Երաժշտական եռանկյունի

«Արաքս» հայ-բելգիական նախագծի նոր ալբոմը. «Երաժշտական եռանկյունի»

Հայկական միջազգային նախագծերը մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում են և մշակութային կամուրջներ կառուցող հայ արվեստագետների ստեղծագործական աշխատանքը շատ է կարևորվում։

Կիթառահար, գործիքավորող, «Արաքս» խմբի հիմնադիր Տիգրան Տեր- Ստեփանյանը 3 տասնամյակից ավելի բնակություն է հաստատել Բելգիայում։ Աշխատում և դասավանդում է այնտեղ և պարբերաբար, Հայաստան գալով՝ մասնակցում է համերգների, որպես հրավիրյալ երաժիշտ։

Աշխատել է երգահաններ Ռուբեն Հախվերդյանի, Լիլիթ Պիպոյանի, Լիլիթ Բլեյանի, Լուսինե Ազարյանի և էլի շատ երգիչ-կատարողների հետ։

«Սկսել եմ որպես ռոք երաժիշտ, անցած դարի 80-ականներին, նվագել եմ բազմաթիվ խմբերի հետ։ Ինչ-որ պահի ակուստիկ կիթառը գերեց ինձ և որոշեցի մասնագիտական կրթություն ստանալ։ Սովորեցի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում և շարունակեցի Երևանի պետական կոնսերվատորիայի կիթառի բաժնում։ Նվագում էի դասական կիթառ, ֆլամենկո։ Հենց այդ շրջանում էլ ծանոթացա Ռուբեն Հախվերդյանի հետ և երկար տարիներ նվագեցի նրա համերգներում, մասնակցեցի մի քանի ալբոմների ձայնագրությանը»,- ասում է Տիգրան Տեր-Ստեփանյանը։

Մեկնելով Բելգիա, Տիգրանը ստեղծում է «Արաքս» նախագիծը, հրավիրելով իր հայ և բելգիացի երաժիշտ գործընկերներին։ Սկզբնական շրջանում համերգներն ընթանում էին կամերային փոքր դահլիճներում և «կարոտն առնելու» միջոց էին երաժշտի համար։

Բայց ժամանակի ընթացքում խումբը ճանաչվեց, սկսեց համերգներով հանդես գալ եվրոպական տարբեր երկրներում, և վերջապես պահանջ առաջացավ ձայնագրել ստուդիական ալբոմ, ձայնագրությունները ներկայացնել համացանցային տարբեր հարթակներում և տարածել տեղեկություններ երաժշտության մասին։

«Ինքնաբերաբար հղկվեցին նախ համերգային ծրագիրը, ապա հյուրախաղային պլանը և ձայնագրությունների առանձնահատկությունը․ խմբի բելգիացի երաժիշտներին ձայնագրում էի Բելգիայում, իսկ հայ երաժիշտներին՝ Հայաստանում։ Այդ առումով «Արաքսը» իսկական միջազգային նախագիծ է», — շարունակում է Տիգրանը։

Փաստն այն է, որ «Արաքսը» Հայաստանում հանդես էր գալիս հայկական կազմով, արտասահմանում՝ հայ-եվրոպական, իսկ ձայնագրություններում նրանք հանդես էին գալիս միասնական ինտերնացիոնալ մեծ կազմով։

Միայն 2024-ին «Արաքսի» միացյալ կազմը հանդես եկավ Հայաստանում, Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ կազմակերպելով համերգ-շնորհանդես՝ նվիրված «Մարե» նոր, երրորդ ձայնասկավառակի թողարկմանը։

Ինչպես նշում է Տիգրան Տեր Ստեփանյանը՝ «Արաքս»-ն ունի մեծ հյուրախաղային պլաններ կապված նոր ալբոմի հանրահռչակման հետ։ Նախատեսվում են համերգներ Հայաստանում և Եվրոպայում։

Կարդացեք նաև

Back to top button