
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջերս Բաքու կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է նրանց հրապարակային խոսքից տարբերվող հայտարարություններ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ, Արմենպրես»— ին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Խոսելով Հայաստանում ունեցած հանդիպումների մասին՝ Գրոնոն շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ:
«Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով»,- ասել է նա։
Ըստ Գրոնոյի, այժմ ժամանակն է քաղաքական կամք դրբեւորել հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերին փոխընդունելի լուծումներ գտնելու, տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը տեղակայվել է հայկական իշխանությունների ինքնիշխան դիմումի հիման վրա: «… կրկին հաստատում ենք, որ «լրտեսական գործունեության» կամ «ապակայունացման նպատակների» վերաբերյալ բոլոր պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում թե՛ առաքելության համար սահմանված մանդատին ու նպատակներին, թե՛ վերջինիս գործողություններին»,- ասել է Մագդալենա Գրոնոն ։ Նա եւս մեկ անգամ շեշտել է՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը բացառապես քաղաքացիական, չզինված առաքելություն է և կշարունակի մնալ այդպիսին:




