
«Հիմա, երբ ունենք շատ քիչ էներգիայի ծախս, շատ մեծ քանակությամբ սնունդ ու գեներ, որոնք այդ սնունդն ու կալորիաները շատ լավ կուտակում են, գործ ունենք մի էպիդեմիայի հետ, որը կոչվում է ճարպակալում»։
Ամեն անգամ կշեռքին կանգնելիս, նոր հագուստ փորձելիս կամ հին ծանոթի՝ «մի քիչ լցվել ես» արտահայտությունը լսելիս հիշեք, որ դուք գեր չեք, քանի դեռ այդ միտքը ոչ թե ձեր բժշկինն է, այլ ձերը։
«Միջին վիճակագրական մարդու գործերը շատ վատ են, բայց ցանկացած մարդ ունի շանս՝ ձգտելու դուրս գալ այդ վիճակից, ի՛նքն իրեն կառավարելու, ոչ թե թողնելու, որ իր սովորությունները, գովազդներն ու սոցցանցերը իրեն կառավարեն»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա թողարկումը դիետա պահողների, կամ երբևէ դա արած մարդկանց համար է։
***
Մի խումբ մարդկանց՝ առողջությանը սպառնացող ավելորդ քաշ հավաքելուն զուգահեռ բժիշկներին անհանգստացնում է մյուս խումբ մարդկանց՝ մարմինը նորաձևության համատեքստում դիտարկելու ու մաշելու հակումը։ Ի՞նչ նկատի ունեք դուք, երբ ասում եք՝ չաղացել եմ։ Եթե ձեր այդ մտքի, երբեմն՝ մտասևեռման հիմքը ոչ թե առողջությունը, այլ նորաձևությունն է, ապա մոռացեք դիետա պահելու մասին և փորձեք մտածել կրկին՝ առաջարկում են բժիշկները, որոնց գործը դիետա մշակելն է։
Սնվելը օրգանիզմի ներքին պահանջն է, սովին, սթրեսին կամ ձանձրույթին դիմակայելու տարբերակը։ Այս մասին էր «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի նախորդ էպիզոդը։ Եվ երբ հասկանալի դարձավ՝ ինչն է մարդկանց ստիպում շատ ուտել, անխուսափելիորեն առաջացավ նաև հարցը, թե ի՞նչ է ստիպում անել հակառակը՝ չուտել կամ ինքնախարազանվել երբեմն ակնկալածից ավելի շատ ուտելու պատճառով։
Ո՞ւմ համար են դիետաները, ե՞րբ կա դրանց կարիքը և ե՞րբ է դրանց դիմելը չարդարացված բռնություն սեփական անձի նկատմամբ, ի՞նչ է «մտածում» մեր օրգանիզմը մեր մասին, երբ մենք մտածում ենք դիետա պահելու մասին և ինչպե՞ս հավատալ առանց դրանց առողջ կյանքի գոյությանը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Երբ խոսում ենք իրոք ճարպակալման մասին, այսինքն՝ ավելցուկային ճարպ ունենք ու օրգանիզմը կուտակել է էդ ճարպը, էդ նշանակում է, որ խրոնիկ, շատ երկար ժամանակ օրգանիզմը եղել է պրոֆիցիտի մեջ՝ ավելցուկ կալորիա է ստացել, քան իրեն պետք էր»։
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը զգուշացնում է՝ դիետան կարող է վնասակար լինել, եթե մշակվել է ոչ թե մասնագետի ցուցումով, այլ հարևանի կամ ընկերուհու խորհրդով, դիետայի կարիք ունեն ավելորդ քաշ ունեցող այն մարդիկ, որոնց ավելորդ քաշ ունենալը հաստատել է ոչ թե հայելին, այլ բժիշկը։ Ճարպակալումը առողջապահական խնդիր է․
— Բժշկությունն ու գիտությունը նորաձևությունից շատ հեռու են։ Մենք նորմաների ստորին ու վերին սահմաններ ունենք, բժշկությունը ու գիտությունը չգիտեն՝ ինչի է պետք նորման ավելի շատ նորմալացնել։ Գեղեցկության ստանդարտներն են, որ ասում են՝ ավելի լավ կլինի, որ սենց նորմա լինի, և մենք ունենք նորմայից շեղումներ, որոնց մասին պետք է մտածենք ու քայլեր ձեռնարկենք։
— Քաշը ավելորդ է, եթե խանգարում է առողղջությա՞նը։
— Միայն, եթե չխանգարի առողջությանը ընդհանրապես չենք խոսի էս մասին, բայց ցավոք սրտի ճարպակալումը, որ հիվանդություն է, իր հետևից բերում է ոչ միայն անհարամարության ու կյանքի որակի վրա ազդեցություն, այլ նաև կյանքի տևողության վրա, որովհետև մահացու հիվանդությունների է բերում։ Աշխարհում առաջին մարդասպանը սրտանոթային հիվանդություններն են։ Ճարպակալում ունեցող մարդկանց 2/3-ը սիրտանոթային հիվանդությունից է մահանում։
Հաջորդիվ հնչեցվելիք մտքերը չեն վերաբերում ճարպակալում, հետևաբար նաև՝ առողջության սպառնալիք ունեցող մարդկանց՝ զգուշացնում է բժիշկ-դիետոլոգը։ Մի քանի ավել գրամի ու դրանցից ազատվելու անկարողության պատճառով տառապող մարդկանց մասնագետը խորուրդ է տալիս նախ հասկանալ օրգանիզմի պահանջը։ Ահա կարճ նկարագիր այն դեպքերի համար, երբ մարդն առանց կարիքի կրճատում է սննդի չափաբաժինը․

«Այնքան, ինչքան մեզ պետք է, պիտի ուտենք։ Երբ գնացինք դրանից ավել կրճատելուն, մեր գլխուղեղը մտածում է՝ սով է ու սովի ժամանակահատվածում միացնում է բոլոր մեխանիզմները, որ ապրի։ Բոլոր հորմոնները ուղղված են նրան, որ մեր էներգիածախսը կրճատեն, դա նշանակում է որ մեր նյութափոխանակությունը կրճատվեց, երբ սոված մնացինք, մեր ախորժակը բարձրացավ, մեր գլխուղեղը կենտրոնացավ սննդի վրա, ավելի շատ սկսեց փնտրել, ման գալ, որ ամեն մի փոքրիկ նշույլ սննդի կարողանա ճանաչի ու ուտի։ Ստացվում է, որ էդ ծուղակի մեջ ենք ընկնում, ուզում են նվազեցնել, իսկ մեր գլխուղեղը պայքարում է, որ ավելացնի։ Դրա համար մենք ունենք շատ-շատ անհաջող դիետաներ, ու ցանկացած դիետա էդպես պիտի լինի, եթե մեր գլխուղեղը սովի մեջ ընկնի»։
Եթե իրապես ավելորդ քաշի խնդիր չունեք՝ մի ստեղծեք ձեզ համար այդ խնդիրը՝ հորդորում է բժիշկը։ Ստացվում է՝ հենց մենք դիետա ենք պահում նիհարելու համար, օգանիզմը մոբիլիզացնում է ողջ ուժը, որ սովից չմեռնենք։ Բայց մեր օրերում սննդի խնդիր հիմնականում չկա, ինչո՞ւ է այն այդքան վախենում սովից․
«Այն մարդիկ, որոնք երբևէ ունեցել են քաշի հետ կապված խնդիր, իրենց միշտ ասել են՝ իրենք ինչ պիտի չուտեն, ինքը միշտ գիտի, որ դիետա պետք է պահի, իսկ դիետան միշտ սով է, ու գլխուղեղն անընդհատ վախենում է։ Թեկուզ ես եմ այդ որոշումը կայացնում, բայց գլխուղեղս վախենում է, որ էս մարդը վաղը կարթնանա, կասի՝ հենց էսօրվանից դիետա ես պահում, էսօր ամեն ինչ կեր, քանի վաղը չես որոշել, որ մենք դիետա ենք պահում, ու սովի ենք մեզ մատնում։ Էդ վախի զգացողությունն էնքան շատ է։ Ես իմ պացիենտների հետ աշխատելիս հարցնում եմ՝ սա ինչի համար էր էստեղ, միշտ էն բանը կա՝ բա որ երեկոյան սոված լինեի։ Ասում եմ՝ որ երեկոյան սոված լինեիր, կուտեիր երեկոյան, ինչի է պետք այստեղ ուտել, որովհետև դե ինձ չի կարելի երեկոյան ուտել․ վախով պայմանավորված ավելորդ սննունդընդունում։ «Չի կարելի»-ով պայմանավորված»։
Անընդհատ դիետաների փնտրտուքն ու դրանցով ապրելու ջանքը կարող է հանգեցնել չդադարող, չգիտակցված ու չկառավարվող վախի մեջ ապրելու հեռանկարին։ 1945-ին Մինեսոտայի համալսարանում կազմակերպվել է սովի հետազոտություն՝ հասկանալու ուղեղին տրված այս փորձության հետևանքները։ Գիտափորձը ցույց տվեց, որ կալորիաների քանակի նվազեցմանը զուգահեռ իջնում է ոչ միայն մասնակիցների քաշը, այլև տրամադրությունը, նկատվում է ուժեղ սևեռվածություն սննդի վրա, դեպրեսիա և տրամադրության կտրուկ փոփոխություններ, սոցիալական մեկուսացում, ֆիզիկական թուլություն և հոգնածություն։

«Մեր մայրերը շատ սիրում են երեխաներին ստիպելով ուտացնել, որովհետև մտածում են՝ եթե երեխային չկերակրեն հանկարծ, երեխան չի հասկանա, որ սոված է, սոված կմնա, կմեռնի»։
Սննդի նկատմամբ անառողջ վարք ձևավորվում է նաև հակառակ ուղղությամբ՝ շատ ուտելու պահանջով՝ ասում է Բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ Արմեն Սողոյանը։ Մտասևեռումը վատ է բոլոր դեպքերում, ոչ միայն անբնական քիչ, այլև շատ սնվելիս․
«Սրանով երեխային շատ վատ ծառայություն են մատուցում՝ նեղելով նրա բնական սնվելու բնազդը։ Կան ավելի «խելացի ու սրտավցավ» մայրեր, որոնք ,եթե երեխան չի ուտում, ապա ծեծում են, ստիպում են, ու երեխան երբ լացելուց բերանը բացում է, գդալով ուտելիքը մտնում է բերանը, նա էլ ստիպված կուլ է տալիս։ Հետո երեխայի մոտ ձևավորվում է սովորություն, որ ինքը լարված, անհանգիստ ժամանակ, անպայման պետք է սնվի։ Ու քանի որ կյանքում շատ լարվածություններ են լինում, ինքը սկսում է չաղանալ, ու ծնողները սկսում են մի հատ էլ դրա համար երեխայի վրա զայրանալ՝ ինչու ես չաղանում, քիչ կեր, մինչդեռ իրենք էին ստիպել»։
Այսպես ձևավորվում է սովորություն։ Մի բան, որը, ըստ հոգեբույժի, կառավարելի է միայն գիտակցական ընկալման դեպքում։ Իսկ մենք ինքներս մեր նկատմամբ սովորաբար ավելի անփույթ ենք ու հաճախ չենք մտածում՝ ինչը ինչու արեցինք։

«Սովորույթները լավ բան են, եթե մենք ենք իրենց ստեղծել, լավ բան են, եթե բնական ճանապարհով ձևավորվելով օգուտ են տալիս, ու շատ վատ բան են ու շատերին մեծ վնաս են տալիս, եթե իրենց կամքից անկախ ձևավորվել են ինչ-որ իրավիճակներում ու փոփոխված իրավիճակում շարունակում են կառավարել իրենց։ Ցանկացած սովորույթ կարելի է ձևավորվել ու ցանկացած սովորույթ կարելի է դադարեցնել։ Նույն ուտելու հետ կապված, եթե մարդը չունի առողջական ինչ-որ խնդիրներ՝ նյութափոխանակության ասենք, ցանկացած առողջ մարդ ցանկացած սննդային սովորություն իր մոտ կարող է առաջացնել։ Յուրաքնաչյուրը կարող է փորձի․ երեք օր էդ ժամին ոչինչ չի ուտում, չորրորդ, հիգերորդ օրը էլ օրգանիզմը էդ ժամին սննդի պահանջ չի դնում։ Փորձեք 3 օր էդ ժամին ինչ-որ բաներ ուտել ու տեսեք՝ հաջորդ օրը եթե չեք ուտում, ոնց է ձեր օրգանիզմը ձեզնից պահանջում»։
Այսպիսով սննդային առողջ վարք ձևավորելը հնարավոր է, եթե մոտեցումը լինի գիտակցված, ուղղորդողը՝ մասնագիտացած։ Այս հարցում միջին վիճակագրական մարդը լուրջ խնդիրների է բախվելու՝ ասում է Արմեն Սողոյանը։ Մեր օրերում, երբ գովազդային հոլովակներն ու ցուցանակներն ամենուր են, երբ ամեն օր մեր գրպանում՝ հեռախոսի մեջ ապրում են մարդիկ, որոնք սովորեցնում են ճիշտ ապրել, համատարած այս աղմուկի մեջ դժվար է գտնել լռության րոպե՝ սեփական օրգանիզմին լսելու ու սեփական գլխուղեղի որոշումները հասկանալու համար․
«Ես պետք է մի քիչ տխրացնեմ, էսօր եթե մարդը չի ուզում իր վրա աշխատի իրեն դուրս բերի էդ ազդեցությունների տակից․․․ անգամ ուզելու դեպքում ոչ միշտ է հաջողելու, իսկ չուզելու դեպքում ինքը դառնալու է արգասիքն այն միջավայրի, որտեղ ապրում է, առանց որևէ սեփական կամք գործադրելու, իր փոխարեն գովազդները իրեն և՛ ուտացնելու են, և՛ հագցնելու են, և՛ որոշակի վարք են թելադրելու։ Գոնե եթե մարդը սկսի մտածել՝ արդյոք ինչը որ ես անում եմ, ի նպաստ ինձ է, ե՞ս եմ անում, թե՞ իմ փոխարեն երեկ հեռուստացույցով խոսող մարդն է անում, կամ յութուբով ինձ բացատրող մարդն է անում իմ փոխարեն իմ ձեռքերով, իմ ոտքերով, իմ մտքով»։
Վստահ ե՞ք, որ դիետա պահելու ձեր որոշումը դուք եք կայացրել, համոզվա՞ծ եք, որ դրանով ձեզ չեք վնասելու։ Մասնագետները ինքնավերահսկողության դեմ տառ անգամ չեն ասում․ դա խրախուսելի է։ Առավել հասկանալի է ուշադրության ու վերլուծական մտքի ավելի պակաս առկայությունն այնպիսի սովորական, առօրյա հարցերում, ինչպիսին սնվելն է։ Բայց հենց մեր առօրեական գործողություններն են պայմանավորում մեր կյանքը՝ միակը, չվերադարձողը, և գուցե հենց դրանք են, որ պետք է առավելագույնս կառավարելի ու մեր վերահսկողության տակ լինեն․ իներցիան հաճախ վատ օգնական է՝ ասում են։
Իսկ էլ ինչ են ասում մասնագետները մեր առօրյա կյանքում տեղ գտած պարզ երևույթների գիտական հիմքերի մասին՝ կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։




