Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Պեզեշկիանը և Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Կրեմլում կայացած արարողության ժամանակ ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիր, հայտնում է IRNA գործակալությունը։
47 կետով այս համաձայնագիրը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Փաստաթուղթը, ինչպես հայտարարել են երկու երկրների նախագահները, համագործակցության նոր հնարավորություններ կբացի հատկապես Թեհրանի և Մոսկվայի տնտեսական հարաբերություններում։
Երկու երկրների նախագահների գլխավորած Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքում Թեհրանը և Մոսկվան վերահաստատել են նոր փաստաթղթի շրջանակներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու իրենց վճռականությունը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Պուտինը և նրա իրանցի պաշտոնակից Պեզեշկյանը այսօր կնքած համաձայնագրով խորացրել են իրենց երկրների միջև ռազմական կապերը։ Նրանք ստորագրել են 20-ամյա ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչը, ըստ Reuters-ի, հավանաբար անհանգստացնում է Արևմուտքին։
Համաձայնագրի շնորհիվ Ռուսաստանն ու Իրանը կխթանեն համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ ներառյալ անվտանգության ծառայությունները, զորավարժությունները, ռազմանավերի նավահանգիստ այցելությունները և համատեղ սպայական վերապատրաստումը:
Այդպիսով, երկու երկրներն էլ թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքը որևէ գործողության համար, որը սպառնում է մյուսին, և որևէ օգնություն չեն ցուցաբերի ագրեսորին, որը հարձակվում է երկրներից մեկի վրա, ասվում է տեքստում, որտեղ նաև նշված է, որ նրանք միասին կաշխատեն ռազմական սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ:




