
2024 թվականին կատարված աշխատանքներն է այսօր ամփոփել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 2023-ի համեմատ 100-ով ավելացած շուրջ 400 ստուգումներով և վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է շրջակա միջավայրին և պետությանը պատճառված 8 մլրդ 821 մլն դրամի վնաս։ Առավել մեծաթիվ են խախտումներն օդի աղտոտման առումով։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ զրուցակիցս պատմում է, որ իրենց շենքից 100-1500 մետր հեռավորության վրա ակտիվ շինարարություն է։ Առաջին հայացքից տարածությունը բավականին մեծ է թվում, սակայն տան ամենօրյա մաքրությունից ու փոշոտ վիճակից տիկին Արփին տպավորություն ունի, թե շինարարությունը հենց իրենց տանն է իրականացվում։
«Առավոտյան մաքրում ես տունը, երեկոյան նույն պատկերն է։ Ամբողջ հատակը՝ ավազ, իսկ կահույքը՝ փոշի։ Մենք էկոլոգիական աղետի առջև ենք կանգնած, որովհետև չգիտենք ինչ ենք շնչում։ Եվ դա երեխաների պարագայում հատկապես վտանգավոր է»։
Շվեյցարական IQAir հետազոտական կազմակերպության՝ օդի որակի մասին դեռ 2023-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում ընդամենը տասը երկրի տարածքում է օդն աղտոտող PM2.5 մասնիկների քանակը համապատասխանում առողջապահական համաշխարհային չափանիշերին: Զեկույցում նշվել էր, որ Երևանում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Գնահատվել էր, որ տարածաշրջանում Երևանն օդի աղտոտվածության մակարդակով առաջին հորիզոնականներում է։
Որ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցում է սահմանված չափանիշները՝ փաստում է նաև քաղաքապետարանի չափումների օնլայն քարտեզը: Ըստ այդմ՝ օդը մաքուր է դիտարկվող 15 կետերից ընդամենը մեկում, քանի որ միայն այստեղ է կանաչ նշված․ մյուս հատվածները նշվում են նարնջագույն, դեղին, կարմիր կետերով, ինչը նշանակում է օդի այս կամ այն չափով աղտոտվածություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում 2024-ին արձանագրել է 2 .3 մլրդ դրամի խախտում։ Օդի աղտոտման ամենամեծ պատասխանատվությունն ու խախտումները հանքարդյունաբերական կազմակերպություններին են։
Տարվա ընթացքում տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է եղել շինհրապարակներում փոշու արտանետումների կանխարգելումը։ 2024-ին Երևանի շինարարական կազմակերպություններում իրականացվել է 52 ստուգում։ Կատարվել է նաև օդի նմուշառման 86 լաբորատոր հետազոտություն, որից 22-ի դեպքում արձանագրվել են նորմայի գերազանցումներ։ Շինհրապարակներում խախտումները նաև այլ բնույթի են, մասնավորապես, նախորդ տարի գրանցվել է տրանսպորտային միջոցներով շինանյութերի խախտումներով տեղափոխման 51 դեպք։
«Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրում ենք դեպքը, կրկնակիություն այլևս չենք ունենում։ Մենք արձանագրել ենք, որ մեկ վարորդին երկրորդ անգամ չենք տուգանել»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը շեշտում է, որ միայն հանքարդյունաբերությունն ու շինհրապարակները չեն․ համայնքային ոչ բարվոք ճանապարհներից մինչև ավտոմեքենաների արտանետումներ՝ հանգեցնում են խնդրի սրմանը։
Կլիմայի փոփոխության և մթնոլորտի պահպանության փորձագետ Մարտիրոս Ծառուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ Երևանում օդի հիմնական աղտոտիչը փոշին է։ Դա, ասում է, միշտ է եղել Երևանի խնդիրը, իսկ այժմ այն ավելի մտահոգիչ պատկեր է գրանցվում հախուռն շինարարության բերումով։ Երևանն, ըստ բնապահպանի, դարձել է մի մեծ շինհրապարակ, որտեղ կանոնների պահպանմանը նայում են մատների արանքով։
«Մեքենաները, որոնք տեղափոխում են այնպիսի նյութեր, որոնցից ընթացքի ժամանակ փոշի է բարձրանում, պետք է ծածկվեն։ Դուք ինքներդ տեսած կլինեք՝ ինչով են ծածկվում։ Շատ հաճախ ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն է ունենում։ Մի հատ ինչ-որ փալասի կտոր են գցում բեռնատարի վրա, որի տակից քամին մտնում է, հետևից դուրս գալիս՝ այդպես ավելի ուժեղացնելով քամու հոսքը և բարձրացնելով փոշին»։
Շինարարության ընթացքում խախտումների օրինակները շատ են, մասնագետը մատնանշում է, մասնավորապես, շենքերի կառուցման ընթացքում փոշու տարածումը կանխելու համար պահանջվող ցանցերի ու քաղաքը մաքրող փոշեկուլների ոչ պատշաճ կիրառումը։
«Մոնթե Մելքոնյան փողոցով գիշերվա ժամը 12:30 տեսա սև փոշու ամպ։ Այդպիսի ծուխ չէի տեսել։ Մոտեցա՝ տեսնեմ մաքրող մեքենաներ կան, չէ, բեռնատար, որոնք որպես փոշեկուլ են աշխատում։ Ուրեմն՝ այդ մեքենաները ֆիլտր չունեն, և փոշին ներքևից վերցնում են ու վերևից բաց թողնում։ Հակառակ արդյունքն է ունենում»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը վստահեցնում է՝ եկող տարի վերահսկողական աշխատանքների «խոշորացույցի» տակ են շարունակելու պահել արձանագրված խախտումները․ թիրախում առավելապես օդի աղտոտման խախտումներ թույլ տվող կազմակերպություններն են լինելու։
Այս տարի նախանշվող աշխատանքների ցանկում են նաեւ աշխատակիցների մասնագիտական կրթության մակարդակի բարձրացումը, աշխատանքներ են տանելու անտառներում կենսաբազմազանության պահպանության վերահսկման ուղղությամբ։




