
Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները: 5325 ընտրական տեղամասերն աշխատելու են ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, հայտնում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցեն ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների կեսից ավելին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հունվարի 21-ից 25-ը տեղի ունեցած վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41,81 տոկոսը։
Նախագահը ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։ Ընտրությունների ընթացքին հետևում են ավելի քան 44,000 տեղական և շուրջ 500 միջազգային դիտորդներ:
Ընտրություններում պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։
2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 84,28 տոկոս։ Այն ժամանակ Լուկաշենկոյի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 80,10%-ը




