ֆիզիկայով ու տվյալագիտությամբ։
Գիտնականը երկրի զարգացման մեկ տարբերակ է տեսնում ՝ հիմնական գիտությունից քայլել դեպի տեխնոլոգիաների ոլորտ։ Մի կողմում հիմնարար խնդիրներն են, մյուսում՝ գործնական կիրառությունը։ Արդյունքում պետք է ստեղծել պրոդուկտ, որն աշխարհում չկա։




