
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդ հանդիսացող Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները Գազայում հրադադարի հաստատումից ի վեր չեն արձանագրել որևէ լուրջ խախտում, ճեպազրույցում հայտարարել է վարչապետի խորհրդական, Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։
«Այս պահին չենք կարծում, որ եղել է հրադադարի լուրջ խախտում, որը կարող է հանգեցնել էսկալացիայի»,- ասել է նա։
«Ամենալուրջ սպառնալիքը կապված էր [իսրայելցի պատանդ] Արբել Յեհուդի և նրա ազատ արձակման ժամկետի հետ: Ավելին, տեղի ունեցան մի շարք տհաճ իրադարձություններ, որոնք հանգեցրին պաղեստինցիների մահվան, բայց դա չհանգեցրեց այնպիսի սրման, որ գործարքը տապալվի»,- հավելել է նա:
Երկուշաբթի երեկոյան ալ Անսարին ասել էր, որ ՀԱՄԱՍ–ը մինչև ուրբաթ՝ հունվարի 31-ը, կազատի իսրայելցի պատանդ Արբել Յեհուդին, որը պետք է ազատ արձակվեր նախորդ փոխանակման ժամանակ:
Պաղեստինյան խմբավորումը նաև պարտավորվել է Իսրայելին հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Ի պատասխան Իսրայելը համաձայնել էր հունվարի 27-ի առավոտից Գազայի բնակիչներին թույլատրել վերադառնալ անկլավի հյուսիսային հատված։




