
Վաղը Մոսկվան ու Թեհրանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր կստորագրեն, որը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Այդ նպատակով հունվարի 17-ին Մոսկվա կմեկնի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կողմերն արդեն հայտարարել են՝ համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէ, կառուցողական բնույթ ունի և փորձելու է ամրապնդել Ռուսաստանի ու Իրանի կարողությունները։
Ինչ խնդիր է լուծելու Մոսկվա-Թեհրան համաձայնագիրը, որ ոլորտներին է առնչվելու և գործնական ինչ դրսևորումներ է ունենալու։ Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նպատակների մասին կարծիքները փորձագիտական շրջանակներում տարբեր են։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է, որ ստորագրվելիք փաստաթուղթն առավելապես Մոսկվայի շահերն է սպասարկելու։
«Ռազմավարական համաձայնագրերը այն ժամանակ են աշխատում, երբ համընթաց են լինում ռազմավարական շահերը, երբ համընթաց են լինում ազգային անվտանգության շահերը: Ռուսաստանը, երբ իրեն պետք է, անհրաժեշտ է, անում է ի վնաս նաև Իրանին քայլեր։ Սա ավելի շուտ ես կասեի կարող է համաձայնագրերի տրցակը մի քիչ ավելի փաստացնի։ Ռուսաստանը հիմա պետք է Թրամփի հետ ուկրաինական հարցը քննարկի կամ ուրիշ մի բան։ Հիմա ստագրվող փաստաթուղթը Ռուսաստանի շահերին է ծառայելու, որովհետև ինքը կարող է որպես խաղաքարտ օգտագործել Իրանի հետ հարաբերությունը, շահարկի այն ԱՄՆ հետ»։
Իրանագետի կարծիքով՝ Մոսկվայի և Թեհրանի շահերը շատ հարցերում չեն համընկնում, բայց կան նաև ընդհանուր շահեր։ Ուստի նման համաձայնագրերն ավելի շատ քաղաքական նպատակների համար են, քան իրագործման՝ ասում է Բեգիջանյանը։
«Շահերը չեն համընկնում, տեսեք, Սիրիայում բազմիցս թուրքերի հետ պայմանավորվեցին ու Իրանին դուրս թողեցին։ Մյուս ամենացավալի հարվածը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում էր, որ իրանցիները խիստ, շատ խիստ քննադատեցին։ Ուզում եմ ասել, որ այդ համաձայնագրերը, երբ արհեստական են, ինչ-որ քաղաքական նկատառումներով են կնքվում, կյանքի չեն կոչվում։ Տեսեք, Թուրքիային Ռուսաստանը վաճառեց S-400, բայց Իրանին տվեց S-300, ընդ որում տվեց տաս տարի հետո փողը՝ տաս տարի առաջ վերցնելով, տաս տարի հետո տվեց։ Իրանն ու ՌԴ–ն ավելի շուտ մրցակիցներ են, քան դաշնակիցներ»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, մինչդեռ, կարծում է, որ Պուտինի ու Փեզեշքիանի միջև ստորագրվելիք փաստաթղթի գործնական նշանակության մասին հնարավոր է խոսել դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո։ Զրուցակցիս կարծիքով՝ նոր համաձայնագիրը նոր թափ ու լիցք է հաղորդելու երկու երկրների մինջև հարաբերություններին։
«Ինչ-որ առումով կարելի է ասել, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև հակաարեւմտյան ալյանս է ձևավորվում ՝ միջպետական հարաբերություններում բավականին բարձր որակի հարաբերություններ և անվտանգության երաշխիքներ կառուցելով, և այստեղ պետք է հասկանանք, թե հիմա ինչպիսի օժանդակության կամ աջակցության մասին է խոսքը Ռուսաստանի Դաշնության կողմից, ամբողջական ծավալո՞վ, թե՞ ոչ։ Արդյո՞ք դա ներառում է ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը և սուվերենության պահպանությունը, անվտանգության ապահովումը, սահմանների անձեռնմխելիության ֆակտորները, թե՝ ոչ, թե լոկալ ինչ-որ խնդիրներ լուծելու համար է, օրինակ՝ միջուկային օբյեկտների համատեղ անվտանգությունը ապահովելն է։ Այժմ պետք է դա հասկանանք, իսկ դրա մասին արդեն պարզ և հստակ պատկերը կունենանք վաղը, երբ որ հստակ կետերը բացվեն»։
Մինչ հունվարի 17-ին փաստաթղթի ստորագրումը ՌԴ ԱԳՆ Լավրովը հստակեցրեց, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և ունի կառուցողական բնույթ, այն է՝ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր հատվածներում։
Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին էլ ասել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, սակայն չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում։ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքվում է 20 տարի ժամկետով։ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, նախորդ տարի կողմերը համաձայնության եկան տեքստի շուրջ, որից, սակայն, մանրամասներ չեն հրապարակվում, պարզապես նշվում է, որ համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները։




