
100 րոպե պահանջվեց Հայաստանի ամենաերկար անունն ու ամենամեծ թվով շահառուներն ունեցող նախարարությունը համակարգողից՝ 2024-ին կատարածն ամփոփելու համար։ «Ռադիոլուրն» առանձնացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամփոփիչ ասուլիսում հնչած հիմնական մտքերը տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների մասին։
ԿԳՄՍ-կրթություն
ֆունկցիոնալ գրագիտության ցուցանիշը բարելավվել է, ու սա ամենակարևոր ուղղություններից մեկն է, որի շուրջ աշխատել է նախարարությունը՝ ասում է Ժաննա Անդրեասյանը։ Կրթության տեսչական մարմինը պարզել է, որ անգրագետ երեխաների թիվը նվազել է 20 տոկոսով։ Երեխաների կեսից ավելին 64.3 տոկոսից բարձր արդյունք է ապահովել, ինչը նշանակում է, որ ճիշտ է պատասխանել առաջարկվող 14 հարցերից առնվազն 9-ին։ Հանրակրթության ոլորտի արդյունքները նախարարը պայմանավորում է երկու հիմնական գործոնով՝ նոր չափորոշիչների արդյունավետ գործարկում և ուսուցիչների ֆինանսական խրախուսման համակարգերի ներդրում․
«Մենք ունենք 5 տարբեր ծրագրեր, բացի դպրոցների պահպանման ստանդարտ ծախսերից, և ավելի քան 8.8 միլիարդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը։ Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն, ինչը կազմում է ուսուցիչների շուրջ 20 տոկոսը։ Ամբողջությամբ նոր համակարգ մշակվեց, ու ուսուցիչներն այս տարի առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ատեստավորման մասնակցեցին։ Բավական լավ մասնակցություն ենք ունեցել, 80 տոկոսը դիմած ուսուցիչների մասնակցել են՝ շուրջ 5000 ուսուցիչ և նրանց ավելի քան 70 տոկոսը հաջողությամբ է հաղթահարել ատեստավորումը»։
Ուսուցիչներին խրախուսելու մյուս ծրագրերը վերաբերում են, օրինակ, մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների այն ուսուցիչներին, որոնք մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունեն, բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին և այլն։
Կրթության ոլորտում տարվա ընթացքում քննարկումները բազմազան էին՝ «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի ներկայացում, բուհերի միավորում, Ակադեմիական քաղաքի շուրջ զարգացումներ, պահանջարկ չունեցող կրթական ծրագրերի դիմող ուսանողների համար ամսական մինչև 70 000 դրամ կրթաթոշակ և այլն։
Կարդացեք նաև
- Հրաժարում փոքրից․ որ դեպքում բուհերը կշարունակեն գործել
- Չքաղաքականացնե՛լ բուհերը․ նոր օրենքը սահմանափակո՞ւմ, թե՞ ընդլայնում է ազատությունը
ԿԳՄՍ-գիտություն
Գիտության ոլորտին անդրադառնալիս նախարարը կրկին նշում է ֆինասնավորման դերը․ 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն աճել է 2.8 անգամ՝ ավելի քան 40 միլիարդ դրամով։ Սա, ասում է, ուղիղ ազդեցություն է ունեցել գիտության որակի վրա․ «Հորիզոն Եվրոպա» հարթակում Հայաստանի հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ է՝ 144 հայտ, դրանց համար տրամադրվող ֆինասնավորումը ևս աճել է։ Բայց որքանո՞վ է գիտությունը սպասարկում պետության կարիքները․
«2024-ին նոր ծրագիր ենք ներդրել, որը հենց պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացմանն է ուղղված, և այստեղ մշակվել է մեխանիզմը, պետական գերատեսչությունների հետ տարվել են աշխատանքներ, ավելի քան 60 նմանատիպ խնդիրներ են ի հայտ բերվել, որոնք հետագա ֆինանսավորման համար անցնում են համապատասխան մրցութային գործընթաց»։
Տարվա ընթացքում գիտությունը քննարկման առարկա էր նույն Բարձրագույն կրթության ու գիտության օրենքի շրջանակում, որն ամբողջովին վերանայում է ոլորտն ու դրա կառավարման կարգը։ Նախարարությունն ավելի քան 250 էջ դիտարկումներ է ստացել նախագծի շուրջ և պատրաստվում է նոր հանրային լսումներ իրականացնել՝ ասում է նախարարը։
Կարդացեք նաև
- Գիտությունը՝ պետության մենաշնո՞րհ․ նոր օրենքն ու ակադեմիական ազատությունը
- ԳԱԱ ինստիտուտները «կգնան» բուհեր․ գործադիրը որոշումը գիտության փրկություն, Ակադեմիան կազմաքանդում է համարում
ԿԳՄՍ-մշակույթ
Տարին ուղղված էր նաև մշակութային կրթությանը՝ ընդգծում է Անդրեասյանը, կարևորելով հատկապես դպրոցականների՝ թատրոն ու թանգարան այցելելու ցուցանիշների աճը․
«Ապահովեցինք շուրջ 300 000 դպրոցականների համար թանգարաններ ու թատրոններ այցելությունը բաժանորդային ծրագրով, ինչը ավելի քան 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և ընդհանուր առմամբ մեր դպրոցականների 70 տոկոսն է կազմում»։
Մշակութային կյանքն առանձնացել է թատրոնների ֆինանսավորման նոր մոդելի կիրառմամբ, որը թատրոններին ինքնուրույն ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու հնարավորություն է տվել, «Գոյ» թատրոնի շուրջ ծավալվող վեճերով, որոնք այդպես էլ վերջնական եզրահանգման չեկան։ 29 տարի դադարից հետո հայկական նոր հուշարձան է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, Գրքի փառատոն 30 000 մարդ է այցելել, վաճառվել է 12 000 գիրք։
ԿԳՄՍ—սպորտ
Սպորտային 2024-ն ավարտվեց ակնկալվողից քիչ, բայց շնորհակալ լինելու համար՝ բավարար օլիմպիական մեդալներով՝ ասում է նախարարը։ Փարիզից մարզիկները 4 մեդալ բերեցին։ Տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 384 մեդալ է նվաճվել։ Ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանը հրաժարական է տվել, ըստ նախարարի՝ առանց սկանդալների։
***
Ամենաերկար անունով ու շահառուների ամենամեծ թվով նախարարությունը տարվա ընթացքում հանրային ուշադրության կենտրոնում մնաց այլ հարցերով ևս։ Դրանցից մի քանիսի պատասխանները՝ հաջորդիվ․ Սնուփ Դոգի համերգը տեղի չի ունենա։ Ամբողջ տարին բանակցություններ են ընթացել են, սակայն պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։ Նախարարությունը դիմել է համերգը կազմակերպող ընկերությանը՝ ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու ակնկալիքով։
Հիսուսի արձանը կտեղադրվի․ որտեղ՝ նախարարը չգիտի, բայց հաստատ ոչ Հատիս լեռան հնագիտական հուշարձանի տարածքում՝ ասում է։




