ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր օր՝ նոր 308 զանգ․ քաղաքացիների՝ քաղաքապետին ուղղվող հարցերը տրանսպորտի մասին են

Հունվարի սկզբից Երևանի քաղաքապետարանը օրական 308 զանգ է ստացել՝ միայն տրանսպորտային ոլորտին վերաբերող հարցով։ Դրանց 89 տոկոսը վերաբերել են հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, 9 տոկոսը՝ ավտոբուսների երթևեկության անկանոն գրաֆիկին, 2 տոկոսը՝ վարորդների անպատշաճ վարքին։ Հանրային տիրույթում, սոցցանցերում, հետևաբար նաև՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկման առարկան խիստ կանխատեսելի է․

քաղաքապետ Տիգրան Ավինյան․

«Տրանսպորտային համակարգի ներդրումը բարդ գործընթաց է։ Այս ահռելի ծավալի աշխատանքը ունի մեկ նպատակ, որ Երևան քաղաքն ունենա ստաբիլ որակյալ տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո ուղղակի չի մաշվելու ու վերանա, ինչպես եղել է մեր բոլոր համակարգերի հետ, ինչպես եղել է 90-ականներից մինչև վերջին մի քանի տարի առաջ։ Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի պրոբլեմի առաջ ենք կանգնել, կանխիկը հանելը ավտոբուսներից կամ տրանսպորտային համակարգից բերել է շատ վատ հետևանքների․ ուղղակի չեն քշել վարորդները, որովհետև կանխիկ շրջանառությունը, կներեք, բայց թմրանյութի պես մի բան է էդ համակարգի համար»:

Այս պահին քաղաքապետարանը 44 վարորդի է փնտրում։ Տիգրան Ավինյանը դասընթացներ կազմակերպելու, միշտ երթուղի դուրս գալու պատրաստ 50-100 վարորդ ունենալու հանձնարարական է տալիս, բայց օրակարգային խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն վարորդների քանակն ու աշխատանքի որակը, այլև երթևեկության արժեքը։ Հարցը նախօրեին ուղղվեց նաև վարչապետին՝ նույն ձևակերպմամբ․

— Դուք կո՞ղմ եք թանկացմանը, թե՞ ոչ։
— Ես կողմ եմ, որ Երևան քաղաքը ունենա տրանսպորտ, ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10 տարի հետո 15 տարի հետո։

Տիգրան Ավինյանն այսօր հայտարարում է՝ արժեքի որոշակի փոփոխությունն անխուսափելի է՝ լավ տրանսպորտային միջոցը լավ, հետևաբար նաև՝ թանկ սպասարկում է ակնկալում․

«Որոշակի գնային փոփոխություններ կան, վստահաբար, ու էդ գնային փոփոխությունները, շատ դեպքերում՝ թերինֆորմացվածության արդյունքում, շատ դեպքերում՝ մանիպուլյացիաների արդյունքում մարդիկ ընկալում են որպես վատ բան, բայց իրականում սա մի համակարգ է, որը կիրառվում է աշխարհի զարգացած բոլոր քաղաքներում, ու մենք էլ ինչ-որ փուլի պետք է գնանք հասնենք նրան, որ նույնիսկ մեր կանգառ դուրս գալուց պարտադիր չի մեր ավտոբուսին սպասենք, կարող ենք առաջին եկած ավտոբուսը նստել, հետո մի քանի կանգառ այն կողմ մեկ այլ ավտոբուս նստել ու հասնել մեր ուզած տեղը շատ ավելի արագ։ Կներեք, բայց էդ կոպեկը տեղ չի հասնում, չի ծառայում տրանսպորտային համակարգին, էդ կոպեկը չի դառնում 45 հատ տրոլեյբուս, որ պիտի գնենք։ Չի դառնում էս համակարգերը սպասարկող գումար»։

Ընդդիմախոսները, սակայն, շարունակում են պնդել՝ խնդիրը ոչ թե գումարի կանխիկ-անկանխիկ լինելու, այլ ավելացման մեջ է։ Երևանի ներկա ու նախկին քաղաքապետները պարբերաբար խոսում են այս մասին․ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի ուղիղ եթերից է պնդում, որ թանկացումն անխուսափելի է, Հայկ Մարությանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում է հայտարարում, որ դրանից կարելի է խուսափել․

«Մարդիկ չեն գնում այդ ամեն ինչը, ոչ թե որովհետև Հայկ Մարությանն է ինչ-որ բան ասում, այլ ուղղակի հնարավորություն չունեն գնելու։ Մենք առաջին օրվանից ասում ենք, որ այո՛՝ տրանսպորտային համակարգի ինքնարժեքը բարձրացել է, ու այո՝ պետք են ավելի մեծ գումարներ։ Բայց այդ ամեն ինչը պետք է սուբսիդավորել։ Եվ որտեղի՞ց այս գումարները՝ համայնքային բյուջեից»։

Համայնքային բյուջեն այլ խնդիր լուծելու համար է՝ ասում է Ավինյանը։ Նոր վերելակների, խաղահրապարակների, աղբահանության ու ջրամատակարարման համակարգերի հարցերը ևս օրակարգային են և չպիտի տուժեն մեկ այլ ոլորտի, տվյալ դեպքում՝ տրանսպորտային համակարգի բարելավման պատճառով։ Այնուամենայնիվ, քաղաքապետը խրախուսում է հնարավոր ճկունությունը․

«Այստեղ ես զիջման․․․գնի մասին չի խոսքը․ որտեղ կարող եք ավելի ճկուն գտնվել՝ վստահաբար պետք է ավելի ճկուն գտնվել, հիմա մեր նպատակը էն չի, որ մարդիկ ավելի շատ վճարեն, մեր նպատակն էն է, որ 4 տարի հետո էս տրանսպորտային համակարգը չմաշի-գնա, ինչպես մաշել է ամեն ինչ էս երկրում։ Չպիտի շեղվենք միասնական տոմսային համակարգի ներդրման ճանապարհից գեթ մեկ սանտիմետր»։

Սակագներում փոփոխություններ մտցնելու առաջարկ քաղաքապետարանն արդեն ներկայացրել է։ Օրերս հայտարարվեց, որ քննարկվող գնային սանդղակի մասին արձագանքները ուսումնասիրելով, որոշվել է քննարկել որոշակի փոփոխություններ, որպեսզի քաղաքացին կարողանա վճարել 2000 դրամ ու կատարել 10 ուղևորություն՝ 45 օրում, 300 դրամով երթևեկել 180 րոպե, 900 դրամով կատարել անսահմանափակ ուղևորություններ՝ մեկ օրվա ընթացքում, և 5000 դրամով անսահմանափակ ուղևորություններ՝ 7 օրվա ընթացքում։

Այս գնառաջարկը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում՝ փետրվարի 11-ին։

Կարդացեք նաև

Back to top button