
Մենք առիթներ ունեցել ենք անդրադառնալու Գարեգին Առաքելյանի գործունեությանը՝ կապված «Գաթա» ֆոլկ խմբի գործունեության հետ։
Այս անգամ անդրադառնալու ենք նրա ոչ միայն կատարողական արվեստին, այլև ստեղծագործությանը։
«Ինձ համար երկուսն էլ անբաժանելի են, քանի որ երիտասարդական տարիքից երգելուն զուգահեռ հետաքրքրվում էի համակարգչային տեխնոլոգիաներով, զբաղվում էի գործիքավորումներով և սովորում նոր գործիքներ նվագել», — ասում է հաղորդման հյուրը։
Այսօր նա ոչ միայն տիրապետում է բազմաթիվ դասական նվագարանների, այլև ավանդական հայկական, արևելյան և նույնիսկ սկանդինավյան լարային, փողային և կսմիթային գործիքների, օրինակ՝ կելտական տավղին։
Ծնվել է 1984թ. մարտի 23-ին, Ջերմուկ քաղաքում։ Սովորել է Ջերմուկի միջնակարգ դպրոցում և միաժամանակ արվեստի 7-ամյա դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժնում:
1997թ. տեղափոխվել է Երևան, 2000թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության և երգեհոնի բաժինները: Վոկալ ուսանել է Արզաս Ոսկանյանի, և երգեհոն՝ Վահագն Ստամբոլցյանի մոտ:
2003թ. Անդրանիկ Մանուկյանի հետ հիմնադրել է «Սասնո տուն» ձայնագրման ստուդիան և գրել «Ափոն կանչեց» ֆիլմի երաժշտությունը: 2006թ. իր գործիքավորմամբ իրականացրել է «Հայոց Աշխարհիկ» խորագրով համատեղ մենահամերգ` Անդրանիկ Մանուկյանի հետ, որտեղ ներառված էին հատընտիր ֆոլկ երաժշտության ու տաղերի յուրահատուկ նմուշներ:
2006թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է Երևանի Սպայի տանը: Լինելով «Զորական» համույթի գործիքավորողը, այդ ընթացքում հասցրել է մշակել ավելի քան 1000 երգ։
2008թ. հիմնել է «Գաթա բենդ» համույթը, եղել է «Լիլի», Նորայր Քարտաշյանի «Ծառաստան» ձայնասկավառակների համահեղինակ:
2009թ. աշխատել է Նորայր Քարտաշյանի «Վան» նախագծում՝ որպես երգիչ ու գործիքավորող: Խմբի հետ համերգներ է ունեցել Արևմտյան Հայաստանի` այժմյան Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում:
2010թ. հեղինակել է «Տեր ողորմյա» ֆիլմի երաժշտությունը: Նույն թվականին Քալան Մյուզիք ձայնագրման ստուդիայի հրավերով մասնակցել է «Երգարան» նախագծին` ձայնագրել ու գործիքավորել է 2 կոմիտասյան վերծանված երգեր: Նույն թվականից ուումնասիրել է հայկական բոլոր նվագարանները:
2012թ. «Գաթա բենդ»-ով մասնակցել է «Ծովից ծով» միջազգային փառատոնին՝ որպես հատուկ հյուր: 2013թ. ձայնագրել է Գաթայի առաջին «Տոտիկ» ձայնասկավառակը: 2013-2018 թվականներին եղել է Հայաստանի Թ․Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի արտիստ, մասնակցել անսամբլի հին գործիքավորումների վերականգմանը, վերծանմանը:
2014թ. գրել է «Պարսկական Ծիրանի Կորիզներ» ֆիլմի երաժշտությունը: 2017թ. Գրեմմիի մրցանակակիր երգչուհի Ջոսս Սթոունի հետ թողարկել է «Դոնե յար» տեսահոլովակը: Համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ՝ Գևորգ Դաբաղյան, Գուրգեն Դաբաղյան, Ներսիկ Իսպիրյան, Արաբո Իսպիրյան, Արսեն Գրիգորյան, Արփի, Սևակ Ամրոյան և այլք:
Գործիքավորել է Արփիի «Մախմուր աղջիկ», «Զեփյուռ կդառնամ» և այլ երգեր: 2019թ. «Գաթա բենդ»-ի կազմով մենահամերգով ելույթ է ունեցել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2020թ. ձայնագրել է «Գաթա բենդ»-ի 2-րդ ձայնասկավառակը` «Ցորեն գարի» անվանմամբ: 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ալթունյան» պետական անսամբլում որպես գործիքավորող, 2023թ-ից՝ որպես երաժշտական ղեկավար, 2024թ-ից՝ որպես ստեղծագործական խմբի ղեկավար:
2022թ. որպես երկրորդ կոմպոզիտոր մասնակցել է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ստեղծմանը: Հեղինակել է մի շարք միջոցառումների երաժշտություն՝ Ֆրանկոֆոնիայի բացում, «Անահիտ» մրցանակաբաշխություն (2022թ․), Երևանում կայացած ծանրամարտի առաջնության բացում (2023թ.) և այլն: 2024թ․ «Ալթունյան» անսամբլի հետ հյուրախաղերով շուրջ մեկ ամիս հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։




