ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում, որը տեղավորում է մոտ 1000 մարդ։ Թրամփը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին։
«Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, կպաշտպանեմ և կաջակցեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությանը։ Եվ թող օգնի ինձ, Աստված»,- երդվել է նա՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա:
Թրամփը ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահն է, որը զբաղեցնում է ամենաբարձր պետական պաշտոնը ընդմիջումով։ Նախկինում միայն 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդն է (1885-1889 և 1893-1897 թվականներին) կարողացել հասնել դրան: Թրամփն այժմ ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահն է։
Առաջին անգամ երդմնակալությանը ներկա են եղել օտարերկրյա առաջնորդներ՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան։ Արարողությանը Չինաստանից մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը։ Հնդկաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, իսկ Ճապոնիան՝ արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան։
Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ Թրամփի դեմ մահափորձեր են կատարվել 2024 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին։ Բացի այդ, ձմեռային արձակուրդների ընթացքում ահաբեկչություններ են իրականացվել Լաս Վեգասում (Նևադա) և Նոր Օռլեանում (Լուիզիանա):




