ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բժշկական հանձնաժողովներն առաջնորդվում են զորակոչիկի ներկայացրած և պետպատվերով իրականացված հետազոտությունների արդյունքներով․ նախարար

Փետրվարին կսկսվեն ջրծաղիկի պատվաստանյութի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունում՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ պատվաստանյութի խմբաքանակն արդեն հանձնվել է Հայաստանին, սակայն դեռ ընդունված չէ և մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու: Նախարարությունը բժշկական ծառայությունների՝ քաղաքացիների համար ֆինանսական ու ֆիզիկական հասանելիության առումով 2024-ին աճ է գրանցել: Նախորդ տարի հատկացված միջոցները 2023-ի ցուցանիշից 14 միլիարդով ավելի են եղել։  Այս գումարն ուղղվել է դիմելիության ավելի մեծ ծավալների սպասարկմանը, նաև մի շարք նոր ծրագրեր են ներդրվել: Դրանցից մեկը աորտայի շերտազատման ծրագիրն է, որը կյանք փրկող եւ բավականին թանկարժեք ծառայություն է:

Ձմեռային զորակոչին պատրաստվող տղաների ծնողներից շատ են ահազանգերը առողջական խնդիրների և դրանց ախտորոշման հակասությունների վերաբերյալ։ Ծնողներն ասում են, որ հաճախ զինակոչիկը որևէ հիվանդության մեծ պատմություն ունի, սեփական  միջոցներով իրականացված հետազոտությունները հաստատում են խնդիրը, սակայն պաշտպանության նախարարության ուղղորդած կլինիկայում հիվանդությունը հերքվում է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցնում է կառավարության համապատասխան որոշումները, որոնցով սահմանվում է հիվանդությունների ցանկը։ Նախարարն ասում է՝ բժշկական հանձնաժողովներն առաջնորդվում են զորակոչիկի ներկայացրած հետազոտությունների և պետության պատվերով իրականացված փորձաքննությունների արդյունքներով։ Դրանց համադրությամբ  են որոշում՝ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ։

«Բոլոր բողոքների հետ պետք է առանձին դեպքերով հասկանալ՝ արդյոք կա՞ խնդիր, որտե՞ղ է խնդիրը։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր բժշկական հանձնաժողովներն էլ շատ մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացնում,  որպեսզի վստահ լինեն, որ անձը ճիշտ է փորձաքննվել ։ Ոչ մեկ չի ուզում, որ հետո խնդիրներ առաջանան, երբ մարդն արդեն զորակոչվում է բանակ»։

Դժգոհություններ կան նաև մինչև տարվա ավարտը պետպատվերով մատուցվող ծառայությունների հասանելի չլինելու մասին։ Տարվա երկրորդ եռամսյակից քաղաքացիները դիմում են այս կամ այն ծառայությունը ստանալու համար և բուժկենտրոնից ստանում պատասխան, որ պետպատվերով դրանց սպասարկումն իրականցնելու համար պետք է սպասել։ Նախարարը հստակեցնում է՝  2024-ին միայն դժվարամատչելի հետազոտությունների դեպքում են եղել  մինչև երկու ամիս սպասելու դեպքեր։

«Սա նշանակում է, որ մենք մեր խոստումը, որ քաղաքացին իր կարիքին համապատասխան անհետաձգելի բուժօգնությունը ստանում է նույն րոպեին, երբ անհրաժեշտ է, կատարել ենք։ Պլանային բուժօգնությունը քաղաքցիները ստանում են հերթագրման սկզբունքով։ Այդ հերթերն էլ այնպես են կառավարվում, ֆինանսական միջոցներն այնպես են ուղղվում, որ քաղաքացին երկար չսպասի։ Հերթեր չկան, ես նորից շեշտադրում եմ չկա։ Եթե մի փոքր հերթեր լինեն էլ, դա պլանային բուժօգնության դեպքում նորմալ է»։

Բուժկենտրոններն էլ դժգոհում են, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 16–ն ընկած ժամանակահատվածում մատուցած ծառայությունների համար պետությունը չի մարել իր պարտավորությունները։ Նախարարի պարզաբանմամբ՝  տարեկան ուսումնասիրությունների  ընթացքում պարզել են, որ բուժկենտրոնները միջին ցուցանիշից ավելի շատ ծառայություններ են մատուցել, ինչը, ըստ նախարարի նորմալ է, բայց պետք է համոզվել՝ արդյո՞ք հավելյալ ծառայություններն իսկապես մատուցված են։ Հարցի դրական պատասխանը ստանալու դեպքում ֆինանսավորում կլինի՝  ասում է Ավանեսյանը։

«Մենք դեռ ֆինանսավորումը չենք ավարտել, որ խոսենք պարտքերի մասին»։

Այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են հինգ տարին մեկ։ Սա, նախարարի կարծիքով,  տալու է հնարավորություն պարբերաբար հավաստիանալու, որ բժշկական կենտրոնը համապատասխանում է նոր պահանջներին:

«Սա մեզ տալու է հնարավորություն, որ անընդհատ այն պահանջները, որոնք որ փոխվում են, բժշկական կենտրոնը ժամանակ առ ժամանակ հավաստի, որ ինքը այդ պահանջներին համապատասխանում է»։

Հաջորդ քայլն, ըստ նախարարի,  լիցենզավորման կանոնների վերանայումն է թե վիրաբուժական, թե ամբուլատոր, թե կոսմետոլոգիական և այլ  ծառայությունների մասով: Լիցենզավորման պահանջների վերանայված փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ՝ ասում է նախարարը։ Դրանով պահանջները խստացվելու են և բարդացնելու այն կենտրոնների գործունեությունը, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում։   Սա կվերաբերի նաև անընդհատ ավելացող  կոսմետոլոգիական կենտրոններին։  Նախարարը հիշեցնում է այս ոլորտում կասեցված լիցենզիաները, բայց նաև նկատում՝ Հայաստանում կոսմետոլոգիական  և պլաստիկ վիրաբուժական ծառայությունները բավական զարգացած են, դրանք  նաև բժշկական տուրիզմի կարևոր ճյուղ են, այդ իսկ պատճառով նախարարության առաջնահերթությունների ցանկում են:

Կարդացեք նաև

Back to top button