ԿարևորՔաղաքական

Ժամանակավոր ղեկավար` սահմանափակ լիազորությամբ. Լյուդվիգ Գյուլնազարյանը վերադարձավ Փարաքարի ղեկավարի պաշտոնին

Արմավիրի Փարաքար համայնքը 2 ամիս դադարից հետո ղեկավար կունենա, բայց` ժամանակավոր։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններում վեց թեկնածուից առավելագույն թվով քվեներ է ստացել  համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը: Համայնքի ինը բնակավայրում նախնական ընտրությանը մասնակցել է 949 բնակիչ, որից 549 քվեն ստացել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Անցած տարվա նոյեմբերի 18-ից  Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է: Համայնքի նախկին ղեկավար Լյուգվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր տվել կեսգիշերն անց մի վիճաբանության ներկա լինելու պատճառով. այդ միջադեպն ավարտվել էր սպանությամբ: 

Համայնքի ավագանու` դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում 3 խմբակցությունները  համայնքի ղեկավարի թեկնածու չէին առաջադրել: Այս ու նման դեպքերում, ՏԻՄ օրենքի 69 հոդվածի 2-րդ կետի համաձայն, դադարեցվում են  ավագանու լիազորությունները: Մեկնաբանում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը.

«Միանշանակ պետք է (ավագանին`խմբ.) լուծարվի, քանի որ օրենքը հստակ ամրագրում է՝ եթե երկու շաբաթվա ընթացքում ավագանին համայնքի ղեկավար չի ընտրում,  ապա կազմվում է արձանագրություն, որն ուղարկվում է կառավարություն: Կառավարության նիստով պետք է ավագանու լիազորությունները դադարեցվեն»:

Գրեթե մեկ ամիս է անցել, սակայն Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները դեռ չեն դադարել:  Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ հիմա այդ գործընթացն է իրականացվում: Մինչև ավագանու լիազորությունների կասեցումը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնեց Փարաքար համայնքի ղեկավարի նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ` պարզելու, թե համայնքի բնակիչները համայնքի ղեկավարի պաշտոնակատարի  թեկնածուներից ում են նախապատվություն տալիս: Փրայմըրիզն անցկացվում էր 6 թեկնածուի միջև, որոնք, ըստ վարչապետի, պետք է լինեն կամ ՔՊ կուսակցության անդամ, կա՛մ կուսակցության համախոհ, կա՛մ համակիր և առնվազն 6 ամիս հաշվառված լինեն Փարաքար համայնքում:

Համայնքի ղեկավարումը ստանձնելուն հավակնող 6 թեկնածուներն էլ Փարաքար համայնքից էին: Փրամըրիզի նպատակով ստեղծված շրջիկ խմբերը վիճակահանությամբ այցելել են Փարաքարի 9 բնակավայրի տարբեր հասցեներ եւ տուն առ տուն անցկացրել քվեարկություն, որին մասնակցել է 949 ընտրող: Հունվարի 13-ի ուշ երեկոյան արդեն հայտնի էր թեկնածուներին տրված ձայներով որոշված արդյունքը.

«Ամփոփելով Փարաքար համայնքում նախնական քվեարկության արդյունքները` կնշեմ թեկնածուների օգտին տրված ձայների թիվը` ըստ հերթականության. Առաքելյան Արփինե՝ 89 քվե, Երեմյան Կարեն՝ 29, Հարությունյան Մհեր՝ 30, Գյուլնազարյան Լյուդվիգ՝ 594, Մնացականյան Արման՝ 27 և Սարիբեկյան Գոռ՝ 180 քվե: Այսպիսով,1-ին տեղում է Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ 594 ձայնով»:

Նախնական ընտրություններին մասնակցել է Փարաքար համայնքի ընտրողների ընդհանուր թվի մոտ 5 տոկոսը, ստացված  արդյունքներով`համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվելու է Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ըստ վարչապետի` ավագանու արտահերթ ընտրություններում  հնարավոր է հենց այս թեկնածուն գլխավորի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը:

Լյուդվիգ Գյուլնազարյանը նախորդ ընտրություններում էլ էր գլխավորում ՔՊ կուսակցության ընտրացուցակը:

Համայնքի ղեկավար չունենալու պատճառով արդեն 2 ամսից ի վեր խաթարված էր Փարաքարի ՏԻՄ գործունեությունը, համայնքն անգամ չունի 2025թ հաստատված բյուջե:

Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» ասում է, որ մինչև նոր ընտությունների անցկացումն ու ավագանու կազմավորումը համայնքապետարանը շարունակելու է առաջնորդվել  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  բյուջեի համամասնությամբ:

«Տարբեր պատճառներով այդպիսի դեպքեր ունեցել ենք, եթե համայնքի ավագանին չի հաստատում բյուջեն, ապա նախորդ տարվա համամասնություններով շարունակում են ֆինանսավորվել: Այսինքն՝ նախորդ տարվա հունվար ամսին բյուջեով ինչքան գումար է ծախսվել տարբեր ուղղություններով, նույն ձևով կշարունակվի 2025թ հունվար, փետրվար ամիսներին»:

Լյուդվիգ Գյուլնազարյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո ստանձնելու է լիազորությունները, սակայն որոշակի վերապահումներով: Գոռ Հովհաննիսյան.

«Պաշտոնակատարը չի կարող, նրան իրավունք չի տրվում կառուցվածքային փոփոխություններ անել, աշխատակիցների ազատել ու ընդունել, եթե, իհարկե, ազատման դիմում չեն ներկայացնում: Պաշտոնակատարը կունենա համայնքի ղեկավարի բոլոր լիազորությունները, կաշխատի մինչև ավագանու արտահերթ ընտրություններ»:

Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը նախատեսվում է մարտի վերջին:

Կարդացեք նաև

Back to top button