
Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացիները Հայաստանում չեն տուգանվում, «Ռադիոլուրին» վստահեցնում են ՆԳն-ից՝ նշելով, որ օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է․ կընդունվի ամենաօպտիմալ տարբերակը՝ ի շահ ՀՀ քաղաքացու։
Վերջին օրերին Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացիներն ահազանգում են, որ Հայաստանում վրացական վարորդական վկայականով տրանսպորտաային միջոց վարելու համար տուգանվում են։ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ որ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին, այդ թվում նաև երկքաղաքացիներին, այլ երկրներում ստացած վարորդական վկայականները մինչեւ մեկ ամիս ճանաչել գործող՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից։
«Կարծում ենք, որ մեկ ամիս ժամկետը բավարար է, որպեսզի կարճաժամկետ այցելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող երկքաղաքացին կամ այլ երկրում մշտապես բնակվող քաղաքացին օգտվի տրանսպորտային միջոցը վարելու հնարավորությունից, իսկ մշտական բնակության համար այլ երկրից ՀՀ վերադարձած քաղաքացին դիմի իրավասու մարմին՝ վարորդական վկայականը առանց քննությունների փոխանակելու, իսկ երկքաղաքացիները նաև դրա հիման վրա ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալու համար։ Ինչ վերաբերում է ավելի երկար ժամկետ սահմանելուն, կամ ընդհանրապես որևէ ժամկետ չսահմանելուն, ապա նպատակահարմար չէ, քանի որ, մեր կարծիքով, Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացին պետք է ունենա ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր՝ այդ թվում նաև վարորդական վկայական»,-ասել է Սարգսյանը։
Վրացական վարորդական իրավունք ունեցող Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների տուգանվելու խնդրին նախօրեին անդրադարձել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա իր ֆեյսբուքի էջում նշել էր, որ Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Պատգամավորը գրել էր, որ այդ հարցով իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր։




