
«Երաժշտական եռանկյունու» տաղավարում երգիչ-երգահան Վախթանգ Հարությունյանի հետ զրուցելու առիթները հիմնականում կապված են նրա հասարակական-մշակութային և բարեգործական գործունեության հետ։
Վախթանգ Հարությունյանը «Բարդ ակումբի» հիմնադիրներից է, հեղինակային երգի «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի նախաձեռնող և բազմաթիվ բարեգործական, մշակութային միջոցառումների կազմակերպիչ։
«Կազմակերպչական աշխատանքը, բնականաբար, շատ ժամանակ է խլում, բայց այնուամենայնիվ ես գտնվում եմ մշտական ստեղծագործական որոնումների, նոր ձայնագրությունների, հրատարակումների ընթացքի մեջ, որի արդյունքներից մեկը 2024-ի տարեմուտին լույս տեսած նոր երգերի «Էն հեռու երկրում» ալբոմ-ձայնասկավառակն է», — ասում է հեղինակ կատարողը։
Վախթանգ Հարությունյանը հիշում է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել 1992 թվականին Երևանի Ճարտարապետների տանը՝ «Համերգ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի համերգին (կազմակերպիչ՝ երգիչ-երգահան, ճարտարապետ Արարատ Բոբիկյան)։ Հետագայում ունեցել է համերգներ Երևանի պետական համալսարանում, Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտում և Երևանի պետական պոլիտեխնիկ ինստիտուտում։
- 1994 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետը։
- 1994-1995 թվականներին ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում ՆԳՆ Հատուկ նշանակության գումարտակում։
- 2008 թվականին հիմնադրել է Բարդերի ակումբը, որը մինչ հիմա շարունակում է գործունեությունը։
Թողարկել է 7 ձայնասկավառակ (5-ը հայերեն, 2-ը ռուսերեն), 1 համատեղ ձայնասկավառակ՝ «Զրույց», Արմինե Հայրապետյանի, Արեգ Նազարյանի, Տաթևիկ Աղամիրյանի հետ և հեղինակային երգի երեք հավաքածու։
Սիվիլ Արտ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն է, որն իր հերթին 2015 թվականից իրականացնում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը։




