
Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը՝ հավելելով, որ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառումը հաջորդում է 2020 թվականի դեկտեմբերին Պալատի կողմից ընդունված բանաձևին, որով Բելգիայում սահմանվել է պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների հիշատակի ազգային օր:
Նշվում է, որ միջոցառմանը ելույթ են ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Դը Ռուվերը և 2020 թվականի բանաձևի հեղինակ Միշել Դը Մաղդը, ներկա էր նաև փոխվարչապետ, արդարադատության և Հյուսիսային ծովի նախարար Փոլ Վան Թիխելտը:
ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ բանախոսներն ընդգծել են հիշողության, զգոնության և գլոբալ համագործակցության կարևորությունը ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:
«Լրագրողները և ցեղասպանագետները ելույթ ունեցան «Ինչպես կոտրել բռնության ցիկլը» և «Ցեղասպանության առջև զգոն լինելու պարտականությունը. ճանաչելով նախազգուշացնող նշանները» թեմաների շուրջ»,- նշում է դեսպանությունը։
Հաղորդվում է, որ միջոցառումը կարևորել է ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարի և ապագա ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերն ամրապնդելու շարունակական հանձնառությունը։




