Երաժշտական եռանկյունի

Լիլիթ Բլեյան․ ստեղծագործական տարվա ամփոփում. «Երաժշտական եռանկյունի»

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, քանի որ նա գտնվում է մշտական ստեղծագործական ընթացքների մեջ՝ համերգներ, ձայնագրություններ, հյուրախաղեր։

«Իսկապես, հետ հայացք գցելով` հանկարծ հասկանում ես` ինչքան տարբեր իրադարձություններով էր լի անցած տարին։ Քանի որ իմ համերգային նախաձեռնությունները կապված են իմ հավատարիմ գործընկեր, կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանի հետ, որը հիմնականում բնակվում է Բելգիայում, և Հայաստանում համերգներս պայմանավորված են նրա ֆիզիկական ներկայությամբ երկրում, ստեղծագործական հանգրվանը գալիս է լրացնելու բեմական կյանքի բացակայությունը»,— կիսվում է Լիլիթ Բլեյանը։

Անցած տարին լի էր և՛ համերգներով, և՛ հյուրախաղերով, և՛ նոր ծնված և ձայնագրված երգերով։

Երգչուհին անհաղորդ չի երկրում ընթացող հասարակական և քաղաքական իրադարձություններին, ակտիվորեն մասնակցում է հանրային քննարկումներին՝ կապված ազատ արվեստագետների իրավական և կազմակերպչական խնդիրների հետ։

«Շատ բաներ կան, որ ընկճում են ինձ, ծնում հարցականներ, որոնց պատասխաննները փորձում եմ գտնել ստեղծարարության մեջ։ Դա շատ է օգնում ինձ», — խոստովանում է երգչուհին։

Լիլիթ Բլեյանը ծնվել է Երևանում՝ 1978 թ․ հունիսի 2-ին։ Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոցի ջութակի դասարանը։

1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» իգական կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։

Համալսարանական կրթությանը զուգահեռ ավարտել է հեռուստալրագրության դասընթացներ և աշխատել Երևանում հեռարձակվող անկախ «Ա1+» հեռուստաընկերությունում նախ՝ որպես լրագրող, այնուհետև՝ որպես խմբագիր և լրատվական թողարկումների հաղորդավար։

2002 թվականից սկսած իրականացրել է տարբեր հասարակական նախագծեր, ստեղծել վերլուծական կայքեր, կազմակերպել քննարկումներ՝ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանել սոցիալական տեսահոլովակներ։

2010 թվականին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Այն ընդգրկող «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը թողարկվում է 2011 թվականին։

Լիլիթի երկրորդ՝ իսպաներեն և անգլերեն նոր երգերից կազմված Paciencia («Համբերություն») ալբոմը լույս է տեսել 2013 թվականին։ Ֆրանսերենից թարգմանել և հայերենով ձայնագրել է Էդիտ Պիաֆի, Ժակ Բրելի, Սալվատորե Ադամոյի, Բարբարայի և այլոց երգերը։

Կարդացեք նաև

Back to top button