
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, կառավարիչ Հայկ Վարդանյանը գործունեության 17 տարիների ընթացքում իր կառավարչական փորձառությունը մշտապես ծառայեցրել է նաև Հայաստանի մշակութային կազմակերպություններին՝ Կոմիտասի անվան ազգային քառյակ, Նարեկացի Արվեստի Միություն, Նարեկացի նվագախումբ, ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիա, Կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամ:
Իբրև օպերային երգիչ, տենոր, 2021 թվականից ի վեր ինը խոշոր դերերգային դեբյուտներ է ունեցել Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում (Աիդա, Տուրանդոտ, Կարմեն օպերաներում), Իտալիայում (Տոսկա, Ռիգոլետտո, Գեղջկական պատիվ, Տրավիատա, Կախարդուհիները օպերաներում), Շվեյցարիայում (Բոհեմ օպերայում):
2024 թվականի սեպտեմբերից համագործակցում է Պուչինիի փառատոնի հետ:
Համագործակցել է դիրիժորներ Հիրոֆումի Յոշիդայի, Ջուզեպպե Ֆամուլարոյի, Սիլվիա Գասպերինիի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի, ռեժիսորներ Մարիո Կորադիի, Ֆիլիպպո Ռոտոնդոյի, Վյաչեսլավ Ստարոդուբցևի, Արմեն Մելիքսեթյանի և Իգոր Պիզոնի հետ:
Համերգային ելույթներով հանդես է եկել Իտալիայի տասնյակից ավելի քաղաքներում, այդ թվում՝ Վիջեվանո և Մասսա քաղաքների օպերային թատրոններում, Խորվաթիայի երաժշտական ակադեմիայում, Բուլղարիայում, Վրաստանում: Հաճախ մենահամերգներով հանդես է գալիս Երևանում և Հայաստանի մարզերում:
2024 թվականի ընթացքում Ջակոմո Պուչինիին նվիրված համերգներով և դերերգային դեբյուտներով հանդես է եկել Հայաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Իտալիայում` Պիկկոլո օպերային փառատոն, Գորիցիա, Ռոբերտոյի դերերգը «Կախարդուհիները» օպերայում, դիրիժոր Հիրոֆումի Յոշիդա, Պուչինի փառատոնի նվագախմբի հետ Մասսայի Գուլիելմի թատրոնի թատերաշրջանի բացում, Կապրի կղզու պատմական Սան Միկելե վիլլայում Կավարադոսսիի դերերգը «Տոսկա» օպերայում, շվեյցարական Սամեդան քաղաքում Ռուդոլֆի դերերգը «Բոհեմ» օպերայում, համերգներ Միլանում, Պավիայում, Մաջենտայում, Սլիվենում, Վիջեվանոյի օպերային թատրոնում և այլն։
Կոմիտասի 155-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, Խորվաթիայում (Զագրեբի երաժշտական ակադեմիայում) դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանի հետ։
Նեապոլում և Կապրի կղզում երկու այլ դերերգային դեբյուտներ` Տուրիդդուի դերերգը Մասկանիի «Գեղջկական պատիվ» և Դքսի դերերգը Վերդիի «Ռիգոլետտո» օպերաներում, որոնք բեմ է հանելու նաև 2025-ին։
Տարվա եզրափակիչ համերգը դիրիժոր և դաշնակահար Ջուզեպպե Ֆամուլարոյի և սոպրանո Հեղինե Խաչատրյանի հետ համատեղ գերմանական լիդերի (երգերի) համերգն էր Շվեյցարիայի Ռիվա Սան Վիտալե քաղաքի 16-րդ դարասկզբի պալատում։ Ծրագրում ներառված էին Բեթհովենի, Շուբերտի, Ռիխարդ Շտրաուսի և Հուգո Վոլֆի ստեղծագործությունները։
Կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի համատեղ ջանքերով «ԹՈՒՄՈ Գյումրի»-ում դեկտեմբեր ամսին երկու օպերա բեմադրվեց` Պուչինիի «Ջաննի Սկիկի»-ն և Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»: Հիմնադրամի կողմից հրավիրվել էր իտալացի օպերային ռեժիսոր Ֆիլիպպո Ռոտոնդոն։ Գլխավոր նպատակն է նաև Գյումրիում օպերային ստուդիա կայացնելը` ամեն տարի ուսանողների մասնակցությամբ առնվազն մեկ օպերային ներկայացում կազմակերպելով։




